Պրիապիզմի բուժումը կախված է դրա տեսակից:
Իշեմիկ (ցածր հոսքի) պրիապիզմ
Իշեմիկ պրիապիզմը, երբ արյունը չի կարող դուրս հոսել առնանդամից, անհետաձգելի իրավիճակ է, որը պահանջում է անհապաղ բուժում: Ցավը թեթևացնելուց հետո այս բուժումը սովորաբար սկսվում է առնանդամից արյունը դատարկելու և դեղամիջոցներ օգտագործելու համակցությամբ:
- Ասպիրացիոն դեկոմպրեսիա. ավելցուկային արյունը դատարկվում՝ ասպիրացվում է ձեր առնանդամից՝ օգտագործելով փոքրիկ ասեղ և ներարկիչ: Որպես այս միջոցառման մի մաս, առնանդամը նաև կարող է լվացվել աղային լուծույթով: Այս բուժումը հաճախ թեթևացնում է ցավը, հեռացնում է թթվածնով աղքատ արյունը և կարող է վերացնել էրեկցիան: Բուժումը կարող է կրկնվել մինչև էրեկցիայի լիարժեք ավարտը:
- Դեղամիջոցներ. Ֆենիլեֆրինը կարող է ներարկվել անմիջապես ձեր առնանդամի մեջ: Այս դեղամիջոցը սեղմում (նեղացնում) է այն արյունատար անոթները, որոնք արյուն են տեղափոխում դեպի առնանդամ (զարկերակներ): Սա թույլ է տալիս, որ բացվեն (լայնանան) այն արյունատար անոթները, որոնք արյունը հեռացնում են առնանդամից՝ նպաստելով առնանդամից արյան հեռացմանը (երակներ): Անհրաժեշտության դեպքում բուժումը կարող է կրկնվել մի քանի անգամ: Բժիշկը կհետևի դեղամիջոցի կողմնակի ազդեցություններին, ինչպիսիք են գլխացավը, գլխապտույտը և արյան ճնշման բարձրացումը, հատկապես, եթե ունեք բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) կամ սրտային հիվանդություն:
- Վիրահատություն կամ այլ միջամտություններ․ եթե վերոնշյալ բուժումները հաջող չեն, վիրաբույժը կարող է կատարել այլ միջամտություններ՝ առնանդամից արյան դատարկման (դրենավորման) կամ արյան հոսքի փոփոխման վիրահատություն, որ արյունը նորից կարողանա տեղաշարժվել ձեր առնանդամի միջով:
Եթե ունեք մանգաղաբջջային հիվանդություն, կարող եք ստանալ լրացուցիչ բուժումներ, որոնք օգտագործվում են հիվանդության հետ կապված դրվագների բուժման համար:
Ոչ իշեմիկ (բարձր հոսքի) պրիապիզմ
Ոչ իշեմիկ պրիապիզմը հաճախ անհետանում է առանց բուժման: Քանի որ առնանդամի վնասման վտանգ չկա, ձեր բժիշկը կարող է առաջարկել սպասողական մոտեցում՝ այս ընթացքում հսկելով ձեր ախտանիշները: Սառույցի պարկերը և շեքի (առնանդամի հիմքի և հետանցքի միջև ընկած հատվածի) վրա ճնշում գործադրելը կարող են օգնել էրեկցիայի դադարեցմանը:
Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն՝ այնպիսի նյութի տեղադրման համար, ինչպիսին է ներծծվող գելը, որը ժամանակավորապես արգելափակում է արյան հոսքը դեպի առնանդամ: Ձեր օրգանիզմն ի վերջո ներծծում է այս նյութը: Ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն վնասվածքի հետևանքով առաջացած զարկերակների կամ հյուսվածքների վնասումը վերականգնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024