Գրադարան
Ուղիղ աղիքի քաղցկեղ․ բուժում

5 րոպե
Ուղիղաղիային քաղցկեղի բուժումը հաճախ ներառում է տարբեր բուժումների համակցում:
Հնարավորության դեպքում օգտագործվում է վիրահատություն՝ քաղցկեղային բջիջները կտրել-հեռացնելու համար: Այլ բուժումները, ինչպիսիք են քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան, կարող են օգտագործվել վիրահատությունից հետո՝ ոչնչացնելու մնացած քաղցկեղային բջիջները և նվազեցնելու քաղցկեղի վերադարձի ռիսկը:
Եթե վիրաբույժները մտահոգված են, որ քաղցկեղը չի կարող ամբողջությամբ հեռացվել առանց մոտակա օրգանների և կառուցվածքների վնասելու, ձեր բժիշկը կարող է որպես նախնական բուժում խորհուրդ տալ քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համակցություն: Այս համակցված բուժումները կարող են փոքրացնել քաղցկեղը և հեշտացնել վիրահատական հեռացումը:
Վիրահատություն
Ուղիղաղիքային քաղցկեղը հաճախ բուժվում է քաղցկային բջիջները հեռացնող վիրահատությամբ: Թե որ վիրահատությունն է ձեզ համար լավագույնը, կախված է ձեր կոնկրետ իրավիճակից, ինչպիսիք են ձեր քաղցկեղի տեղակայումը և փուլը, քաղցկեղային բջիջների ագրեսիվությունը (աճելու արագությունը), ձեր ընդհանուր առողջությունը և ձեր նախասիրությունները:
Ուղիղաղիքային քաղցկեղի բուժման համար օգտագործվող վիրահատությունները ներառում են հետևյալը։
Շատ փոքր քաղցկեղների հեռացում ուղիղ աղիքի ներսից. ուղիղ աղիքի շատ փոքր քաղցկեղները կարող են հեռացվել կոլոնոսկոպի կամ հետանցքի միջոցով տեղադրվող այլ մասնագիտացված էնդոսկոպիական սարքերի միջոցով (տրանսանալ տեղային հեռացում): Վիրաբուժական գործիքները կարող են անցնել էնդոսկոպի միջով, որ հատեն քաղցկեղը և դրա շուրջ գտնվող որոշ առողջ հյուսվածքները: Այս միջամտությունը կարող է տարբերակ լինել, եթե ձեր քաղցկեղը փոքր է և քիչ հավանական է, որ տարածվի մոտակա ավշային հանգույցների վրա: Եթե լաբորատոր անալիզով պարզում է, որ ձեր քաղցկեղի բջիջները ագրեսիվ են կամ ավելի հավանական է, որ տարածվեն դեպի ավշային հանգույցներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ վիրահատություն:
Ուղիղ աղիքի ամբողջական կամ մի մասի հեռացում. ուղիղ աղիքի ավելի մեծ քաղցկեղները, որոնք բավական հեռու են հետանցքային անցուղուց, կարող են հեռացվել մի միջամտությամբ (ցածր առաջնային ռեզեկցիա), որը հեռացնում է ուղիղ աղիքն ամբողջությամբ կամ դրա մի մասը: Հեռացվում են նաև մոտակա հյուսվածքները և ավշային հանգույցները: Այս միջամտությունը պահպանում է հետանցքը, որ կղանքային արտաթորանքները նորմալ դուրս գան օրգանիզմից: Այն, թե ինչպես է կատարվում միջամտությունը, կախված է քաղցկեղի գտնվելու տեղից: Եթե քաղցկեղն ախտահարում է ուղիղ աղիքի վերին հատվածը, ուղիղ աղիքի այդ հատվածը հեռացվում է, այնուհետև հաստ աղիքը կցվում է մնացած ուղիղ աղիքին (կոլոռեկտալ անաստոմոզ): Ուղիղ աղիքն ամբողջությամբ կարող է հեռացվել, եթե քաղցկեղը գտնվում է ուղիղ աղիքի ստորին հատվածում: Նման դեպքերում հաստ աղիքը ձևավորվում է քսակի մեջ և ամրացվում հետանցքին (կոլոանալ անաստոմոզ):
Ուղիղ աղիքի և հետանցքի հեռացում. ուղիղ աղիքի այն քաղցկեղի դեպքում, որը գտնվում է հետանցքի մոտ, հնարավոր չէ, որ քաղցկեղն ամբողջությամբ հեռացվի առանց վնասելու աղիների դատարկումը վերահսկող մկանները: Այս իրավիճակներում վիրաբույժները կարող են առաջարկել վիրահատություն, որը կոչվում է որովայնաշեքային (աբդոմինոպերինեալ) ռեզեկցիա (ՈՇՌ, APR)՝ ուղիղ աղիքի, հետանցքի և հաստ աղիքի որոշ հատվածների, ինչպես նաև մոտակա հյուսվածքների և ավշային հանգույցների հեռացման համար:
Վիրաբույժը որովայնի խոռոչում բացվածք է ստեղծում և կցում մնացած հաստ աղիքը (կոլոստոմիա): Կղանքային արտաթորանքները ձեր մարմնից դուրս են գալիս այդ բացվածքով և հավաքվում տոպրակի մեջ, որը փակցվում է որովայնի պատին:
Քիմիոթերապիա
Քիմիոթերապիան օգտագործում է դեղամիջոցներ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում քիմիոթերապիան կարող է առաջարկվել վիրահատությունից հետո՝ ոչնչացնելու ցանկացած քաղցկեղային բջիջ, որը կարող է մնալ միջամտությունից հետո:
