Նյարդացավը տարբերվում է ցավի մյուս տեսակներից առաջացման պատճառներով և բնույթով:
Նյարդացավը կամ նեյրոպաթիկ ցավը կարող է զարգանալ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ, գլխուղեղ կամ ողնուղեղ) կամ ԿՆՀ-ից դեպի մկաններ և օրգաններ հեռացող նյարդերի հետ խնդիրներ առաջանալիս:
Սովորաբար, նյարդային ցավի պատճառ են դառնում հիվանդությունները կամ վնասվածքները: Նյարդացավի ավելի հաճախ հանդիպող պատճառներն են՝
- գլխուղեղի, ողնուղեղի կամ նյարդերի վնասվածքներ
- ինսուլտ
- նյարդերի արյունամատակարման թուլացում
- նյարդերի վնասվածքներ (օրինակ՝ կտրվածք)
- ցրված սկլերոզ
- ալկոհոլի չարաշահում
- անդամահատումից (ամպուտացիա) հետո առաջացող ֆանտոմային ցավեր
- քաղցկեղ կամ դրա ճառագայթային, վիրահատական կամ քիմիոթերապևտիկ բուժումներ
- վիտամին B12 կամ թիամինի (վիտամին B1) պակաս
- նյարդի ճնշում կամ ներաճում ուռուցքներ
- որոշ դեղերի ընդունում
- որոշ վարակներ, օրինակ՝ գոտևորող որքին կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ
- շաքարային դիաբետ (շաքարախտ):
Նյարդացավ առաջացնող որոշ հիվանդություններ
Իշիաս
Իշիասը ողնուղեղից դուրս եկող գոտկային նյարդերի ճնշումն է, որն առաջացնում է ոտքերով ներքև ձգվող ցավեր: Ցավերը կարող են ուղեկցվել ծակծկոցներով, ոտքի թուլությամբ և թմրածության զգացումով:
Ֆիբրոմիալգիա
Ֆիբրոմիալգիան քրոնիկ ցավային համախտանիշ է, որը մարմնի տարբեր մասերում առաջացնում է սուր կամ այրոցանման ցավեր: Պատճառը լավ ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է, որ ցավերը կարող են խթանվել հուզական անհանգստությամբ և քնի խանգարմամբ: Չի ժխտվում նաև ժառանգական գործոնների դերը:
Ծայրամասային նեյրոպաթիա
Ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիան զարգանում է, երբ տարբեր հիվանդությունների ժամանակ դեպի մարմնի տարբեր շրջաններ տարածվող ծայրամասային նյարդերն ախտահարվում են: Ծայրամասային նեյրոպաթիայի հայտնի պատճառներից են դիաբետը և աուտոիմուն հիվանդությունները:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024