Skip to main content

Ախտանիշներ - Պոստտրավմատիկ սթրես

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) ախտանիշները կարող են սկսվել տրավմատիկ իրադարձությունից հետո մեկ ամսվա ընթացքում, սակայն երբեմն դրանք կարող են ի հայտ գալ դեպքից նույնիսկ տարիներ անց:

Այս ախտանիշները լուրջ խնդիրներ են առաջացնում սոցիալական կամ աշխատանքային իրավիճակներում և փոխհարաբերություններում: Դրանք կարող են նաև խանգարել ձեր սովորական առօրյա գործերը կատարելու ունակությանը:

ՀՏՍԽ-ի ախտանիշները հիմնականում խմբավորված են չորս տեսակի՝ սևեռուն հիշողություններ, խուսափում, մտածողության և տրամադրության բացասական փոփոխություններ և ֆիզիկական և հուզական ռեակցիաների փոփոխություններ: Ախտանիշները կարող են տարբեր լինել ժամանակի ընթացքում կամ անձից-անձ:

Սևեռուն հիշողություններ և տրավմայի վերապրում

Սևեռուն հիշողությունների ախտանիշները կարող են ներառել՝

  • տրավմատիկ իրադարձության մասին կրկնվող, անցանկալի անհանգստացնող հիշողություններ
  • տրավմատիկ իրադարձության վերապրում այնպես, կարծես այն նորից կրկնվի (ֆլեշբեք)
  • տրավմատիկ իրադարձության մասին անհանգստացնող երազներ կամ մղձավանջներ
  • լուրջ հուզական անհանգստություն կամ ֆիզիկական ռեակցիաներ ինչ-որ բանի նկատմամբ, որը ձեզ հիշեցնում է տրավմատիկ իրադարձության մասին:

Խուսափում

Խուսափման ախտանիշները կարող են ներառել`

  • խուսափում տրավմատիկ իրադարձության մասին մտածելուց կամ խոսելուց
  • խուսափում այն վայրերից, գործունեությունից կամ մարդկանցից, որոնք ձեզ հիշեցնում են տրավմատիկ իրադարձության մասին:

Մտածողության և տրամադրության բացասական փոփոխություններ

Մտածողության և տրամադրության բացասական փոփոխությունների ախտանիշները կարող են ներառել՝

  • բացասական մտքեր ձեր, այլ մարդկանց կամ աշխարհի մասին
  • ապագայի հանդեպ հուսալքություն
  • հիշողության հետ կապված խնդիրներ, ներառյալ տրավմատիկ իրադարձության կարևոր պահերը չհիշելը
  • մտերիմ հարաբերություններ պահպանելու դժվարություն
  • ընտանիքից և ընկերներից կտրվածության զգացում
  • հետաքրքրության բացակայություն այն զբաղմունքների նկատմամբ, որոնք ժամանակին սիրել եք
  • դրական հույզեր զգալու դժվարություն
  • զգացմունքային թմրություն:

Ֆիզիկական և հուզական ռեակցիաների փոփոխություններ

Ֆիզիկական և հուզական ռեակցիաների փոփոխությունների ախտանիշները (նաև կոչվում են գրգռման ախտանիշներ) կարող են ներառել`

  • հեշտությամբ վեր թռնելը կամ վախեցած լինելը
  • վտանգի նկատմամբ միշտ զգույշ լինելը
  • ինքնաոչնչացնող վարքագիծ, օրինակ՝ չափից շատ խմելը կամ շատ արագ վարելը
  • քնի խանգարում
  • կենտրոնանալու խնդիր
  • դյուրագրգռություն, զայրույթի պոռթկումներ կամ ագրեսիվ պահվածք
  • չափազանց մեծ մեղքի կամ ամոթի զգացում:

6 տարեկան և ավելի փոքր երեխաների համար գանգատներն ու ախտանիշները նաև կարող են ներառել՝

  • խաղի միջոցով տրավմատիկ իրադարձության կամ տրավմատիկ իրադարձության որոշ կողմերի վերարտադրում
  • վախեցնող երազներ, որոնք կարող են ներառել կամ չներառել տրավմատիկ իրադարձության դրվագները:

Ախտանիշների ինտենսիվությունը

ՀՏՍԽ-ի ախտանիշները ժամանակի ընթացքում կարող են լինել տարբեր ինտենսիվությամբ: Դուք կարող եք ավելի շատ ՀՏՍԽ-ի ախտանիշներ ունենալ, երբ ընդհանուր առմամբ սթրեսի մեջ եք, կամ երբ բախվում եք հիշեցումներին, թե ինչի միջով եք անցել: Օրինակ, դուք կարող եք լսել կրակոցի ձայն և վերապրել ձեր մարտական հիշողությունները: Կամ դուք կարող եք տեսնել սեռական ոտնձգության մասին լուրերի մասին հաղորդում և զգալ ձեր վրա հարձակման մասին սեփական հիշողությունները:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե տրավմատիկ իրադարձության վերաբերյալ մեկ ամսից ավելի անհանգստացնող մտքեր և զգացմունքներ ունեք, եթե դրանք ծանր են, կամ եթե զգում եք, որ դժվարանում եք վերականգնել ձեր կյանքը վերահսկողության տակ, խոսեք ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ: Հնարավորինս շուտ բուժում ստանալը կարող է օգնել կանխել ՀՏՍԽ-ի ախտանիշների վատթարացումը:

Եթե ունեք ինքնասպանության (սուիցիդալ) մտքեր

Եթե դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկն ինքնասպանության մտքեր ունեք, անմիջապես օգնություն ստացեք այս ռեսուրսներից մեկի կամ մի քանիսի միջոցով՝

  • կապվեք մտերիմ ընկերոջ կամ սիրելիի հետ
  • կապվեք սպասավորի, հոգևոր առաջնորդի կամ ձեր հավատքի համայնքի որևէ մեկի հետ
  • կապվեք ինքնասպանության թեժ գծի հետ
  • պայմանավորվեք ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ:

Ե՞րբ շտապ օգնություն ստանալ

Եթե կարծում եք, որ կարող եք վնասել ինքներդ ձեզ կամ ինքնասպանության փորձ կատարել, անմիջապես զանգահարեք 911 կամ ձեր շտապ օգնության համարին:

Եթե դուք ճանաչում եք մեկին, ով գտնվում է ինքնասպանության փորձի վտանգի տակ կամ ինքնասպանության փորձ է արել, համոզվեք, որ ինչ-որ մեկը մնա այդ անձի հետ՝ նրան ապահով պահելու համար: Անմիջապես զանգահարեք 911 կամ ձեր շտապ օգնության համարին: Կամ, եթե դուք կարող եք դա անել անվտանգ, տեղափոխեք անձին մոտակա հիվանդանոցի շտապ օգնության սենյակ:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024