Սրտխառնոց
13-04-2018
3 րոպե

Սրտխառնոցն այն զգացողությունն է, երբ ձեզ թվում է, որ շուտով կփսխեք։
Ի՞նչ է սրտխառնոցը
Սրտխառնոցը հիվանդություն չէ, այլ զգացողություն ներկայացնող ախտանիշ, որը սովորաբար ի հայտ է գալիս փսխումից առաջ (թեև պարտադիր չէ, որ սրտխառնոցին հետևի փսխումը)։
Երբ սրտխառնոցի զգացումը հանկարծակի սկսվում է սնունդ ընդունելուց անմիջապես հետո, սա կարող է լինել գաստրիտի (ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում), խոցի կամ շատակերության նշան։ Իսկ ուտելուց 1-8 ժամ կամ ավելի ուշ հետո առաջացած սրտխառնոցն ավելի շուտ վկայում է սննդային թունավորման մասին։
Բազմաթիվ հղի կանայք կարող են սրտխառնոցի զգացում նշել հղիության առաջին տրիմեստրում (հղիության առաջին 12 շաբաթ)։
Սրտխառնոցը կարող է ուղեկցել նաև տարբեր տեղակայման ուժեղ ցավերին, սկսվել գանգուղեղային տրավմայից կամ մեծ հուզական սթրեսից հետո։
Երբեմն սրտխառնոցը կարող է հանդես գալ որպես ավելի ծանր հիվանդության ախտանիշ (օրինակ՝ քաղցկեղի ժամանակ): Առանց ուշացնելու դիմեք բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ձեզ մոտ սրտխառնոցի նշաններն ուղեկցում են կրծքավանդակի շրջանի ցավերին, շփոթվածությանը, տենդին, պարանոցի կարկամվածությանը (պարանոցի մկանների ձգվածություն), տեսողության խանգարումներին, ստամոքսի շրջանի ուժեղ ցավերին կամ ուժեղ գլխացավերին:
Սրտխառնոց և փսխում
Հաճախ սրտխառնոցն ուղեկցվում է փսխման հետ կամ նախորդում է վերջինիս: Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր երեխան վերջին 24 ժամվա ընթացքում կրկնակի անգամ փսխել է կամ երբ դուք վերջին մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ անգամ փսխել եք:
Եթե առկա են փսխումներ, շատ կարևոր է, որ կանխվի օրգանիզմի ջրազրկման զարգացումը: Նման դեպքերում առաջին քայլը փոքր չափաբաժիններով, սակայն հաճախակի սովորական մաքուր ջուր խմելն է:
Սրտխառնոցի պատճառները
Երեխաների մոտ սովորաբար սրտխառնոց առաջանում է վիրուսային վարակների, սննդային թունավորման, ալերգիայի (օրինակ՝ կաթից) և բարձր ջերմության ժամանակ, երբեմն նաև՝ շատ քանակներով սնունդ ստանալիս կամ անդադար հազալիս:
Չափահասների մոտ սրտխառնոցի զգացումն ավելի հաճախ զարգանում է հետևյալ պատճառներից՝
- գաստորէնտերիտներ
- հղիություն
- միգրեն
- լաբիրինթիտ
- ծովային հիվանդություն
- որոշ դեղերի ընդունում
- ալկոհոլի մեծ քանակների ընդունում (ալկոհոլային թունավորում)
- աղիների անանցանելիություն (խցանում)
- քաղցկեղի դեմ բուժում
- լեղապարկի քարեր և բորբոքում (խոլեցիստիտ)։
Սրտխառնոցի բուժումը
Սրտխառնոց ունենալիս լավագույն քայլը ջրի կամ բուսական թեյի փոքր չափաբաժիններ ընդունելն է: Որոշ դեպքերում սառը ըմպելիքները, մաստակ ծամելը կամ մի փոքր չոր թխվածքաբլիթը կարող են մեղմացնել սրտխառնոցի նշանները:
Ձեր բժիշկը կարող է նշանակել որոշ դեղեր, այդ թվում՝ հակափսխեցուցիչներ:
Եթե հղի եք, պետք է ընտրել պտղին չվնասող միջոցներ:
Ինչպե՞ս կանխարգելել սրտխառնոցը
Եթե սրտխառնոցը հաճախ է անհանգստացնում, ճիշտ կլինի հեռու մնալ այնպիսի բաներից, որոնք կարող են առաջացնել այս զգացումը՝ սուր հոտեր, ճարպոտ, կծու և դժվարամարս սննդատեսակներ: Փորձեք սնունդ ընդունել այն դեպքում, երբ սրտխառնոցը մեղմացած է և ձեր ստամոքսը դատարկ մի պահեք (ոչ գրգռիչ սնունդն ընդունեք փոքր չափաբաժիններով):
Շատ կարևոր է, որ չդադարեցնեք ջուր և հեղուկներ ընդունելը, քանի որ ջրազրկումն ինքը կարող է առաջացնել սրտխառնոց: Ջուրը և սնունդն ընդունեք իրարից առանձին:
Ձեզ հանգիստ պահեք, խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և պառկած կամ նստած վիճակից կտրուկ ոտքի կանգնելուց:
Ավտոմեքենայում սրտխառնոցի զգացումը կանխարգելելու համար նստեք դեմքով մեքենայի շարժման ուղղությամբ և մի՛ փորձեք կարդալ, զբաղվել ձեր սմարթֆոնով կամ դուրս նայել:
Հոդվածը վերանայվել է՝ 14-04-2021