Ցանը դրսևորվում է մաշկի (կամ լորձաթաղանթի) վրա տարբեր տարրերի առաջացմամբ, որոնք էլ փոփոխում են մաշկի (կամ լորձաթաղանթի) նորմալ գույնը, տեքստուրան և արտաքին տեսքը:
Ախտաբանական այդ տարրերը լինում են առաջնային կամ երկրորդային:
Առաջնային ցանն առաջանում է չփոփոխված մաշկի վրա, մինչդեռ երկրորդային ցանը՝ առաջնային ցանային տարրերի հետագա զարգացման հետևանքով։
Ցանի առաջնային կազմաբանական տարրեր
Առաջնային տարրերը չփոփոխված կամ առողջ մաշկի վրա առաջացող ցանավորումն է: Դրանք կարող են լինել խոռոչավոր (ունենալ շճային, արյունային կամ թարախային պարունակությամբ խոռոչ կամ խորշ) և անխոռոչ:
- Թմբիկ (бугорок, tuberculum). անխոռոչ ցանային տարր է, որն ընկած է խոր բուն մաշկի մեջ (դերմա) և ունի 0,5-1 սմ տրամագիծ: Թմբիկի վրա մաշկի գունավորումը և ռելիեֆը փոփոխված է: Թմբիկավոր ցանն իրենց հետո թողնում է սպի կամ սպիական ատրոֆիա, որն էլ կարող է փոփոխվել մինչև խոցի առաջացում:
- Եղնջայտուց (волдырь, urtica). նույնպես անխոռոչ, կլորավուն կամ անկանոն եզրերով վարդագույն, իսկ երբեմն՝ սպիտակավուն կենտրոնով տարր է, որն առաջանում է բուն մաշկի պտկիկային շերտի այտուցից: Ի հայտ գալուց հետո կարող է մնալ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ և ուղեկցվել քորով: Եղնջայտուցն անհետևանք անհետանում է:
- Հանգույցիկ (узелок, papula). ևս անխոռոչ տարր է, որը բերում է մաշկի գունավորման փոփոխության: Ըստ տեղակայման խորության լինում է՝ վերնամաշկային (էպիդերմալ), բուն մաշկային (դերմալ) և վերնամաշկ-բուն մաշկային (էպիդերմոդերմալ): Հանգույցիկները կարող են լինել բորբոքային և ոչ բորբոքային և անհետևանք անհետանալ: Ըստ հանգույցների մեծության լինում են
- միլիար (1-3 մմ տրամագծով)
- լենտիկուլյար (0,5-0,7 սմ)
- նումուլյար (1-3 սմ):
- Բշտիկ (пузырёк, vesicula). մինչև 0,5 սմ տրամագծով մեծությամբ և հատակ, ծածկ և խոռոչ ունեցող ցանային տարր է, որն ունի շճային կամ շճա-արյունային պարունակություն: Կարող է լինել միախոռոչ և բազմախոռոչ: Բացվելու դեպքում առաջացնում են էրոզիաներ: Բշտիկները կարող են առաջանալ՝
- վերնամաշկի մեջ՝ ներվերնամաշկային (ինտրաէպիդերմալ)
- վերնամաշկի տակ՝ ենթավերնամաշկային (սուբէպիդերմալ):
- Բուշտ (пузырь, bulla). ունի վերևում նկարագրված բշտիկի կառուցվածքը, պարունակությունը և մաշկի հաստության մեջ տեղակայումը, սակայն ավելի մեծ է՝ ավելի քան 0,5 սմ տրամագծով: Բացվելու դեպքում դարձյալ առաջացնում է էրոզիա:
- Թարախաբշտիկ (гнойничок, pustula). թարախային պարունակությամբ տարր է: Տարբերում են մակերեսային և խոր թարախաբշտիկներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կարող է լինել ֆոլիկուլյար և ոչ ֆոլիկուլյար:
- Մակերեսային ոչ ֆոլիկուլյար թարախաբշտիկն (ֆլիկտեն) ունի պղտոր պարունակություն: Ֆլիկտենին հարող մաշկը կարմրած է: Ֆլիկտենն առաջանում է վերնամաշկի մեջ և արտաքինից նմանվում է բշտի: Հետաճելուց առաջացնում է կեղև, որից հետո մնում է ժամանակավոր գունազրկում (դեպիգմենտացիա) կամ գերգունավորում (հիպերպիգմենտացիա):
