Skip to main content

Բուժում - Նևրալգիա

Նյարդացավի բուժումն ընդհանուր առմամբ ներառում է հիմնական հիվանդության և բուն նյարդացավի բուժումը:

Բոլոր դեպքերում, նյարդացավերի մեծ մասը հեշտ չի բուժվում:

Եթե հայտնաբերվում է հիմնական հիվանդությունը, ապա նյարդացավի բուժումը նախ և առաջ ներառում է նյարդացավի պատճառ դարձած այդ հիվանդության վերացումը, իսկ եթե լիարժեք բուժումն անհնար է՝ վերջինիս ընթացքը մեղմացնելը: Օրինակ, առկա դիաբետը (շաքարախտ) կառավարելի դարձնելով և արյան գլյուկոզի մակարդակը կայուն կարգավորելով նյարդացավի ընթացքը կարող է զգալիորեն մեղմացվել: Նույն կերպ, վիտամին B12-ի դեֆիցիտի բուժումը կարող կարող է զգալի օգուտ տալ նյարդացավի բուժման ընդհանուր գործին:

Հակառակ դեպքում, երբ նյարդացավի պատճառը չի հայտնաբերվում, բժիշկը դիմում է բուն ցավի վերացմանը (սա կարող է նշանակվել նաև առաջին դեպքում): Նման դեպքերում բժիշկը կարող է ձեզ նշանակել ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային բուժումներ կամ զուգակցել այս երկուսը:

Դեղեր

Որոշ նյարդացավեր կարող են մեղմացվել սովորական ցավազրկողներով՝ Ասպիրին, Պարացետամոլ կամ որևէ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ): Սաստիկ և անդիմադրելի ցավերի դեպքում կարող են նշանակվել նաև թմրաբեր ցավազրկողներ, սակայն ոչ թե պլանային բուժման, այլ եզակի օգտագործման համար:

Նյարդացավը կարող է մեղմացվել նաև ոչ ցավազրկող դեղերով: Օրինակ, դեպրեսիայի բուժման (Ամիտրիպտիլին), ցնցումների բուժման (Գաբապենտին կամ Պերգաբալին), սրտանոթային հիվանդությունների բուժման (Մեքսիլետին կամ Ֆլեկաինիդ) կամ հիպերտենզիայի բուժման (Կլոնիդին) դեղերը կարող են հաջող կերպով մեղմացնել կամ հանել նյարդացավը:

Ոչ դեղորայքային բուժումներ

Կան նաև նյարդացավը մեղմացնող այլ՝ ոչ դեղորայքային մեթոդներ, որոնցից են՝

  • կրթություն և խորհրդատվություն (ցավի կառավարման հմտություններ)
  • որոշ վարժանքներ
  • ասեղնաբուժություն
  • ռելաքսացիայի մեթոդներ
  • հոգեբանական բուժումներ, որոնց նպատակն է ցավերի հոգեբանական կառավարումը և ցավին ուղեկցող անհանգստությունն ու տառապանքը նվազեցնելը
  • նյարդի ներմաշկային էլեկտրական խթանում, որը կարող է որոշ չափով ընկճել ցավային գրգիռների հաղորդումը գլխուղեղ:

Երկարատև ձգձգվող նյարդացավի ժամանակ ձեզ կարող են ուղեգրել նաև քրոնիկ ցավով զբաղվող մասնագետի խորհրդատվության:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024