Երկարաձգված էրեկցիայի ախտանիշները տարբեր են՝ կախված պրիապիզմի տեսակից:
Պրիապիզմի երկու հիմնական տեսակներն են իշեմիկ պրիապիզմը և ոչ իշեմիկ պրիապիզմը։
Իշեմիկ (ցածր հոսքի) պրիապիզմ
Իշեմիկ պրիապիզմը, որը նաև կոչվում է ցածր հոսքի պրիապիզմ, արյունն առնանդամից դուրս գալ չկարողանալու հետևանք է: Արյունը կանգ է առնում առնանդամում, քանի որ չի կարող դուրս հոսել առնանդամի երակներով կամ առնանդամի էրեկտիլ հյուսվածքի ներսում առկա է հարթ մկանների կծկման հետ կապված խնդիր: Իշեմիկ պրիապիզմը պրիապիզմի առավել տարածված տեսակն է և պահանջում է անհետաձգելի բուժօգնություն՝ առնանդամի հյուսվածքին բավարար թթվածին չհասցնելու հետևանքով առաջացած բարդությունները կանխելու համար:
Գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- էրեկցիա, որը տևում է ավելի քան 4 ժամ կամ կապված չէ սեռական գրգռման կամ խթանման հետ
- պնդացած առնանդամի մարմին (ցողուն), սակայն փափուկ առնանդամի ծայր (գլխիկ)
- հարաճուն վատթարացող առնանդամի ցավ:
Կրկնվող կամ ընդմիջվող պրիապիզմը իշեմիկ պրիապիզմի առանձնահատուկ մի ձևն է: Սա հազվադեպ հանդիպող վիճակ է, որն իրենից ներկայացնում է երկարաձգված էրեկցիայի կրկնվող դրվագներ և հաճախ ներառում է իշեմիկ պրիապիզմի դրվագներ: Ավելի հաճախ առաջանում է այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեն ժառանգական խանգարում, որը բնութագրվում է արյան կարմիր բջիջների ոչ նորմալ ձևով (մանգաղաբջջային հիվանդություն): Մանգաղաձև բջիջները կարող են արգելափակել առնանդամի արյունատար անոթները: Որոշ դեպքերում այս վիճակը սկսվում է կարճատև անցանկալի և ցավոտ էրեկցիաներով և ժամանակի ընթացքում կարող է անցնել ավելի հաճախակի և ավելի երկարատև էրեկցիաների: Կրկնվող կամ ընդմիջվող պրիապիզմը կարող է սկսվել մանկական տարիքում:
Ոչ իշեմիկ (բարձր հոսքի) պրիապիզմ
Ոչ իշեմիկ պրիապիզմը, որը նաև հայտնի է որպես բարձր հոսքի պրիապիզմ, առաջանում է, երբ արյան հոսքը առնանդամի զարկերակներով ճիշտ չի ընթանում: Այնուամենայնիվ, առնանդամի հյուսվածքները շարունակում են որոշակի արյան հոսք և թթվածին ստանալ: Ոչ իշեմիկ պրիապիզմը հաճախ առաջանում է տրավմայի պատճառով:
Գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- էրեկցիա, որը տևում է ավելի քան 4 ժամ կամ կապված չէ սեռական գրգռման կամ խթանման հետ
- էրեկցված, սակայն՝ ոչ լիարժեք պնդացած առնանդամի ցողուն (մարմին)
- սովորաբար ցավոտ չէ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք էրեկցիա, որը տևում է ավելի քան չորս ժամ, ուրեմն ունեք անհետաձգելի բուժօգնության կարիք: Անհետաձգելի բուժօգնության բժիշկը կորոշի՝ դուք ունեք իշեմիկ, թե ոչ իշեմիկ պրիապիզմ:
Եթե զգում եք կրկնվող, մշտական, ցավոտ էրեկցիաներ, որոնք ինքնուրույն թուլանում են, դիմեք ձեր բժշկին: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել բուժում՝ հետագա դրվագները կանխելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024