- Խոր ոչ ֆոլիկուլյար թարախաբշտիկը (էկտիմ) առաջացնում է թարախային հատակով խոց և իրենցից հետո թողնում է սպի:
- Մակերեսային ֆոլիկուլյար թարախաբշտիկն իր մեջ ներառում է մազային պարկիկի (ֆոլիկուլ) 2/3-ը: Տեղակայվում է վերնամաշկում կամ բուն մաշկի պտկիկային շերտում, կոնաձև է, ունի 1-5 մմ տրամագիծ, որի կենտրոնում մազն է: Այս թարախաբշտիկի լավանալուց հետո երկրորդային տարր չի մնում:
- Խոր ֆոլիկուլյար թարախաբշտիկը ներառում է ամբողջ մազային պարկիկը և տեղակայվում է ամբողջ բուն մաշկի սահմաններում: Կենտրոնում ձևավորվում է մեկ (ֆուրունկուլ) կամ մի քանի (կարբունկուլ) մեռուկացած օջախ: Լավացումից հետո տեղում մնում է սպի:
- Բիծ (пятно, macula). մաշկային ծածկույթի գույնի տեղային փոփոխություն է: Լինում է անոթային (բորբոքային կամ ոչ բորբոքային), պիգմենտային և արհեստական (տատու):
- Հանգույց (узел, nodus). խոռոչ չունեցող, բուն մաշկում խոր ընկած կամ դրա տակ՝ ենթամաշկում (հիպոդերմա) տեղակայված և մեծ չափեր ունեցող (2-10 սմ և ավելի մեծ տրամագիծ) ինֆիլտրացված տարր է: Հանգույցները կարող են լինել բորբոքային և ոչ բորբոքային: Հանգույցի տեղում առաջանում է խոց:
- Ռոզեոլա կամ վարդագույն բիծ (розеола, roseola). սա բաց վարդագույն կամ կարմիր 1-5 մմ փոքր բիծ է, որն ունի անկանոն կամ կլորավուն ձև, աղավաղված կամ հստակ եզրագծեր: Ռոզեոլաները մաշկի մակարդակից վեր չեն բարձրացնում և անհետանում են մաշկը սեղմելիս կամ ձգելիս: Ռոզեոլային ցանն ի հայտ է գալիս բազմաթիվ վարակային հիվանդությունների ժամանակ և բնորոշ է հատկապես որովայնային տիֆին:
- Արյունահոսություն (геморрагия, haemorrhagia). մաշկի անոթների վնասման պատճառով ներմաշկային արյունազեղում է: Lինում են կետային կամ տարբեր ձևի և մեծության բծային: Մաշկը ձգելիս չեն անհետանում:
Ցանի երկրորդային կազմաբանական տարրեր
Երկրորդային տարրերն արդեն գոյություն ունեցող ցանի առաջնային տարրերի ձևափոխումներն են:
- Հետաճ կամ ատրոֆիա (атрофия, atrophia). մաշկի բարակումն ու հյուծումն է: Գլխի մազածածկ մասի մազերի ֆոլիկուլների ատրոֆիան բերում է կայուն և անշրջելի մազաթափության:
- Վեգետացիա (вегетация, vegetatio). բուն մաշկի պտկիկային շերտի և վերնամաշկի սերտաճումն է:
- Գերգունավորում կամ հիպերպիգմենտացիա (гиперпигментация, hyperpigmentatio). մաշկային ծածկույթի որոշ շրջանների գունավորման փոփոխությունն է (սովորաբար՝ մգացում կամ մուգ երանգավորում), որը կապված է անհետացած առաջնային տարրերի տեղերում մելանինի կամ հեմոսիդերինի քանակության մեծացման հետ:
- Մաշկի գունափոխում (дисхромия кожи, dyschromia cutis). մաշկի պիգմենտացիայով պայմանավորված մաշկի բնածին կամ ձեռք բերովի գունափոխումն է: Հանրահայտ օրինակներից է պեպենը (էֆելիդներ, ռուսերեն՝ веснушки):
- Գունազրկում կամ դեպիգմենտացիա (депигментация, depigmentatio). մաշկի որոշ տեղամասերի ժամանակավոր կամ մշտական գունազրկում է, որը մաշկի մելանինի քանակի նվազեցման պատճառով առաջանում է որոշ առաջնային տարրերի անհետացման տեղում:
