Պարզ չէ, թե ինչն է առաջացնում առաջնային սկլերոզացնող խոլանգիտ (ԱՍԽ):
Վարակի կամ թույնի (տոքսինի) նկատմամբ իմունային համակարգի արձագանքը կարող է առաջացնել հիվանդություն այն մարդկանց մոտ, ովքեր գենետիկորեն հակված են դրան:
ԱՍԽ-ով մարդկանց զգալի մասը նաև ունի աղիների բորբոքային հիվանդություն, որը ներառում է խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:
Այնուամենայնիվ, ԱՍԽ-ը և աղիների բորբոքային հիվանդությունը միշտ չէ, որ առաջանում են միաժամանակ: Որոշ դեպքերում ԱՍԽ-ը տարիներ շարունակ առկա է՝ մինչև աղիների բորբոքային հիվանդության առաջացումը: Եթե ախտորոշվում է ԱՍԽ, կարևոր է փնտրել աղիների բորբոքային հիվանդություն, քանի որ վերջինս բարձրացնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:
Քիչ ավելի հազվադեպ, աղիների բորբոքային հիվանդությունից բուժվող մարդկանց մոտ նույնպես կարող է զարգանալ ԱՍԽ: Եվ, հազվադեպ, ԱՍԽ-ով մարդկանց մոտ աղիների բորբոքային հիվանդություն է զարգանում միայն լյարդի փոխպատվաստումից հետո:
ԱՍԽ–ն ընթանում է լեղուղիների բորբոքմամբ (խոլանգիտ) և լեղուղիների հետագա կառուցվածքային փոփոխմամբ (նեղացում) և կարծրացմամբ:
Ի՞նչն է ախտահարվում
ԱՍԽ–ը բնութագրվում է լեղուղիների բորբոքմամբ (խոլանգիտ) և լեղուղիների հետագա կառուցվածքային փոփոխմամբ (նեղացում) և կարծրացմամբ (սկլերոզ)՝ պայմանավորված արտա- և (կամ) ներլյարդային սպիական հյուսվածքի առաջացմամբ: Սա հանգեցնում է լյարդից դեպի բարակ աղի լեղու արտահոսքի խանգարման, ինչն իր հերթին էլ ավելի է վնասում լեղուղիները և լյարդային հյուսվածքը: Լեղու արտահոսքի քրոնիկ խանգարումը, որը նաև կոչվում է լեղու կանգ, հանգեցնում է լեղուղիներում ֆիբրոզ հյուսվածքի հարաճուն աճի և ի վերջո՝ լյարդի ցիռոզի և լյարդային անբավարարության զարգացման:
Լեղին մարսողական հյութ է, որն ապահովում է բարակ աղիում ճարպի տրոհումը և ներծծումը, ուստի լեղու պակասը հանգեցնում է ճարպի և ճարպալույծ վիտամինների (A, D, E, K) ներծծման խանգարման:
Լյարդի մեծացումը (հեպատոմեգալիա) կապված է դռներակային հիպերտենզիայի հետ, որն առաջանում է սկլերոզի ենթարկված ներլյարդային մոտակա լեղուղիների կողմից դռներակի սեղման հետևանքով, ինչը սկզբնական շրջանում կլինիկորեն դրսևորվում է աջ թուլակողի շրջանի ցավերով:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ԱՍԽ-ի ռիսկը, ներառում են հետևյալը:
- Տարիք. ԱՍԽ-ը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ ախտորոշվում է 30-40 տարեկանում:
- Սեռ. ԱՍԽ-ն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ:
- Բորբոքային աղիքային հիվանդություն. ԱՍԽ-ով մարդկանց մեծ մասն ունի նաև աղիների բորբոքային հիվանդություն (առավել հաճախ՝ խոցային կոլիտ):
- Աշխարհագրական դիրք. ծննդով Հյուսիսային Եվրոպայի ազգությամբ մարդկանց մոտ ԱՍԽ-ի դեպքերն ավելի հաճախակի են:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024