Ցանը մաշկի և լորձաթաղանթների վրա տարբեր մեծության ու բնույթի, մաշկի կամ լորձաթաղանթի նորմալ գույնը, տեքստուրան (կազմվածքը) և արտաքին տեսքը փոխող գոյացություններ են:
Ցանն առանձին հիվանդություն չէ, այլ ախտանիշ, որն առաջանում է արտաքին (մեխանիկական, քիմիական և այլն) կամ ներքին գործոնների ազդեցությունից (հիվանդություններ, նյութափոխանակության և առանձին օրգանների գործունեության խանգարումներ, վարակներ և այլն):
Ցան կամ ցանավորում տերմիններն ընդհանուր առմամբ օգտագործում են՝ հղում կատարելու բազմաթիվ տարբեր մաշկային հիվանդություններին: Մաշկը կարող է ցանավորվել բազմաթիվ տարբեր ուղղակի կամ անուղղակի պատճառներով, այդ թվում՝ բակտերիալ, վիրուսային կամ սնկիկային վարակներ, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդություններ կամ առողջական խնդիրներ:
Ամենատարածված ցաներից են՝ էկզեմա, եղնջացան, մարզիկի ոտնաթաթ (ոտնաթաթի էպիդերմոֆիտիա), վարակներ, ինչպես նաև ալերգիկ և թունավոր նյութերի շփումից առաջացած ցան:
Մաշկացանների մեծ մասը սովորաբար տևում է մի քանի օր և ինքնուրույն կամ բուժմամբ անհետանում է: Եթե ձեր մաշկի վրա (կամ լորձաթաղանթներին) առաջացել է ցան, որը շարունակվում է ավելի երկար կամ ուղեկցվում այլ անհանգստացնող երևույթներով, պետք է դիմել բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024