Ուղիղաղիքային քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ ուղիղ աղիքի առողջ բջիջների ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ):
Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել:
ԴՆԹ-ի փոփոխությունները հրահանգում են բջիջներին, որ աճեն անվերահսկելիորեն և շարունակեն ապրել առողջ բջիջների մահից հետո: Կուտակվող բջիջները կարող են ուռուցք առաջացնել։ Ժամանակի ընթացքում քաղցկեղի բջիջները կարող են աճել՝ ներաճելով և ոչնչացնելով մոտակայքում գտնվող առողջ հյուսվածքները: Քաղցկեղային բջիջները կարող են պոկվել և տեղափոխվել (մետաստազներ տալ) դեպի օրգանիզմի այլ շրջաններ:
Ուղիղաղիքային քաղցկեղի մեծ մասի համար պարզ չէ, թե ինչն է առաջացնում այն մուտացիաները, որոնք առաջացնում են քաղցկեղի ձևավորում:
Ժառանգական գենային մուտացիաներ, որոնք մեծացնում են հաստ աղիքի և ուղիղ աղիքի (կոլոռեկտալ) քաղցկեղի վտանգը
Որոշ ընտանիքներում ծնողներից երեխաներին փոխանցված գենային մուտացիաները մեծացնում են կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը: Այս մուտացիաները կազմում են ուղիղ աղիքի քաղցկեղի միայն փոքր տոկոսը: Կոլոռեկտալ քաղցկեղի հետ կապված որոշ գեներ մեծացնում են հիվանդության առաջացման ռիսկը, սակայն դրանք անխուսափելի չեն դարձնում քաղցկեղի զարգացումը:
Երկու հստակ սահմանված գենետիկ կոլոռեկտալ քաղցկեղի համախտանիշները ներկայացվում են ստորև:
- Լինչի համախտանիշ. Լինչի համախտանիշը, որը նաև հայտնի է որպես ժառանգական ոչ պոլիպոզային կոլոռեկտալ քաղցկեղ (ԺՈՊԿՔ, HNPCC), մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի և այլ քաղցկեղի վտանգը: Լինչի համախտանիշով մարդիկ հակված են հաստ աղիքի քաղցկեղի զարգացմանը մինչև 50 տարեկանը:
- Ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ (ԸԱՊ, FAP). ԸԱՊ-ը հազվադեպ հանդիպող խանգարում է, որը հաստ աղիքի և ուղիղ աղիքի լորձաթաղանթում առաջացնում է հազարավոր պոլիպներ: Չբուժված ԸԱՊ ունեցող մարդկանց մոտ 40 տարեկանից առաջ հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը զգալիորեն մեծանում է:
Գենետիկ թեստը կարող է հայտնաբերել այս և այլ, ավելի հազվադեպ հանդիպող ժառանգական կոլոռեկտալ քաղցկեղի համախտանիշները: Եթե դուք մտահոգված եք հաստ աղիքի քաղցկեղի ձեր ընտանեկան պատմության մասին, խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե արդյոք ձեր ընտանեկան պատմությունը հուշում է, որ դուք ունեք այս հիվանդությունների ռիսկը:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ուղիղ աղիքի քաղցկեղի ռիսկը, նույնն են, ինչ նրանք, որոնք մեծացնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հասատ աղիքի և ուղիղ աղիքի՝ կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Ավելի մեծ տարիք. կոլոռեկտալ քաղցկեղը կարող է ախտորոշվել ցանկացած տարիքում, սակայն այս տեսակի քաղցկեղով մարդկանց մեծամասնությունը 50 տարեկանից մեծ է: Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերը 50-ից ցածր տարիքի մարդկանց մոտ աճել են, բայց բժիշկները վստահ չեն, թե ինչու:
- Աֆրոամերիկյան ծագում. ԱՄՆ-ում ծնված աֆրիկյան ծագում ունեցող մարդիկ կոլոռեկտալ քաղցկեղի ավելի մեծ ռիսկ ունեն, քան եվրոպական ծագում ունեցող մարդիկ:
- Կոլոռեկտալ քաղցկեղի կամ պոլիպների անձնական պատմություն. կոլոռեկտալ քաղցկեղի ձեր ռիսկն ավելի բարձր է, եթե արդեն ունեցել եք ուղիղ աղիքի քաղցկեղ, հաստ աղիքի քաղցկեղ կամ ադենոմատոզ պոլիպներ:
- Աղիքների բորբոքային հիվանդություն. հաստ աղիքի և ուղիղ աղիքի քրոնիկ բորբոքային հիվանդությունները, ինչպիսիք են խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը, մեծացնում են կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը:
- Ժառանգական համախտանիշներ, որոնք մեծացնում են ուղիղ աղիքի քաղցկեղի ռիսկը. Գենետիկ համախտանիշները, որոնք փոխանցվել են ձեր ընտանիքի սերունդների միջով, ներառյալ ԸԱՊ և Լինչի համախտանիշը, կարող են մեծացնել հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի ռիսկը:
- Կոլոռեկտալ քաղցկեղի ընտանեկան պատմություն. դուք ավելի հավանական է, որ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդանաք, եթե ունեք հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղով ծնող, քույր, եղբայր կամ երեխա:
- Բանջարեղենների ցածր պարունակությամբ սնննդակարգ. կոլոռեկտալ քաղցկեղը կարող է կապված լինել բանջարեղենից աղքատ և կարմիր մսով հարուստ սննդակարգի հետ, հատկապես, երբ միսը խորոված կամ լավ եփված է:
- Ֆիզիկական թերակտիվություն. եթե դուք ֆիզիկապես ակտիվ չեք, ավելի հավանական է, որ ձեզ մոտ զարգանա կոլոռեկտալ քաղցկեղ: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել քաղցկեղի ռիսկը:
- Դիաբետ. վատ վերահսկվող 2-րդ տիպի դիաբետով մարդկանց մոտ կարող է աճել կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը:
- Գիրություն. գեր մարդկանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղի ավելի մեծ ռիսկ կա՝ համեմատած առողջ քաշ ունեցող մարդկանց հետ:
- Ծխելը. ծխող մարդկանց մոտ կարող է աճել կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը:
- Ալկոհոլ խմելը. շաբաթական երեքից ավելի ալկոհոլային խմիչքների կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը:
- Նախորդ քաղցկեղի համար ճառագայթային թերապիա. նախկին քաղցկեղի բուժման համար որովայնի խոռոչին ուղղված ճառագայթային թերապիան կարող է մեծացնել կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024