- Լիխենիֆիկացիա (лихенификация, lichenificatio). մաշկի ուժեղացած պատկերով օջախ է՝ հաստացած, չոր, գունավորված կամ վարդագույն երանգով: Երևում են ռոմբայաձև հանգույցիկներ՝ շրջապատված խոր գծային ակոսներով: Երբեմն օջախը ծածկված է քերծվածքներով, հեմոռագիկ մանր կեղևներով, որոնք առաջանում են սանրելու ժամանակ: Առաջանում է քրոնիկ դերմատոզների ժամանակ, որոնք ուղեկցվում են ուժեղ քորով (ավելի հաճախ՝ էկզեմա և նեյրոդերմիտ): Ավելի հաճախ առաջանում են պարանոցի վրա, ենթածնկային, արմնկային կամ աճուկային ծալքերում:
- Սպի (рубец, cicatrix). խիտ շարակցան հյուսվածի գոյացություն, որն առաջանում է մաշկի վնասվածքից կամ բորբոքումից հետո հյուսվածքների վերականգնման հետևանքով:
- Քերծվածք (ссадина или экскориация, excoriatio). սա մաշկի մակերեսային դեֆեկտ է, որն առաջանում է քերծվածքի, սանրելու կամ այլ վնասվածքներից: Քերծվածքներն ունեն վարակվելու մեշ հակում:
- Կեղև (струп, crusta). առաջանում է բշտիկների, թարախաբշտիկների պարունակության, ինչպես նաև շճային, թարախային կամ արյունային արտադրությամբ էրոզիաների և խոցերի չորացման տեղում: Արտադրուկի բնույթից կախված կեղևի գույնը կարող է լինել տարբեր:
- Ճաք (трещины, fissura) և պատռվածք (надрывы, rhagades). առաջանում է մաշկի էլաստիկության կորստով պայմանավորված դրա ամբողջականության խանգարման պատճառով: Պայմանավորված է մաշկի բորբոքմամբ կամ գերձգվածությամբ: Ճաքը սովորաբար ունի գծային ձև և կարող է տեղակայվել ինչպես եղջերային, այնպես էլ ամբողջ վերնամաշկի և բուն մաշկի մակերեսային շերտերում: Մակերեսային ճաքը լավանալուց հետո հետք չի թողնում, սակայն խոր ճաքից հետո կարող է մնալ գծային սպի:
- Թեփուկ (чешуйки, squama). փխրված և միմյանց միջև կապը կորցրած եղջերային թերթիկների կուտակում է: Ըստ ձևի ու մեծության կարող են լինել թեփանման, երբ կարծես թե մաշկի վրա ալյուր է շաղ տված և շերտավոր: Թեփուկների գույնը կարող է լինել տարբեր՝ սպիտակ, մոխրագույն, շագանակագույն կամ դեղին:
- Էրոզիա (эрозия, erosio). վերնամաշկի մակերեսային դեֆեկտ է, որը չի հասնում հիմային (բազալ) թաղանթ կամ ավելի խոր շերտեր: Ի տարբերություն խոցի, իրենից հետո չի թողնում սպի: Առաջանում է բշտիկի կամ բշտի տեղում:
- Խոց (язва, ulcus). ուշ լավացող հատիկավորվող (գրանոլլացիոն) արատ է, որն առաջանում է հյուսվածքների մեռուկացման պատճառով՝ վերականգնման (ռեգեներացիա) պրոցեսների բացակայության կամ թուլության պայմաններում։
- Թիթեղիկ (бляшка, tubula). սա մաշկի վրա 5 մմ տրամագծից մեծ պնդացած գյացություն է, որը բարձրանում է մաշկի մակարդակից վերև: Թիթեղիկներն առաջանում են հանգույցիկների միաձուլումից և կարող են ունենալ հստակ եզրագծեր (օրինակ՝ փսորիազի ժամանակ) կամ առանց եզրագծի ձուլվել շրջապատող մաշկին (օրինակ՝ տարբեր մաշկաբորբերի ժամանակ):
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024