Յուրաքանչյուր մարդու մոտ ժամանակ առ ժամանակ կարող է դիտվել նարցիզմի դրսևորում, երբ մենք զգում ենք մեր կարևորությունը, անտեսում ենք այլոց խնդիրները կամ երբ դառնում ենք եսասեր, ագրեսիվ կամ այլոց նկատմամբ անզգացմունքային:
Ծայրահեղ դեպքերում մարդիկ կարող են ունենալ անձի նարցիստիկ տիպ, որը նշանակում է, որ նրանք կարող են զգալ չափազանցեցված ինքնակարևորություն, սակայն դրսևորեն նորմալ վարքագիծ:
Նարցիստիկ անձնային խանգարումը հազվադեպ հանդիպող հոգեկան հիվանդություն է, որն ազդում է մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա, քանի որ ախտանիշներն առկա են ինչպես աշխատանքի ժամերին, այնպես էլ տանը: Ընտանիքի անդամների կամ շրջապատի մարդկանց համար դժվար է մշտապես համակերպվել նարցիստիկ անձնային խանգարում ունեցող մարդու դրսևորած պահվածքին, որի արդյունքում հիվանդ մարդը կարող է աստիճանաբար հասարակությունից օտարվել և մեկուսանալ:
Իրականում, նարցիստիկ անձնային խանգարմամբ մարդու մտածողությունը, հույզերն ու վարքագծերը խորը խանգարված են, սակայն հիվանդության ախտորոշումը պահանջում է ախտանիշների երկարատև դիտարկում: Հիվանդությունը և նորմալ նարցիսիզմը միմյանցից տարբերվում են նաև այն հանգամանքով, որ հիվանդությունը չի փոփոխվում ժամանակի ընթացքում, չի զարգանում որևէ այլ հիվանդության պատճառով կամ թմրամիջոցների ազդեցությամբ և բերում է բոլոր ոլորտներում մարդու գործունեության կոպիտ խաթարման:
Նարցիստիկ անձնային խանգարմամբ մարդիկ բնութագրվում են իրենց մասին գերբարձր կարծիքով և սեփական կարևորության չափազանցված զգացումներով: Կարևոր նշաններից են նաև՝
- իրենց դիրքի, ուժի, ազդեցության, գրավչության և հաջողությունների վերաբերյալ գերգնահատված (ֆանտաստիկ) պատկերացումներ
- սեփական հաջողությունների, ձեռքբերումների, ընդունակությունների և տաղանդների չափազանցեցում
- բարձրաշխարհիկության զգացում և վերամբարձություն իրենց համոզմունքներում և պահվածքում, երբ բոլորի մնացած մարդկանց նայում են «վերևից»
- մեծամտություն և ինքնահավանություն
- շրջապատող աշխարհն ընկալում են դասակարգված և սևեռված են բարձր դասի կամ կարգավիճակի վրա
- հավատացած են, որ մյուս մարդիկ մշտապես նախանձում են իրենց
- խիստ հպարտ են իրենց երեխաների կամ ընտանիքի հաջողություննեով կամ ձեռքբերումներով
- ուրիշներից ակնկալում են իրենց անձի նկատմամբ հպարտության զգացումներ և իրենց հաջողությունների և ձեռքբերումների ընդունում
- իրենց առջև դնում են անիրականանալի նպատակներ:
Որպես ամեն ինչում առավելագույնին ձգտողներ, նարցիստիկ անձնային խանգարմամբ մարդիկ նաև գերզգայուն են քննադատության և մերժման նկատմամբ, թեև հեշտությամբ կարող են վիրավորել այլ մարդկանց: Նրանք չեն կարող ընդունել, որ ինչ-որ գործ արել են սխալ և կարող են խիստ զայրանալ, եթե նրանց հորդորները կամ հրահանգները չեն կատարվում այլ մարդկանց կողմից:
Այս հիվանդները նաև ունեն միջանձնային փոխհարաբերությունների խորը խնդիրներ, այդ թվում՝
- այլ մարդկանց լսելու անունակություն
- իրենց անձին կամ արարքներին ուղղված քննադատության և մերժման նկատմամբ գերզգայունություն և անհանդուրժողականություն
- այլ մարդկանց շահագործման ուղիների փնտրտուք և անխղճություն
- կարեկցանքի և ապրումակցության (էմպաթիա) բացակայություն
- փոխհարաբերություններն ամբողջապես վերահսկելու մեծ ցանկություն
- նախանձ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ըստ իրենց պատկերացման ունեն ավելի բարձր կարգավիճակ
- համոզվածություն, որ այլ մարդիկ նախանձում են իրենց
- շնորհակալության զգացման, զղջման կամ սեփական սխաներն ընդունելու անունակություն
- անհետաքրքրություն և ոչ բավարար ուշադրություն շրջապատող մարդկանց, նրանց կարիքների և ապրումների նկատմամբ
- հիվանդության դինամիկ զարգացման ընթացքում՝ մեկուսացման աճ և հարաբերությունների քանակի նվազում:
Նարցիստիկ անձնային խանգարմամբ մարդկանց մոտ բարձրանում է ապօրինի թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև հասարակությունից օտարման ռիսկը: Թեև բարձրաշխարհիկ «դեր» ունենալուն, նրանք կարող են լցվել խորը անապահովության զգացումներով:
Արդյունավետ բուժման շնորհիվ նարցիստիկ անձնային խանգարմամբ մարդիկ կարող են սովորել, թե ինչպես է կարելի փոփոխել բացասական վարքագծերը և մարդկանց հետ փոխհարաբերությունները դարձնել ավելի դրական:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2020
Վերջին վերանայում՝ 28-04-2024