Ձեզ մոտ կարող է զարգանալ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ), երբ դուք անցնում եք, տեսնում կամ տեղեկանում եք իրական կամ սպառնացող մահվան, լուրջ վնասվածքի կամ սեռական բռնության հետ կապված իրադարձության մասին:
Բժիշկները վստահ չեն, թե ինչու են որոշ մարդիկ այսպիսի մեծ սթրեսային իրադարձությունից հետո ձեռք բերում ՀՏՍԽ: Ինչպես հոգեկան առողջության խնդիրների մեծ մասի դեպքում, ՀՏՍԽ-ը հավանաբար պայմանավորված է հետևյալ գործոնների բարդ համակցությամբ:
- Սթրեսային փորձառություններ, ներառյալ տրավմայի չափն ու ծանրությունը, որը դուք անցել եք ձեր կյանքում:
- Ժառանգական հոգեկան առողջության ռիսկեր, ինչպիսիք են անհանգստության և դեպրեսիայի ընտանեկան պատմությունը (անամնեզ):
- Ձեր անհատականության ժառանգական հատկանիշները, որոնք հաճախ կոչվում են խառնվածք:
- Այն, թե ինչպես է ձեր գլխուղեղը կարգավորում քիմիական նյութերն ու հորմոնները, որոնք ձեր օրգանիզմն արտազատում է ի պատասխան սթրեսին:
Ռիսկի գործոններ
Բոլոր տարիքի մարդիկ կարող են ունենալ ՀՏՍԽ: Այնուամենայնիվ, որոշ գործոններ կարող են ձեզ մոտ ավելի հավանական դարձնել տրավմատիկ իրադարձությունից հետո ՀՏՍԽ-ի զարգացումը, ինչպիսիք են՝
- ուժեղ կամ երկարաժամկետ տրավմայի ապրում
- կյանքի ավելի վաղ շրջանում այլ տրավմայի փորձ ունենալը, ինչպիսին է մանկական բռնությունը
- այնպիսի աշխատանք ունենալը, որը մեծացնում է տրավմատիկ իրադարձությունների ենթարկվելու ռիսկը, ինչպիսիք են բանակում ծառայող և առաջին արձագանքող լինելը
- հոգեկան առողջության այլ խնդիրներ ունենալը, ինչպիսիք են տագնապային խանգարումը կամ դեպրեսիան
- հոգեներգործուն նյութերի չարաշահման հետ կապված խնդիրներ ունենալը, օրինակ՝ շատ խմելը կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործումը
- ընտանիքի և ընկերների լավ աջակցության համակարգի բացակայություն
- հոգեկան առողջության խնդիրներով, ներառյալ տագնապային խանգարմամբ կամ դեպրեսիայով արյունակից հարազատներ ունենալը:
Տրավմատիկ իրադարձությունների տեսակները
ՀՏՍԽ-ի զարգացմանը տանող ամենատարածված իրադարձությունները ներառում են`
- մարտական (պատերազմական) գործողություններ
- մանկական տարիքում ֆիզիկական բռնություն
- սեռական բռնություն
- ֆիզիկական հարձակում
- զենքով սպառնում
- վթար:
Բազմաթիվ այլ տրավմատիկ իրադարձություններ նույնպես կարող են հանգեցնել ՀՏՍԽ-ի, ինչպիսիք են հրդեհը, բնական աղետը, գողությունը, կողոպուտը, ինքնաթիռի վթարը, խոշտանգումները, առևանգումը, կյանքին սպառնացող բժշկական ախտորոշումը, ահաբեկչությունը և այլ ծայրահեղ կամ կյանքին սպառնացող իրադարձությունները:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2019
Վերջին վերանայում՝ 28-04-2024