Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների (ՀՏՍԽ) բուժումը կարող է օգնել ձեզ վերականգնելու ձեր կյանքի նկատմամբ վերահսկողության զգացումը:
Առաջնային բուժումը հոգեթերապիան է (փսիխոթերապիա), սակայն կարող է ներառել նաև դեղորայք: Այս բուժումների համատեղումը կարող է օգնել բարելավելու ձեր ախտանիշները հետևյալ ուղիներով՝
- սովորեցնում է ձեզ ձեր ախտանիշները մեղմացնելու հմտություններ
- օգնում է ձեզ ավելի լավ մտածել ձեր, ուրիշների և աշխարհի մասին
- սովորեցնում է հաղթահարել, եթե որևէ ախտանիշ նորից ի հայտ գա
- օգնում է այլ խնդիրների հաղթահարմանը, որոնք հաճախ կապված են տրավմատիկ փորձառությունների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը կամ ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների չարաշահումը:
Պետք չէ փորձել ինքնուրույն հաղթահարել ՀՏՍԽ-ի բեռը:
Հոգեթերապիա
Հոգեթերապիայի մի քանի տեսակներ, որոնք նաև կոչվում են խոսակցական թերապիա, կարող են օգտագործվել ՀՏՍԽ ունեցող երեխաների և չափահասների բուժման մեջ: ՀՏՍԽ-ի բուժման մեջ օգտագործվող հոգեթերապիայի որոշ տեսակներ ներառում են հետևյալը:
- Կոգնիտիվ (ճանաչողական) թերապիա. խոսակցական թերապիայի այս տեսակն օգնում է ձեզ ճանաչել մտածողության ձևերը (ճանաչողական օրինաչափությունները), որոնք ձեզ պահում են թակարդված վիճակում, օրինակ՝ ձեր մասին բացասական համոզմունքները և տրավմատիկ բաների նորից կրկնվելու վտանգը: ՀՏՍԽ-ի դեպքում կոգնիտիվ թերապիան հաճախ օգտագործվում է էքսպոզիցիոն թերապիայի հետ մեկտեղ:
- Էքսպոզիցիոն թերապիա. այս վարքաբանական թերապիան օգնում է ձեզ ապահով կերպով դիմակայել ինչպես իրավիճակներին, այնպես էլ հիշողություններին, որոնք ձեզ վախեցնում են, որ կարողանաք սովորել արդյունավետորեն հաղթահարել դրանք: Էքսպոզիցիոն թերապիան կարող է հատկապես օգտակար լինել տրավմատիկ իրադարձության վերապրումների և մղձավանջների դեպքում: Մոտեցումներից մեկն օգտագործում է վիրտուալ իրականության ծրագրեր, որոնք թույլ են տալիս նորից մտնել այն իրավիճակի մեջ, որում տրավմա եք ապրել:
- Աչքի շարժման դեսենսիտիզացիա և վերամշակում (EMDR). այս մեթոդը համատեղում է էքսպոզիցիոն թերապիան մի կուրսը ուղղորդված աչքերի շարժումների հետ, որոնք օգնում են ձեզ մշակել տրավմատիկ հիշողությունները և փոփոխել, թե ինչպես եք արձագանքում դրանց:
Ձեր թերապևտը կարող է օգնել ձեզ, որ զարգացնեք սթրեսի կառավարման հմտություններ: Դրանք կարող են օգնել ձեզ, որ ավելի լավ դիմակայեք սթրեսային իրավիճակները և ձեր կյանքում հաղթահարեք սթրեսը:
Այս բոլոր մոտեցումները կարող են օգնել ձեզ վերահսկելու տրավմատիկ իրադարձությունից հետո տևական վախը: Դուք և ձեր հոգեկան առողջության մասնագետը կարող եք քննարկել, թե ինչ տեսակի թերապիա կամ թերապիայի համակցություն կարող է լավագույնս բավարարել ձեր կարիքները:
Դուք կարող եք փորձել անհատական թերապիա, խմբային թերապիա կամ երկուսն էլ: Խմբային թերապիան կարող է առաջարկել նմանատիպ փորձառությունների միջով անցնող ուրիշների հետ կապ հաստատելու և շփվելու միջոց:
Դեղորայքային բուժում
Դեղամիջոցների մի քանի խմբեր կարող են օգնել ձեր ՀՏՍԽ-ի ախտանիշների մեղմացմանը:
- Հակադեպրեսանտներ. այս դեղամիջոցները կարող են օգնել դեպրեսիայի և անհանգստության ախտանիշներին: Դրանք նաև կարող են օգնել քնի խնդիրների և կենտրոնացման բարելավմանը: Սերոտոնինի վերզավթման ընտրաղական արգելակիչ հանդիսացող Սերտրալինը (Զոլոֆտ) և Պարոքսետինը (Պաքսիլ) հաստատված են ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից ՀՏՍԽ-ի բուժման համար:
- Հակատագնապային դեղամիջոցներ. այս դեղերը կարող են թեթևացնել ծանր անհանգստությունը և դրա հետ կապված խնդիրները: Անհանգստության դեմ որոշ դեղամիջոցներ ունեն չարաշահման հավանականություն, ուստի դրանք սովորաբար օգտագործվում են միայն կարճ ժամանակով:
- Պրազոսին. թեև մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ Պրազոսինը (Մինիպրես) կարող է ՀՏՍԽ-ով որոշ մարդկանց մոտ նվազեցնել կամ ճնշել մղձավանջները, ավելի վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել օգուտի բացակայություն պլացեբոյի նկատմամբ: Սակայն վերջին հետազոտության մասնակիցները տարբերվում էին մյուսներից այն եղանակներով, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա: Անհատները, ովքեր մտածում են Պրազոսին ստանալու մասին, պետք է խոսեն բժշկի հետ՝ որոշելու, թե արդյոք իր կոնկրետ իրավիճակը կարող է թույլ տալ այս դեղամիջոցի փորձարկմանը, թե ոչ:
Դուք և ձեր բժիշկը կարող եք միասին աշխատել՝ ձեր ախտանիշների և իրավիճակի համար գտնելու լավագույն դեղամիջոցը՝ նվազագույն կողմնակի ազդեցություններով: Մի քանի շաբաթվա ընթացքում դուք արդեն կարող եք զգալ ձեր տրամադրության և այլ ախտանիշների բարելավման առաջին նշանները:
Տեղեկացրեք ձեր բժշկին ցանկացած կողմնակի ազդեցության կամ դեղամիջոցների հետ կապված խնդիրների մասին: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի փորձել մեկից ավելի դեղամիջոցներ կամ համակցված դեղամիջոցներ, կամ ձեր բժշկին կարող է անհրաժեշտ լինել հարմարեցնել ձեր դեղաչափը կամ դեղորայքի ժամանակացույցը՝ նախքան ձեզ առավել համապատասխանող դեղերի համակցություն գտնելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024