Առաջնային սկլերոզացնող խոլանգիտի (ԱՍԽ) բուժումը կենտրոնանում է բարդությունների կառավարման և լյարդի վնասման վերահսկողության վրա:
Բազմաթիվ դեղամիջոցներ ուսումնասիրվել են ԱՍԽ-ով մարդկանց մոտ, սակայն մինչ այժմ չի հայտնաբերվել որևէ մի տեսակ, որը կարող է դանդաղեցնել կամ վերականգնել այս հիվանդության հետ կապված լյարդային հիվանդությունը:
Քորի բուժումը
- Լեղաթթուների սեկվեստրներ. դեղամիջոցները, որոնք կապվում են լեղաթթուների հետ՝ այն նյութերի, որոնք համարվում են լյարդային հիվանդության ժամանակ քորի առաջացման պատճառ, հանդիսանում են ԱՍԽ-ի ժամանակ քորի բուժման առաջին շարքի միջոցներ:
- Հակաբիոտիկներ. եթե դժվարանում եք հանդուրժել լեղաթթու կապող դեղամիջոցը կամ եթե այն չի օգնում, ձեր բժիշկը կարող է նշանակել Ռիֆամպին (Ռիֆադին, Ռիմակտան և այլն), որը հակաբակտերիալ դեղամիջոց է: Անհայտ է, թե կոնկրետ ինչպես է Ռիֆամպինը նվազեցնում քորի առաջացումը, սակայն այն կարող է արգելափակել գլխուղեղի արձագանքը ձեր արյան հոսքում առկա քոր առաջացնող քիմիական նյութերին:
- Հակահիստամիններ. այս խմբի դեղամիջոցը կարող է օգնել նվազեցնելու ԱՍԽ-ով առաջացած մեղմ քորը: Արդյոք այս դեղամիջոցներն արդյունավետ են այս վիճակի համար, դեռևս անհայտ է: Հակահիստամինները կարող են վատթարացնել լյարդային հիվանդության ախտանիշները չոր աչքերի և բերանի չորության դեպքում: Մյուս կողմից, դրանք կարող են օգնել քնին, եթե քորը խաթարում է ձեր գիշերային հանգիստը:
- Օփիոիդների ներհակորդներ (անտագոնիստներ). լյարդային հիվանդության հետ կապված քորը նաև կարող է արձագանքել օփիոիդների ներհակորդներին, ինչպիսին է Նալտրեքսոնը: Ռիֆամպինի նման, այս դեղամիջոցները հավանաբար նվազեցնում են քորի զգացումը` ազդելով ձեր գլխուղեղի վրա:
- Ուրսոդեօքսիխոլաթթու (ՈւԴԽԹ). սա նաև հայտնի է որպես Ուրսոդիոլ: ՈւԴԽԹ-ն բնական լեղաթթու է, որը կարող է օգնել լյարդային հիվանդության հետևանքով առաջացած քորի ախտանիշների թեթևացմանը՝ մեծացնելով լեղու ներծծումը:
Վարակների բուժումը
Նեղացած կամ խցանված ծորանների մեջ լեղին (կանգային լեղի) կարող է պատճառել հաճախակի բակտերիալ վարակներ: Այս վարակների կանխարգելման և բուժման համար ԱՍԽ-ով մարդիկ կարող են հակաբիոտիկների կրկնակի կուրսեր ընդունել կամ երկար ժամանակ շարունակել հակաբիոտիկներ ընդունել:
Ցանկացած միջամտությունից առաջ, որը կարող է վարակ առաջացնել, օրինակ՝ էնդոսկոպիկ միջամտությունը կամ որովայնի խոռոչի վիրահատությունը, ձեր բժշկի ցուցմամբ դուք պետք է հակաբիոտիկներ ընդունեք:
Սնուցման աջակցություն
ԱՍԽ-ը ձեր օրգանիզմի համար դժվարացնում է բարակ աղիում որոշակի վիտամինների ներծծումը: Դուք կարող եք առողջ սննդակարգ պահել և պարզել, որ չեք կարող ստանալ անհրաժեշտ բոլոր սննդանյութերի բավարար քանակները:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիտամինային հավելումներ, որոնք ընդունում եք հաբերի կամ ներերակային լուծույթների ձևով: Եթե հիվանդությունը թուլացնում է ձեր ոսկորները, նաև կարող եք ընդունել կալցիումի և վիտամին D-ի հավելումներ:
Լեղուղիների խցանումների բուժում
Ձեր լեղուղիներում առաջացող խցանումները կարող են պայմանավորված լինել հիվանդության զարգացմամբ, սայահբ նաև կարող են լինել լեղուղիների քաղցկեղի նշան: Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան (ԷՌԽՊ) կարող է օգնել պարզելու պատճառը, և լեղածորանի խցանումը կարող է բուժվել փուչիկային լայնացմամբ և ստենտի տեղադրմամբ:
Լյարդի փոխպատվաստում
Լյարդի փոխպատվաստումը միակ հայտնի մեթոդն է, որը կարող է բուժել ԱՍԽ-ը: Լյարդի փոխպատվաստման ժամանակ վիրաբույժները հեռացնում են ձեր հիվանդ լյարդը և այն փոխարինում դոնորի առողջ լյարդով:
Լյարդի փոխպատվաստումը նախատեսված է լյարդային անբավարարությամբ կամ ԱՍԽ-ի այլ ծանր բարդություններով մարդկանց համար: Թեև հազվադեպ, սակայն հնարավոր է, որ լյարդի փոխպատվաստումից հետո ԱՍԽ-ը կրկնվի:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024