Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (PSA) հետազոտությունը նշանակվում է շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգի համար:
Ի՞նչն են հետազոտում
PSA թեստի առաջնային նպատակը տղամարդկանց շրջանում շագանակագեղձի (պրոստատ) քաղցկեղի վաղ հայտնաբերումն է:
Այս հետազոտությամբ չափվում է արյան մեջ պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (անտիգեն) քանակը, որի ընդունված հապավումն է PSA: PSA-ն սպիտակուց է, որն արտադրվում է շագանակագեղձի ինչպես քաղցկեղային, այնպես էլ ոչ քաղցկեղային հյուսվածքների կողմից: Շագանակագեղձը փոքր արական գեղձ է, որը տեղակայացված է տղամարդկանց միզապարկի տակ:
PSA-ի մեծ մասը հայտնաբերվում է սերմնահեղուկում, որը նույնպես արտադրվում է այս գեղձում: PSA-ի փոքր քանակներ նորմայում շրջանառում են արյան մեջ:
PSA թեստը կարող է հայտնաբերել այս սպիտակուցի բարձր մակարդակներ, որը կարող է վկայել շագանակագեղձի քաղցկեղի առկայության մասին: Սակայն, տարբեր այլ հիվանդություններ, օրինակ՝ շագանակագեղձի բարորակ մեծացումը (ադենոմա) նույնպես կարող է բարձրացնել արյան PSA-ի մակարդակը: Ուստի, PSA-ի բարձրացման պատճառի հայտնաբերումը պահանջում է բժշկի կողմից լրացուցիչ հետազոտությունների նշանակում:
PSA-ի սքրինինգային հետազոտության վերաբերյալ կան բազմաթիվ, այդ թվում՝ իրարամերժ կարծիքներ: Ուստի, մինչև այս թեստը հանձնելը, քննարկեք դրա նպատակահարմարությունը ձեր բժշկի հետ:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը նշանակվում
Շագանակագեղձի քաղցկեղը տարածված հիվանդություն է, որը համարավում է նաև քաղցկեղներից մահացության հաճախակի պատճառներից մեկը: Քաղցկեղի այս տեսակի վաղ հայտնաբերումը կարող է դառնալ կարևոր գործիք հնարավորինս վաղ և պատշաճ բուժում մեկնարկելու համար:
Շագանակագեղձի քաղցկեղով տղամարդկանց մոտ շատ հաճախ հայտնաբերվում է PSA-ի բարձր մակարդակներ: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ տարբեր ոչ քաղցկեղային հիվանդություններ նույնպես կարող են բարձրացնել արյան PSA-ի մակարդակը: Ուստի, PSA-ի հետազոտությունը կարող է հայտնաբերել PSA-ի նորման գերազանցող մակարդակներ, սակայն չի կարող դիտարկվել որպես շագանակագեղձի հիվանդությունների համար հստակ ախտորոշիչ չափանիշ:
PSA թեստը զուտ շագանակագեղձի քաղցկեղի վաղ նշանների սքրինինգի գործիքներից մեկն է՝ այնպիսին, ինչպիսին հանդիսանում է ուղիղաղիքային մատնային զննումը:
Տեղին ենք համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ ոչ PSA տեսքը, ոչ էլ ուղիղաղիքային մատնային զննումը բժշկին չեն տրամադրում բավարար տեղեկատվություն՝ ախտորոշելու շագանակագեղձի քաղցկեղը: Սակայն շեղված արդյունքները կարող են բժշկին օգնել՝ կասկածելու հիվանդության առկայության վերաբերյալ և քննարկելու շագանակագեղձի բիոպսիայի անհրաժեշտության հարցը: Վերջնական ախտորոշումը որոշվում է միայն բիոպսիայի արդյունքների հիման վրա:
PSA թեստի այլ կիրառումներ
Շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշված տղամարդկանց մոտ PSA հետազոտությունը կարող է օգտագործվել, որպեսզի՝
- գնահատվի բուժման արդյունավետությունը
- ստուգվի քաղցկեղի «կրկնությունը» («վերադարձը»):
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
PSA թեստը պահանջում է ձեր երակային արյան քիչ քանակության նմուշ (մինչև 3-4 մլ): Բժիշկը ձեզ կարող է խորհուրդ տալ, որ արյունը հանձնելուց առաջ երկու օրվա ընթացքում ձեռնպահ մնաք սեռական կյանքից և սերմնաժայթքումից, ինչպես նաև շագանակագեղձի վրա ազդող ֆիզիկական գործերից ու զբաղմունքներից (օրինակ՝ հեծանիվի վարում):
Ձեր արդյունքների մեկնաբանումը
PSA թեստի արդյունքները ներկայացվում են որպես PSA-ի նանոգրամներ՝ մեկ միլիլիտր արյան մեջ (ng/mL): Բազմաթիվ լաբորատորիաներ մինչև 4 ng/mL PSA-ն համարում են նորմա, 4-10 ng/mL-ը՝ PSA-ի սահմանային բարձրացում, իսկ 10 ng/mL և ավելի բարձր ցուցանիշները՝ ախտաբանական բարձր: PSA-ի ախտորոշիչ զգայունությունը բարձրացնելու համար PSA-ի բարձր ցուցանիշ ստանալիս բժիշկը կարող է առաջարկել նաև ազատ PSA-ի տոկոսի որոշում:
Թեստի օգտակարությունը
PSA թեստը կարող է օգնել ցանկացած փուլի շագանակագեղձի գաղձկեղի ախտորոշմանը: Քաղցկեղը հեշտ է ենթարկվում բուժմանը, երբ ախտորոշվում է շուտ և բուժումը սկսվում է վաղ փուլերում:
Թեստի սահմանափակումները
- PSA-բարձրացնող գործոններ. քաղցկեղից բացի, այլ հիվանդություններ ևս կարող են բարձրացնել PSA-ի մակարդակը, այդ թվում՝ շագանակագեղձի բարորակ մեծացում (ադենոմա), շագանակագեղձի բորբոքում կամ վարակում (պրոստատիտ): PSA մակարդակը նորմայում աճում է տարիքին զուգընթաց:
- PSA-նվազեցնող գործոններ. շագանակագեղձի ադենոմայի բուժման որոշ դեղերը կամ որոշ քիմիոթերապևտիկ դեղերի բարձր դեղաչափերը կարող են նվազեցնել PSA մակարդակը: Գիրությունն իր հերթին կարող է նվազեցնել PSA-ի ցուցանիշը:
- Շեղող արդյունքներ. միշտ չէ, որ հետազոտությունը տրամադրում է ճշգրիտ արդյունքներ։ Բարձր PSA-ն անպայմանորեն չի նշանակում, որ դուք ունեք քաղցկեղ: Նույն կերպ, շագանակագեղձի քաղցկեղով տղամարդկանց մի մասի մոտ կարող է ստացվել PSA-ի նորմալ մակարդակ:
- «Գերախտորոշում». հետազոտությունները վկայում են, որ PSA-ի հիման վրա շագանակագեղձի քաղցկեղով տղամարդկանց 23-42%-ի մոտ ուռուցքը չի ազդելու կյանքի ընթացքում ախտանիշների զարգացման վրա:
Զրուցեք ձեր բժշկի հետ
Մինչև PSA հետազոտությունը, զրուցեք բժշկի հետ օգուտների և հնարավորի ռիսկերի թեմայով: Եթե կարծում եք, որ պետք է հանձնել այս թեստը, ապա հարցրեք ձեր բժշկին այն մասին, թե՝
- ե՞րբ կարող եք նրա հետ քննարկել արդյունքները
- ինչպիսի՞ խորհուրդներ կարող եք ստանալ, եթե ստացվի PSA-ի բարձր մակարդակ
- ի՞նչ հաճախականությամբ է պետք կրկնել թեստը, եթե ստացվի PSA-ի նորմալ մակարդակ:
Լրացուցիչ տեղեկատվություն
PSA թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք PSA թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ:
Արյան թեստերի մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024