Քիմիոթերապիան՝ ճառագայթային թերապիայի հետ զուգակցված, կարող է օգտագործվել նաև վիրահատությունից առաջ մեծ քաղցկեղի փոքրացման համար, որ այն ավելի հեշտ լինի հեռացնել վիրահատության միջոցով:
Քիմիոթերապիան կարող է օգտագործվել նաև ուղիղ աղիքի այն քաղցկեղի ախտանիշները թեթևացնելու համար, որը հնարավոր չէ հեռացնել վիրահատության միջոցով կամ տարածվել է օրգանիզմի այլ շրջաններում:
Ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա)
Ճառագայթային թերապիան օգտագործում է էներգիայի հզոր աղբյուրներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ ճառագայթային թերապիան հաճախ զուգակցվում է քիմիաթերապիայի հետ, ինչը մեծացնում է քաղցկեղի բջիջների ճառագայթումից վնասվելու հավանականությունը: Այն կարող է օգտագործվել վիրահատությունից հետո՝ ոչնչացնելու ցանկացած քաղցկեղային բջիջ, որը կարող է մնալ միջամտությունից հետո: Կամ այն կարող է օգտագործվել վիրահատությունից առաջ՝ քաղցկեղը փոքրացնելու և այն ավելի հեշտ հեռացնելու համար:
Երբ վիրահատությունը տարբերակ չէ, ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել ախտանիշները, ինչպիսին է ցավը մեղմացնելու համար:
Համակցված քիմիոթերապիա և ճառագայթային թերապիա
Քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայի (քիմիոռադիոթերապիա) համատեղումը քաղցկեղային բջիջներն ավելի խոցելի է դարձնում ճառագայթման նկատմամբ: Համակցումը հաճախ օգտագործվում է ուղիղ աղիքի ավելի մեծ քաղցկեղի կամ այն քաղցկեղների դեպքում, որոնք վիրահատությունից հետո կրկնվելու ավելի մեծ ռիսկ ունեն:
Քիմիոռադիթերապիան կարող է առաջարկվել հետևյալ դեպքերում:
- Վիրահատությունից առաջ. քիմիոռադիոթերապիան կարող է օգնել քաղցկեղի այնքան փոքրացմանը, որ հնարավոր լինի կատարել ավելի քիչ ինվազիվ վիրահատություն: Համակցված բուժումը կարող է մեծացնել հավանականությունը, որ ձեր վիրահատությունը անվնաս կթողնի հետանցքի շրջանը, և վիրահատությունից հետ դուք կկարողանաք նորմալ ճանապարհով դատարկել ձեր աղիները:
- Վիրահատությունից հետո. եթե ձեր առաջին բուժումը վիրահատությունն էր, ապա ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ քիմիոռադիթերապիա դրանից հետո, եթե կա մեծ ռիսկ, որ ձեր քաղցկեղը կարող է կրկնվել:
- Որպես առաջնային բուժում. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ քիմիոռադիթերապիա՝ քաղցկեղի աճը վերահսկելու համար, եթե ձեր ուղիղ աղիքի քաղցկեղը տարածված է կամ եթե վիրահատությունը տարբերակ չէ:
Թիրախային դեղորայքային թերապիա
Թիրախային դեղորայքային թերապիան կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա առանձնահատուկ «խոցելի» տեղերի վրա: Արգելափակելով դրանք՝ թիրախային դեղորայքային թերապիաները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան:
Թիրախային դեղերը սովորաբար զուգակցվում են քիմիոթերապիայի հետ: Թիրախային դեղերը սովորաբար նշանակվում են ուղիղ աղիքի տարածված քաղցկեղով հիվանդ մարդկանց:
Իմունոթերապիա
Իմունոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող գրոհել ձեր քաղցկեղի վրա, քանի որ քաղցկեղային բջիջները արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց «թաքնվել» իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան գործում է՝ խախտելով այդ գործընթացը։
Իմունոթերապիան սովորաբար նշանակվում է ուղիղ աղիքի տարածված քաղցկեղի դեպքում:
Օժանդակող (պալիատիվ) բուժում
Պալիատիվ խնամքը կենտրոնանում է ցավից և ծանր հիվանդության այլ ախտանիշներից ազատվելու վրա: Պալիատիվ խնամքի մասնագետները աշխատում են ձեր, ձեր ընտանիքի և ձեր մյուս բժիշկների հետ՝ տրամադրելու լրացուցիչ աջակցություն, որը լրացնում է ձեր շարունակական խնամքը:
Պալիատիվ խնամքը տրամադրվում է բժիշկների, բուժքույրերի և հատուկ պատրաստված այլ մասնագետների կողմից: Պալիատիվ խնամքի անձնակազմերը նպատակ ունեն բարելավելու քաղցկեղով հիվանդ մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակը: Խնամքի այս ձևը առաջարկվում է ամոքիչ կամ այլ բուժումների հետ մեկտեղ, որոնք դուք կարող եք ստանալ:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-03-2023 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: