Առողջական խնդիրներ
Նարցիսային անձնային խանգարում

1 րոպե
Նարցիսային անձնային խանգարում ունեցող մարդը գերկենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա և անտեսում է այս պահվածքի՝ իր և այլոց վրա զգացումների վրա խաթարող ազդեցությունը։
Այս անձնային խանգարումն ունի աշխարհի բնակչության մոտ 1%-ը, ընդ որում՝ առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Անձնային խանգարումները հիվանդությունների մի խումբ է, որոնք ազդում են մարդկանց մտածողության, վարքագծերի և հույզերի վրա և երկարատև բացասական հետևանքներ թողնում նրանց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
Հիվանդությունը հավանաբար զարգանում է տարբեր գործոնների խառը փոխազդեցությունից՝ մանկական տարիքի, գենետիկ և հոգեբանական:
Նարցիսային անձնային խանգարումը, բերելով մարդու սեփական կարևորության չափազանցված զգացումների, ի վերջո հանգեցնում է սոցիալական կապերի խզման, փոխհարաբերությունների խաթարման և հասարակությունից մեկուսացման: Հիվանդությունն ի հայտ է գալիս վաղ չափահաս տարիքում որպես վերամբարձություն իրենց համոզմունքներում և պահվածքում (բոլորին նայում են «վերևից»), մեծամտություն և ինքնահավանություն։ Այս մարդկանց հատուկ է նաև ամեն ինչում առավելագույնին ձգտելը և միայն իրենց իսկ ընտրած կյանքի ոճով շարժվելը՝ մերժելով իրենց ուղղված որևէ քննադատություն կամ մերժում: Նրանց հատուկ չէ խղճի խայթը, շնորհակալության զգացումը, զղջումը, սեփական սխալներն ընդունելը: Անձնային այս խանգարմամբ մարդիկ սեփական հույզերը ժխտելով՝ անտեսում են ուրիշների հույզերը:
Նարցիսային անձնային խանգարման այսպիսի բնույթը դժվարացնում է հասկանալ, որ նման մարդն իրականում հոգեկան առողջության խնդիր ունի, այլ ոչ թե զուտ «վատ կամ անտանելի» բնավորություն: Այնուամենայնիվ, ուշադրության չարժանացնելու դեպքում հիվանդությունը կարող է խաթարել տվյալ մարդու աշխատանքը, մարդկանց հետ փոխհարաբերությունները և ընտանեկան կյանքը:
Հիվանդության ախտորոշումը հոգեկան առողջության ոլորտի մասնագետից որոշակի ժամանակ է պահանջում: Հիվանդությունը բացահայտելիս կարևոր դեր ունի միջանձնային փոխհարաբերությունների մանրակրկիտ գնահատումը:
Հոգեթերապիան (փսիխոթերապիա) կարող է նարցիսային անձնային խանգարմամբ մարդուն օգնել, որպեսզի ինքն իրեն ավելի լավ ճանաչի և այլ մարդկանց հետ փոխհարաբերվի ավելի դրական հույզերով և պահվածքով: Աջակցության և բուժման պայմաններում կարող է զգալիորեն բարելավվել նաև հիվանդի՝ որպես հասարակության անդամի գործունեությունը և ընտանեկան կյանքը:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2020 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Անձնային խանգարումներ
- Սահմանային անձնային խանգարում
- Հակասոցիալական անձնային խանգարում (սոցիոպաթիա)
- Հիսթերիկ անձնային խանգարում
- Խուսափող (տագնապային) անձնային խանգարում
- Նարցիստիկ անձնային խանգարում. ախտանիշներ
- Նարցիստիկ անձնային խանգարում. պատճառներ
- Նարցիստիկ անձնային խանգարում. ախտորոշում
- Նարցիստիկ անձնային խանգարում. բուժում