Skip to main content

Նկարագիր - Հղիության պլանավորում

Եթե մտածում եք հղիանալու մասին, այցելեք ձեր բժշկին օգտակար խորհուրդներ ստանալու համար:​

Ձեր բժիշկը կտրամադրի մասնագիտական առաջարկներ և խորհուրդներ, թե ինչպես ճիշտ պլանավորել ձեր հղիությունը:

Նախաբեղմնավորման շրջանը (երեք ամիս՝ մինչև հղիանալը) այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում դուք պետք է հասցնեք ձեր կյանքում կատարել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները և հարմարեցումները, որոնք կօգնեն ձեր հղիանալուն, կնվազեցնեն հղիության ընթացքում հնարավոր խնդիրները և կնպաստեն ծննդաբերությունից հետո ձեր օրգանիզմի լիարժեք վերականգնմանը:

Ուշադրության արժանի հարցեր՝ մինչև հղիանալը

Ֆոլաթթու

Եթե ձեր զուգընկերոջ հետ միասին պլանավորում եք հղիություն, մինչև ձեր հղիանալը դուք պետք է սկսեք ֆոլաթթու ընդունելը (միայն դուք, այլ ոչ թե նաև զուգընկերը): Ֆոլաթթուն օգնում է ձեր չծնված երեխայի աճին և զարգացմանը: Ֆոլաթթվի ամենօրյա ընդունումը մինչև ձեր հղիանալը և հղիության առաջին երեք ամսվա ընթացքում նաև կանխարգելում է երեխայի մոտ նյարդային խողովակի արատների, օրինակ՝ սպինա բիֆիդայի առաջացումը:

Իմացե՛ք ավելին ֆոլատի և հղիության մասին:

Հետևեք ձեր սննդին

Գերազանց միտք է նաև օգտվել առիթից և մինչև հղիանալը հոգ տանել ձեր սննդակարգն առողջ դարձնելու մասին, եթե նախկինում այնքան էլ ուշադրություն չեք դարձրել այս հարցին: Առողջ սննդակարգին անցնելը օգնում է հղիանալու հավանականության բարձրացմանը, ինչպես նաև հիմք է ստեղծում բուն հղիությունն առանց բարդությունների ընթանալու համար:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում առողջ սննդակարգի մասին:

Ալկոհոլ

Հղիության ընթացքում ալկոհոլի անվտանգ քանակություն գոյություն չունի, ուստի ինչպես հղի, այնպես էլ հղիություն նախատեսող կանանց համար ալկոհոլից հրաժարվելն ամենաանվտանգ ընտրությունն է: Ալկոհոլը կարող է վնաս պատճառել ձեր չծնված երեխայի զարգացմանը և առողջությանը, ընդ որում, այդ վնասը կարող է դրսևորվել նաև երեխայի ծնվելուց հետո՝ նրա ողջ կյանքի ընթացքում:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ալկոհոլի վնասների մասին:

Ծխախոտի օգտագործում

Ծխախոտի օգտագործումը վնասակար է յուրաքանչյուր մարդու համար, սակայն ծխելու հետ կապված վտանգներն առավել իրական են պտղաբերության և հղիության հետ կապված իրավիճակներում: Մինչև հղիությունը ծխախոտից հրաժարվելը պարզ, սակայն խիստ արդյունավետ մեթոդ է, որ հղիության ընթացքում ինչպես ձեզ, այնպես էլ ձեր չծնված երեխային պաշտպանեք տարբեր լուրջ բարդություններից: Ծխախոտից հրաժարվելը բարձրացնում է բնական և առանց բարդությունների ծննդաբերության հավանականությունը, կրճատում վիժման կամ արտաարգանդային հղիության, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերության ռիսկերը:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ծխելու վնասների մասին:

Հղիանալու լավագույն ժամանակը

Կանանց դաշտանային ցիկլը

Ձվազատումը (օվուլյացիա) տեղի է ունենում յուրաքանչյուր ամիս, երբ ձվաբջիջն ազատվում է ձեր ձվարաններից մեկնումեկից: Ավելի հազվադեպ ձվազատվում է մեկից ավելի ձվաբջիջ, սովորաբար՝ առաջին ձվաբջջի ազատվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Նույն այս ժամանակ, ձեր արգանդի լորձաթաղանթը սկսում է հաստանալ, իսկ արգանդի վզիկում լորձը դառնում է ավելի ջրիկ՝ թույլ տալով սպերմատոզոիդներին, որ ավելի հեշտությամբ «լողան» դեպի ազատված ձվաբջիջը:

Ազատված ձվաբջիջը սկսում է ֆալոպյան փողով (արգանդափողով) դանդաղորեն տեղափոխվել ներքև: Եթե տղամարդը և կինը սեռական հարաբերություն են ունեցել, ձվաբջիջը տղամարդու սպերմատոզոիդով բեղմնավորվում է հենց այստեղ:

Արգանդի լորձաթաղանթն արդեն բավարար հաստացած է, որ բեղմնավորվելուց հետո ձվաբջիջը ներդրվի արգանդի պատին: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, կնոջ դաշտանի ընթացքում արգանդի հավելյալ լորձաթաղանթի հետ միասին հեռանում է օրգանիզմից: Ձվաբջիջը շատ փոքր և անզեն աչքի համար անտեսանելի է:

Հղիացում

Ավելի հավանական է, որ դուք հղիանաք, եթե սեռական հարաբերություն ունենաք ձվազատման (օվուլյացիա) օրերին՝ մեկ-երկու օրվա տարբերությամբ: Ձվազատումը տեղի է ունենում ձեր հաջորդ դաշտանի առաջին օրվանից 14 օր առաջ (ո՛չ հետո): Դաշտանային ցիկլը միջինը տևում է 28 օր, սակայն քիչ ավելի կարճ կամ երկար ցիկլերը նույնպես նորմալ են: Ուստի, 28-օրյա ցիկլով կանանց մոտ ձվազատումը տեղի է ունենում 14-րդ օրը, սակայն 26-օրյա ցիկլով կանանց մոտ՝ 12-րդ օրը և 30-օրյա ցիկլով կանանց մոտ՝ 16-րդ օրը:

Ձվազատվելուց հետո ձվաբջիջն ապրում է մոտ 12-24 ժամ: Հղիություն առաջանալու համար ձվաբջիջը պետք է սպերմատոզոիդով բեղմնավորվի այս 12-24 ժամվա ընթացքում: Ուստի, եթե դուք ցանկանում եք հղիանալ, ամեն օր կամ երկու օրը մեկ սեռական հարաբերություն ունենալը թույլ կտա, որ ֆալոպյան փողերում միշտ լինեն ձվազատված ձվաբջջին «սպասող» սպերմատոզոիդներ:

Սպերմատոզոիդները կնոջ օրգանիզմում կենսունակ են մնում մոտ 5 օր: Ուստի, եթե սեռական հարաբերություն ունենաք ձվազատումից այդքան օր առաջ, սպերմատոզոիդները ժամանակ կունենան, որ տեղաշարժվեն ֆալոպյան փողեր և «սպասեն» ձվարաններից ազատվող ձվաբջջին:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024