Բուժման հիմնական նպատակներն են դադարեցնել կամ դանդաղեցնել հիվանդության զարգացումը և պահպանել, բարելավել կամ վերականգնել ձեր տեսողությունը:
Շատ դեպքերում արդեն իսկ հասցված վնասումը հնարավոր չէ վերացնել, ինչը կարևոր է դարձնում վաղ հայտնաբերումը: Ձեր բժիշկը կաշխատի ձեզ հետ՝ միասին լավագույն բուժումը որոշելու համար:
Ցանցաթաղանթային հիվանդության բուժումը կարող է լինել բարդ և երբեմն՝ անհետաձգելի: Տարբերակները ներառում են հետևյալը:
- Լազերի օգտագործում. լազերային վիրահատությունը կարող է վերականգնել ցանցաթաղանթի պատռվածքը կամ անցքը: Ձեր վիրաբույժն օգտագործում է լազեր՝ ցանցաթաղանթի կոնկրետ կետերը տաքացնելու համար: Սա առաջացնում է սպիներ, որոնք ցանցաթաղանթը կապում (եռակցում) են հիմքում ընկած հյուսվածքին: Ցանցաթաղանթի նոր պատռվածքի անհետաձգելի լազերային բուժումը կարող է նվազեցնել ցանցաթաղանթի շերտազատման զարգացման հավանականությունը:
- Ոչ նորմալ արյունատար անոթների այրում (լազերային ֆոտոկոագուլյացիա). ձեր բժիշկը կարող է օգտագործել այս մեթոդը նոր ձևավորված ոչ նորմալ արյունատար անոթները վերացնելու համար, որոնք արյունահոսում են աչքի մեջ կամ ունեն արյունահոսելու ռիսկ: Բուժումը կարող է օգնել պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիա ունեցող մարդկանց: Այնուամենայնիվ, լազերային ֆոտոկոագուլյացիայի տարածուն օգտագործումը կարող է հանգեցնել կողմնակի (ծայրամասային) կամ գիշերային տեսողության կորստի:
- Սառեցում (կրիոպեքսիա). այս միջամտության ընթացքում ակնային վիրաբույժն աչքի արտաքին պատի վրա կիրառում է սառեցնող զոնդ՝ ցանցաթաղանթի պատռվածքը վերականգնելու համար: Խիստ սառնությունը հասնում է աչքի ներս և սառեցնում ցանցաթաղանթը։ Բուժված հատվածը հետագայում սպիանում է և ցանցաթաղանթը պահում աչքի պատին կպած վիճակում:
- Աչքի մեջ օդի կամ գազի ներմուծում (պնևմատիկ ռետինոպեքսիա). այս մեթոդը կիրառվում է ցանցաթաղանթի շերտազատման որոշակի տեսակների վերականգնման համար: Այն կարող է օգտագործվել կրիոպեքսիայի կամ լազերային ֆոտոկոագուլյացիայի հետ համատեղ։
- Աչքի մակերեսի խորացում (եղջերաթաղանթային կամ սկլերալ պլոմբում). այս վիրահատությունն առաջարկվում է ցանցաթաղանթի շերտազատումը վերականգնելու համար: Ակնային վիրաբույժը սիլիկոնե նյութի մի փոքր կտոր կարում է աչքի արտաքին մակերեսին (սկլերա): Սա սեղմում է սկլերան և ազատում է ցանցաթաղանթի վրա ապակենման մարմնի քաշող ազդեցությունից՝ թույլ տալով, որ ցանցաթաղանթը վերականգնի իր նորմալ դիրքը: Այս մեթոդը կարող է օգտագործվել այլ բուժումների հետ միասին:
- Աչքում առկա հեղուկի հեռացում և փոխարինում (վիտրէկտոմիա). այս միջամտության ժամանակ ակնային վիրաբույժը հեռացնում է ժելեանման հեղուկը, որը լցնում է ձեր աչքի ներքին տարածությունը (ապակենման մարմին), որի փոխարեն ներմուծում է օդ, գազ կամ հատուկ հեղուկներ (բալանսավորված աղային լուծույթներ, տարբեր մածուցիկության սիլիկոնե յուղեր և այլն): Վիտրէկտոմիան կարող է առաջարկվել, եթե արյունահոսությունը (հեմօֆթալմ) կամ բորբոքումը հանգեցնում է ապակենման մարմնի պղտորացման և փակում է ցանցաթաղանթը դիտելու վիրաբույժի տեսադաշտը: Այս մեթոդը կարող է կիրառվել որպես ցանցաթաղանթի պատռվածք, դիաբետիկ ռետինոպաթիա, մակուլյար անցք, էպիռետինալ թաղանթ, վարակ, աչքի վնասվածք կամ ցանցաթաղանթի շերտազատում ունեցող մարդկանց բուժման մի մաս:
- Դեղամիջոցի ներակնային ներարկում. ձեր բժիշկը կարող է առաջարկել դեղորայքի ներարկում աչքի ապակենման մարմնի մեջ: Այս մեթոդը կարող է արդյունավետ լինել թաց մակուլյար դեգեներացիա, դիաբետիկ ռետինոպաթիա կամ աչքի ներսում պատռված արյունատար անոթներ ունեցող մարդկանց բուժման համար:
- Ցանցաթաղանթային պրոթեզի իմպլանտացիա. մարդիկ, ովքեր ունեն ցանցաթաղանթի որոշակի ժառանգական հիվանդության հետ կապված տեսողության լուրջ կորուստ կամ կուրություն, կարող են ունենալ այս վիրահատության կարիքը: Ցանցաթաղանթի մեջ տեղադրվում է փոքրիկ էլեկտրոդային չիպ, որը թույլ է տալիս հատուկ ակնոցներով ընկալել տեսողական տեղեկատվությունը, որը վնասված ցանցաթաղանթն այլևս չի կարող մշակել:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024