Առաջնային սկլերոզացնող խոլանգիտը (ԱՍԽ), հատկապես չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
- Լյարդային հիվանդություն և անբավարարություն. լյարդի ողջ լեղուղիների համակարգի քրոնիկ բորբոքումը կարող է հանգեցնել հյուսվածքների սպիացման (ցիռոզ), լյարդի բջիջների մահվան և, ի վերջո, լյարդի գործառույթի կորստի:
- Կրկնվող վարակներ. եթե լեղուղիների սպիները դանդաղեցնում կամ դադարեցնում են լեղու արտահոսքը լյարդից (լեղու կանգ), դուք կարող եք լեղուղիներում հաճախակի վարակ ունենալ: Վարակման վտանգը հատկապես մեծ է այն բանից հետո, երբ վիրահատության եք ենթարկվել՝ վատ սպիացած լեղածորանը լայնացնելու կամ լեղածորանը խցանող քարը հեռացնելու համար:
- Դռներակային (պորտալ) հիպերտենզիա. ձեր դռներակը ձեր մարսողական համակարգից դեպի լյարդ արյան հոսքի հիմնական ուղին է: Պորտալ հիպերտենզիան վերաբերվում է այս երակում արյան ճնշման բարձրացմանը: Պորտալ հիպերտենզիան կարող է հանգեցնել լյարդից հեղուկի արտահոսքի դեպի ձեր որովայնի խոռոչ (ասցիտ): Այն նաև կարող է արյունը շեղել դռներակից դեպի այլ երակներ, ինչպիսիք են կերակրափողային երակները, որի հետևանքով դրանք այտուցվում են (վարիկոզ): Վարկոզները թույլ երակներ են և հակված են հեշտությամբ պատռվել և արյունահոսել, որը կարող է կյանքին վտանգ ներկայացնել:
- Թուլացող ոսկորներ. ԱՍԽ-ով մարդիկ կարող են զգալ ոսկորների փխրունացում (օստեոպորոզ): Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ոսկրերի խտության հետազոտություն՝ մի քանի տարին մեկ անգամ օստեոպորոզը ստուգելու համար: Ձեզ կարող են նշանակվել կալցիումի և վիտամին D-ի հավելումներ՝ կանխելու ոսկանյութի հետագա կորուստը:
- Լեղածորանային քաղցկեղ. եթե ունեք ԱՍԽ, ձեզ մոտ բարձրանում է լեղածորանների կամ լեղապարկի քաղցկեղի զարգացման ռիսկը:
- Հաստ աղիքի քաղցկեղ. աղիների բորբոքային հիվանդության հետ կապված ԱՍԽ-ով մարդիկ ունեն հաստ աղիքի քաղցկեղի բարձր ռիսկ: Եթե ձեզ մոտ ախտորոշվել է ԱՍԽ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ աղիների բորբոքային հիվանդության համար հետազոտվել, նույնիսկ եթե չունեք գանգատներ կամ ախտանիշներ, քանի որ հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը բարձրանում է, եթե ունեք երկու հիվանդությունները:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024