Գոյություն ունեն մաշկի ցանավորման բազմաթիվ հնարավոր պատճառներ, այդ թվում՝ ալերգիաներ, հիվանդություններ, ռեակցիաներ և դեղամիջոցներ:
Ցանը նաև կարող է պատճառվել բակտերիալ, սնկային, վիրուսային կամ մակաբուծային վարակներով: Ընդ որում, ցանը կարող է դրսևորվել որպես ոչ միայն մաշկային, այլև արտամաշկային կամ ընդհանուր հիվանդությունների ախտանիշ: Դեղերը, քրոնիկ հիվանդությունները կամ ալերգիկ ռեակցիաները, ինչպիսին է եղնջացանը, ցանի բազմաթիվ պատճառների օրինակներից են:
Կոնտակտային դերմատիտ
Ցանի ամենատարածված պատճառներից մեկը կոնտակտային դերմատիտն է, որը զարգանում է, երբ մաշկը ռեակցիա է դրսևորում արտաքին գործոնի հետ ուղղակի շփման հետևանքով: Նման դեպքերում մաշկը կարմրում և բորբոքվում է, իսկ որոշ դեպքերում՝ ջրակալում։
Կոնտակտային դերմատիտի հիմնական պատճառներից են՝
- հագուստի (կտորի) գունանյութեր
- կոսմետիկ ապրանքներ
- թունավոր բույսեր, օրինակ՝ թունավոր բաղեղ և եղինջ
- քիմիական նյութեր, օրինակ՝ լատեք կամ ռետին:
Իմացե՛ք ավելին կոնտակտային դերմատիտի մասին:
Դեղամիջոցներ
Որոշ դեղամիջոցներ տարբեր մարդկանց մոտ կարող են առաջացնել ցան որպես կողմնակի ազդեցություն կամ ալերգիկ ռեակցիա: Ավելին, որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկները կարող են պատճառել լուսազգայունություն, երբ անձն արևի ճառագայթների նկատմամբ դառնում է խոցելի: Լուսազգայունության ռեակցիան արտաքինից նմանվում է արևայրուքին:
Վարակներ
Բակտերիալ, վիրուսային կամ սնկային վարակները նույնպես կարող են առաջացնել ցան: Այս ցաները կախված են վարակի տեսակից: Օրինակ, տարածված սնկային վարակ հանդիսացող կանդիդոզը (կաթնախտ) կարող է առաջացնել մաշկային ծալքերում քոր առաջացնող ցան:
Աուտոիմուն հիվանդություններ
Աուտոիմուն խանգարումը զարգանում է, երբ իմունային համակարգը սկսում է վնասել սեփական առողջ հյուսվածքները: Կան բազմաթիվ աուտոիմուն հիվանդություններ, որոնց մի մասը կարող է ընթանալ ցանով: Օրինակ, համակարգային կարմիր գայլախտը (լուպուս) օրգանիզմի բազմաթիվ համակարգերի, այդ թվում՝ մաշկի վրա ազդող հիվանդություն է, որը քթի և այտերի վրա առաջացնում է թիթեռնիկի նմանվող էրիթեմատոզ ցան:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024