Նյարդացավը պատճառվում է դեպի գլխուղեղ զգացողական ազդակներ փոխանցող նյարդերի ախտահարման պատճառով:
Նյարդացավը կամ նեյրոպաթիկ ցավը տարբերվում է ցավի մյուս տեսակներից իր բնույթով և այլ առանձնահատկություններով:
Նյարդացավը հաճախ ունի սուր նոպայաձև, կտրող կամ այրող բնույթ: Որոշ դեպքերում այն կարող է սկսվել սուր և հանկարծակի՝ նմանվելով էլեկտրաշոկին ուղեկցող զգացողությանը: Նեյրոպաթիկ ցավերով մարդիկ հաճախ խիստ զգագույն են ցավող տեղամասին հպվելիս կամ սառը դնելիս, քանի որ նորմայում որևէ կտրուկ ռեակցիա չառաջացնող այս ազդակները նրա մոտ հարուցում են ցավային զգացողություն:
Նյարդացավերը հաճախ ուժգնանում են գիշերային ժամերին:
Նյարդացավը կարող է առաջանալ նյարդի ախտահարումից կամ վնասումից՝ պատճառված որևէ հիվանդությամբ կամ տրավմայով: Նման դեպքերում ախտահարված կամ վնասված նյարդը սովորական զգացողություններն ընկալում և դեպի ուղեղ հաղորդում է որպես ցավային զգացողություններ:
Բժիշկը նյարդացավն ախտորոշում է՝ լսելով ու զննելով ձեզ, որից հետո կարող է նաև նշանակել որոշ հետազոտություններ:
Կան նյարդացավերի բուժման տարբեր մեթոդներ: Առաջին քայլը նյարդացավ առաջացնող պատճառի բուժումն է, եթե այն հայտնաբերվում է: Ցավազրկող և տարբեր այլ դեղերը կարող են մեղմացնել ցավերը: Բուժման մեջ կարելի է ներառել նաև որոշ ոչ դեղորայքային միջոցներ, այդ թվում՝ ասեղնաբուժություն և ռելաքսացիայի մեթոդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024