Ախտորոշումը կատարելու համար ձեր ակնաբույժը կանցկացնի աչքի մանրակրկիտ քննություն, այդ թվում՝ տեսողության ստուգում և կփնտրի շեղումներ աչքի որևէ մասում:
Հիվանդության տեղակայումը և աչքի վնասման չափը որոշելու համար կարող են առաջարկվել հետևյալ հետազոտությունները:
- Ամսլերի ցանցային թեստ. ձեր բժիշկը կարող է օգտագործել Ամսլերի ցանց՝ ձեր կենտրոնական տեսողության հստակությունը ստուգելու համար: Նա կհարցնի ձեզ, թե արդյոք ցանցի գծերը ստվերված, կտրված կամ աղավաղված են ընկալվում, և կգրանցի, թե ցանցի որ շրջանում են նման շեղումները գրանցվել, որ ավելի լավ հասկանա ցանցաթաղանթի վնասման չափը: Եթե ունեք մակուլյար դեգեներացիա, բժիշկը կարող է առաջարկել այս թեստը՝ ձեր վիճակը տանն ինքնուրույն վերահսկելու համար:
- Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա (OCT). այս հետազոտությունը հիանալի միջոց է ցանցաթաղանթի հստակ պատկերներ ստանալու համար՝ էպիռետինալ թաղանթները, մակուլյար անցքերը և մակուլյար այտուցն ախտորոշելու, տարիքային թաց մակուլյար դեգեներացիայի զարգացման աստիճանը վերահսկելու և բուժման արդյունավետությունը գնահատելու համար:
- Ֆունդուս աուտոֆլյուրոցենցիա (FAF). այս մեթոդը կարող է օգտագործվել ցանցաթաղանթի հիվանդությունների, այդ թվում՝ մակուլյար դեգեներացիայի հարաճուն զարգացումը գնահատելու համար: FAF-ն տեսանելի է դարձնում ցանցաթաղանթի պիգմենտը (լիպոֆուսցին), որն ավելանում է ցանցաթաղանթի վնասման կամ խանգարման դեպքում:
- Ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիա. այս հետազոտության ժամանակ օգտագործվում է ներկանյութ, որի շնորհիվ ցանցաթաղանթի արյունատար անոթները տեսանելի են դառնում հատուկ լույսի ներքո: Սա օգնում է ճշգրիտ բացահայտել խցանված, արտահոսող կամ նոր ձևավորված ոչ նորմալ արյունատար անոթները և աչքի հետին շերտի նուրբ փոփոխությունները:
- Ինդոցիանին կանաչով անգիոգրաֆիա. այս հետազոտությունն օգտագործում է ներկանյութ, որը լուսավորվում է, երբ ենթարկվում է ինֆրակարմիր լույսի ազդեցությանը: Ստացված պատկերները ցույց են տալիս ցանցաթաղանթի և ցանցաթաղանթի տակ գտնվող հյուսվածքի (խորոիդ) ավելի խոր և ավելի դժվար տեսանելի արյունատար անոթները:
- Գերձայնային հետազոտություն. այս հետազոտությունն օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ (գերձայն)՝ դիտելու աչքի ցանցաթաղանթը և այլ կառուցվածքային տարրերը: Այն կարող է բացահայտել հյուսվածքային որոշակի առանձնահատկություններ կամ շեղումներ, որոնք կարող են օգնել աչքի ուռուցքների ախտորոշմանը և բուժմանը:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). հազվադեպ, այս պատկերային հետազոտությունները կարող են օգնել աչքի վնասվածքների կամ ուռուցքների ախտորոշմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-03-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024