Նեֆրոտիկ համախտանիշը սովորաբար առաջանում է ձեր երիկամների մանր արյունատար անոթների խրձերի վնասման հետևանքով, որոնք կոչվում են կծիկներ (գլոմերուլներ):
Կծիկները քամազատում են ձեր արյունը, երբ այն անցնում է ձեր երիկամներով՝ առանձնացնելով ձեր օրգանիզմին անհրաժեշտ նյութերը նրանցից, որոնց կարիքը չունի: Առողջ կծիկները թույլ չեն տալիս, որ արյան սպիտակուցը (հիմնականում՝ ալբումինը) անցնի մեզի մեջ: Սպիտակուցն անհրաժեշտ է ձեր օրգանիզմում հեղուկի ճիշտ քանակություն պահպանելու համար: Վնասված կծիկները թույլ են տալիս, որ չափազանց մեծ քանակությամբ արյան սպիտակուցներ մեզով դուրս գան ձեր օրգանիզմից, ինչն էլ հանգեցնում է նեֆրոտիկ համախտանիշի:
Բազմաթիվ հնարավոր պատճառներ
Բազմաթիվ հիվանդություններ և վիճակներ կարող են վնասել երիկամային կծիկները և հանգեցնել նեֆրոտիկ համախտանիշի:
- Դիաբետիկ երիկամային հիվանդություն. շաքարային դիաբետը կարող է հանգեցնել երիկամների վնասման (դիաբետիկ նեֆրոպաթիա), որն ազդի կծիկների վրա:
- Նվազագույն փոփոխության հիվանդություն. սա երեխաների մոտ նեֆրոտիկ սինդրոմի ամենատարածված պատճառն է: Նվազագույն փոփոխություններով հիվանդությունը հանգեցնում է երիկամների գործառույթի խանգարման, սակայն, երբ երիկամի հյուսվածքը հետազոտվում է մանրադիտակի տակ, այն նորմալ կամ գրեթե նորմալ է թվում: Խանգարված գործառույթի պատճառը, որպես կանոն, չի հաջողվում որոշել:
- Ֆոկալ սեգմենտային գլոմերուլոսկլերոզ․ սա բնութագրվում է կծիկների սպիական փոփոխությամբ և կարող է զարգանալ մեկ այլ հիվանդության, գենետիկ արատի կամ որոշակի դեղամիջոցների օգտագործման պատճառով կամ զարգանալ առանց որևէ հայտնի պատճառի: Ֆոկալ սեգմենտային գլոմերուլոսկլերոզը չափահասների մոտ նեֆրոտիկ համախտանիշի ամենատարածված պատճառն է
- Թաղանթային (մեմբրանոզ) նեֆրոպաթիա (գլոմերուլյար նեֆրոպաթիա). երիկամային այս խանգարումը կծիկների ներսում թաղանթների հաստացման արդյունք է՝ պայմանավորված իմունային համակարգի կողմից առաջացած նստվածքներով: Այն կարող է կապված լինել այլ վիճակների հետ, ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը (լուպուս), հեպատիտ B-ն, մալարիան և քաղցկեղը կամ կարող է զարգանալ առանց որևէ հայտնի պատճառի:
- Համակարգային կարմիր գայլախտ (լուպուս)․ այս քրոնիկ բորբոքային հիվանդությունը կարող է հանգեցնել երիկամների լուրջ ախտահարման:
- Ամիլոիդոզ․ այս խանգարումը զարգանում է, երբ ձեր օրգաններում սկում են կուտակվել ամիոլիդ կոչվող սպիտակուցներ: Ամիլոիդի կուտակումը հաճախ վնասում է երիկամների քամազատիչ համակարգը:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կարող են մեծացնել ձեզ մոտ նեֆրոտիկ համախտանիշի զարգացման ռիսկը:
- Երիկամները վնասող հիվանդություններ և վիճակներ․ օրինակներից են շաքարային դիաբետը, գայլախտը, ամիլոիդոզը, ռեֆլյուքս նեֆրոպաթիան և երիկամային այլ հիվանդությունները:
- Որոշակի դեղամիջոցներ. նեֆրոտիկ համախտանիշի զարգացմանը նպաստող դեղամիջոցներից են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը և այն դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են վարակների դեմ պայքարելու համար:
- Որոշակի վարակներ. նեֆրոտիկ համախտանիշի ռիսկը մեծացնող վարակներից են ՄԻԱՎ-ը, հեպատիտ B-ն, հեպատիտ C-ն և մալարիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024