Առողջական խնդիրներ

Երկարաձգված էրեկցիա (պրիապիզմ)

Երկարաձգված էրեկցիա (պրիապիզմ)

Time Read 2 րոպե

Առնանդամի երկարաձգված և կայուն էրեկցիան, որը ոչ մի կերպ չի թուլանում, կոչվում է պրիապիզմ։

Այսպիսի անցանկալի երկարաձգված էրեկցիան կարող է առաջանալ սեռական գրգռումից հետո կամ առանց դրա։ Այն սովորաբար խիստ ցավոտ է և կարող է շարունակվել մինչև 2 ժամ և ավելի։

Պրիապիզմը անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է։ Եթե պրիապիզմը շարունակվեց 4 ժամ, ապա կարող է հանգեցնել ձեր առնանդամի մնայուն վնասման և հետագայում բերել էրեկցիայի հետ կապված խնդիրների։

Պրիապիզմի տեսակները

Տարբերում են պրիապիզմի երկու տեսակներ։

  • Իշեմիկ (ցածր հոսքի) պրիապիզմի դեպքում առնանդամ մուտք գործած արյունը չի կարողանում վերադառնալ արյան շրջանառություն և մնում է առնանդամի մեջ «կանգային» վիճակում։ Իշեմիկ պրիապիզմի ժամանակ առնանդամի էրեկտիլ պնդացումը լիարժեք է, սակայն գլխիկը կարող է մնալ փափուկ։
  • Ոչ իշեմիկ (բարձր հոսքի) պրիապիզմի ժամանակ խախտված է առնանդամի էրեկտիլ արյունամատակարարումը և արյան հոսքը դեպի առնանդամ գերազանցում է ետհոսքը։ Ոչ իշեմիկ պրիապիզմի դեպքում առնանդամի էրեկտիլ պնդացումը լիարժեք չէ։

Պրիապիզմի պատճառները

Պրիապիզմի պատճառ կարող են հանդիսանալ՝

  • արյան հիվանդություններ (մանգաղաբջջային անեմիա, լեյկոզ և այլն)
  • առողջական այլ խնդիրներ (պոդագրա, ամիլոիդոզ, ողնաշարի վնասվածքներ և այն)
  • դեղատոմսով դուրս գրվող որոշ դեղեր (հակադեպրեսանտներ, տագնապամարիչ դեղեր, ալֆա-բլոկատորներ և այլն)
  • ալկոհոլային խմիչքների կամ թմրամիջոցների օգտագործում (մարիխուանա, կոկաին)
  • առնանդամի, կոնքի կամ շեքի (առնանդամի հիմքից մինչև հետանցքն ընկած տարածության) վնասվածքներ
  • սարդի, կարիճի խայթոց կամ վարակ։

Պրիապիզմի բուժումը

Եթե էրեկցիան ցավոտ է, դուք կարող եք օգտագործել սառեցնող միջոցներ (բարակ մաքուր սրբիչով փաթաթած սառցե խորանարդիկներ), որոնք կարող են մեղմացնել գանգատները և առնանդամի այտուցը։

Եթե ձեր էրեկցիան տևում է ավելի քան 2 ժամ, դուք պետք է շտապ այցելեք մոտակա հիվանդանոց՝ անհետաձգելի բուժման և բժշկական հսկողության համար։

Պրիապիզմը կարող է նաև հանդես գալ որպես էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման մեջ նշանակվող որոշ դեղերի կողմնակի ազդեցություն։ Ուստի, այս դեղերը պետք է ընդունվեն միայն բժշկի նշանակմամբ։

Հիշեք նաև, որ էրեկտիլ դիսֆունկցիայի դեղերը պետք է գնել միայն դեղատնից, քանի որ այլ տեղերում կամ առցանց վաճառվող դեղերը կամ պատրաստուկները կարող են պարունակել ձեր սեռական առողջությունը վնասող հավելանյութեր։

Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2018 վերանայվել է՝ 24-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով