Նեֆրոտիկ համախտանիշի բուժումը ներառում է ցանկացած բժշկական վիճակի բուժում, որը կարող է առաջացնել ձեր հիվանդությունը:
Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել դեղեր և սննդակարգի փոփոխություններ, որոնք կօգնեն ձեր գանգատների ու ախտանիշների մեղմացմանը կամ նեֆրոտիկ համախտանիշի բարդությունների կանխարգելմանն ու բուժմանը:
Բժիշկը կարող է ձեզ նշանակել հետևյալ խմբերի դեղամիջոցները:
- Արյան ճնշման դեղամիջոցներ. անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ կամ ինհիբիտորներ կոչվող դեղամիջոցները նվազեցնում են արյան ճնշումը և մեզի մեջ արտազատվող սպիտակուցի քանակը։ Այս դասի դեղերից են՝ Լիզինոպրիլ (Պրինիվիլ, Քբերելիս, Զեստրիլ), Բենազեպրիլ (Լոտինզին), Կապտոպրիլ և Էնալապրիլ (Վազոտեկ): Դեղերի մեկ այլ խումբ, որն ազդում է նույն կերպ, կոչվում է անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ (ԱԸՊ-ներ) և ներառում է Լոզարտան (Կոզաար) և Վալսարտան (Դիովան): Նաև կարող են նշանակվել այլ դեղամիջոցներ, ինչպիսիք են ռենինի արգելակիչները, թեև ԱՓՖ ինհիբիտորները և ԱԸՊ-ները սովորաբար նշանակվում են առաջին հերթին:
- Միզամուղներ (դիուրետիկներ)․ այս դեղամիջոցներն օգնում են այտուցների վերահսկմանը՝ խթանելով ձեր երիկամներով հեղուկի հեռացումը: Ծանր այտուցների դեպքում նշանակվող միզամուղներից է Ֆուրոսեմիդը (Լազիքս): Այլ միզամուղներից են՝ Սպիրոնոլակտոն (Ալդակտոն, Կարոսպիր) և թիազիդներ, ինչպիսիք են Հիդրոքլորոթիազիդը կամ Մետոլազոնը (Զառօքսոլին):
- Խոլեստերինը նվազեցնող դեղամիջոցներ. ստատինները կարող են օգնել խոլեստերինի մակարդակի կրճատմանը: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք խոլեստերինը իջեցնող դեղամիջոցները կարող են բարելավել նեֆրոտիկ համախտանիշ ունեցող մարդկանց պրոգնոզը, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտից խուսափելը կամ վաղաժամ մահվան ռիսկի կրճատումը: Ստատիններից են՝ Ատորվաստատին (Լիպիտոր), Ֆլուվաստատին (Լեզկոլ XL), Լովաստատին (Ալտոպրև), Պրավաստատին (Պրավախոլ), Ռոզուվաստատին (Կրեստոր, Էզալլոր) և Սիմվաստատին (Զոկոր):
- Արյունը նոսրացնողներ կամ հակամակարդիչներ (անտիկագուլյանտներ)․ սրանք կարող են նշանակվել ձեր արյան մակարդելիությունը նվազեցնելու համար, հատկապես, եթե ունեցել եք արյան մակարդուկներ (թրոմբ): Հակամակարդիչներից են՝ Հեպարին, Վարֆարին (Կումադին, Յանտովեն), Դաբիգատրան (Պրադաքսա), Ապիքսաբան (Էլիքվիս) և Ռիվարօքսիբան (Քսարելտո):
- Իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ. իմունային համակարգը վերահսկող դեղամիջոցները, ինչպիսիք են կորտիկոստերոիդները, կարող են նվազեցնել բորբոքումը, որն ուղեկցում է նեֆրոտիկ համախտանիշի պատճառ հանդիսացող որոշ հիվանդություններին ու վիճակներին: Օրինակներից են՝ Ռիտուկսիմաբ (Ռիտուքսան), Ցիկլոսպորին և Ցիկլոֆոսֆամիդ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024