Ուղիղ աղիքի քաղցկեղի ախտորոշումը ներառում է ախտանիշների գնահատում, բուժզննում և մի շարք հետազոտություններ:
Ուղիղաղիքային քաղցկեղի ախտորոշման հետազոտություններ
Ուղիղ աղիքի քաղցկեղը կարող է հայտնաբերվել կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային թեստի ժամանակ: Կամ դա կարող է կասկածվել՝ ելնելով ձեր գանգատներից ու ախտանիշներից: Ախտորոշումը հաստատելու համար օգտագործվող հետազոտություններն ու միջոցառումները ներառում են հետևյալը:
- Ձեր հաստ աղիքի և ուղիղ աղիքի ներսից դիտում (կոլոնոսկոպիա). կոլոնոսկոպիան օգտագործում է երկար, ճկուն խողովակ (կոլոնոսկոպ), որի ազատ ծայրին ամրացված է լուսավորող տեսախցիկ` ձեր հաստ աղիքն ու ուղիղ աղիքը դիտելու համար: Եթե ձեր ուղիղ աղիքում հայտնաբերվում է քաղցկեղ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետազոտել ձեր հաստ աղիքը՝ լրացուցիչ կասկածելի տարածքներ փնտրելու համար:
- Հյուսվածքի նմուշի հեռացում հետազոտելու համար (բիոպսիա). եթե կոլոնոսկոպիայով հայտնաբերվում է որևէ կասկածելի շրջան, ձեր բժիշկը կարող է կոլոնոսկոպով ներմուծել վիրաբուժական գործիքներ, որ վերցնի հյուսվածքային նմուշներ և հեռացնի պոլիպները: Հյուսվածքի նմուշն ուղարկվում է լաբորատորիա՝ արյան և հյուսվածքների վերլուծության մեջ մասնագիտացած բժիշկների՝ ախտաբանների կողմից հետազոտման համար: Թեստերը կարող են որոշել՝ արդյոք բջիջները քաղցկեղային են, արդյոք դրանք ագրեսիվ են (արագ աճող են) և քաղցկեղային բջիջների որ գեներն են ոչ նորմալ: Ձեր բժիշկն օգտագործում է այս տեղեկատվությունը ձեր կանխատեսումը (պրոգնոզ) հասկանալու և ձեր բուժման տարբերակները որոշելու համար:
Ուղիղաղիքային քաղցկեղի տարածումը գտնող հետազոտություններ
Երբ դուք ախտորոշվեք ուղիղ աղիքի քաղցկեղով, հաջորդ քայլը քաղցկեղի տարածման (փուլի) որոշումն է: Ձեր քաղցկեղի փուլի սահմանումը օգնում է ձեր կանխատեսման (պրոգնոզ) գնահատմանը և բուժման տարբերակների որոշմանը:
Փուլերի որոշման հետազոտությունները ներառում են հետևյալը:
- Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ, CBC). այս թեստը ներկայացնում է ձեր արյան տարբեր տեսակի բջիջների քանակը: ԱԸՔ-ը ցույց է տալիս, թե արդյոք ձեր արյան կարմիր բջիջների քանակը ցածր է (սակավարյունությունը), ինչը հուշում է, որ ուռուցքն առաջացնում է արյան կորուստ: Լեյկոցիտների բարձր մակարդակը վարակի նշան է, ինչը վտանգ է ներկայացնում, եթե ուռուցքը ներաճում է ուղիղ աղիքի պատի հաստության մեջ:
- Արյան թեստեր՝ օրգանների գործունեությունը գնահատելու համար. արյան կենսաքիմիական անալիզները չափում են արյան մեջ տարբեր քիմիական նյութերի մակարդակը: Դրանցից որոշների շեղված մակարդակները կարող են հուշել, որ քաղցկեղը տարածվել է լյարդում: Այլ քիմիական նյութերի բարձր մակարդակը կարող է վկայել այլ օրգանների, օրինակ՝ երիկամների հետ կապված խնդիրների մասին:
- Կարցինոէմբրիոնային հակածին (CEA). քաղցկեղները երբեմն արտադրում են նյութեր, որոնք կոչվում են ուռուցքային մարկերներ, որոնք կարող են հայտնաբերվել արյան մեջ: Նման մարկերներից մեկը՝ CEA–ն, կարող է սովորականից ավելի բարձր լինել կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ: CEA–ի թեստավորումը հատկապես օգտակար է բուժմանը ձեր արձագանքը վերահսկելու համար:
- Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). այս պատկերային թեստն օգնում է պարզել, թե արդյոք ուղիղ աղիքի քաղցկեղը տարածվել է այլ օրգանների վրա, ինչպիսիք են լյարդը և թոքերը:
- Կոնքի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն ապահովում է ուղիղ աղիքի ուռուցքը շրջապատող մկանների, օրգանների և այլ հյուսվածքների մանրամասն պատկերը: ՄՌՏ-ն նաև ցույց է տալիս ուղիղ աղիքի մոտ գտնվող ավշային հանգույցները և ուղիղ աղիքի պատի հյուսվածքի տարբեր շերտերը:
Ձեր բժիշկն օգտագործում է այս հետազոտություններից ստացված տվյալները՝ ձեր քաղցկեղի փուլը նշանակելու համար: Ուղիղաղիքային քաղցկեղի փուլերը նշվում են հռոմեական թվերով, որոնք տատանվում են 0-ից մինչև IV: Ամենացածր փուլը ցույց է տալիս քաղցկեղը, որը սահմանափակվում է ուղիղ աղիքի ներքին լորձաթաղանթով: IV փուլով քաղցկեղը համարվում է տարածված, որը տարածվել է (մետաստազավորվել է) օրգանիզմի այլ շրջաններում:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024