Ռևմատոիդ գործոնի կամ RF թեստը աուտոիմուն բորբոքային հիվանդությունների մարկեր համարվող լաբորատոր թեստ է:
Ի՞նչն են հետազոտում
Ռևմատոիդ գործոնի (RF) թեստը չափում է արյան մեջ այս նյութի մակարդակը: Ռևմատոիդ գործոնները սպիտակուցներ են, որոնք արտադրվում են ձեր իմունային համակարգի կողից: Այս համակարգը տարբեր, հաճախ՝ անհայտ պատճառներով կարող է «գրոհել» և ախտահարել սեփական առողջ հյուսվածքները:
Արյան մեջ ռևմատոիդ գործոնների բարձր մակարդակներն ավելի հաճախ կապված են աուտոիմուն խանգարումների հետ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը և Շյոգրենի համախտանիշը: Սակայն RF-ը կարող է հայտնաբերվել նաև որոշ առողջ մարդկանց մոտ, ինչպես նաև որևէ աուտոիմուն խանգարմամբ մարդկանց մոտ կարող են գրանցվել RF-ի նորմալ մակարդակներ:
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
RF թեստը հանդիսանում է մի խումբ արյան թեստերից մեկը, որոնք հիմնականում նշանակվում են ռևմատոիդ արթրիտն ախտորոշելիս: Այլ թեստերից են՝
- հակակորիզային հակամարմին (ANA)
- հակա-ցիկլիկ ցիտրուլինային պեպտիդի հակամարմիններ (anti-CCP)
- C-ռեակտիվ սպիտակուց (CRP)
- էրիտրոցիտների նստման արագություն (ESR):
Արյան մեջ RF-ի մակարդակը նաև կարող է բժշկին օգնել համապատասխան բուժման տարբերակ ընտրելիս:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
RF թեստը պահանջում է ձեր երակային արյան քիչ քանակության նմուշ (մինչև 3-4 մլ): Ցանկալի է լաբորատորիա այցելել քաղցած վիճակում և հետևել բժշկի մյուս հրահանգներին (օրինակ, որոշ դեղեր կարող են բարձրացնել RF-ի մակարդակը):
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Դրական RF թեստը վկայում է, որ ձեր արյան մեջ հայտնաբերվել է ռևատոիդ գործոնի բարձր մակարդակ, որը սերտորեն կապված է աուտոիմուն խանգարումների, մասնավորապես՝ ռևմատոիդ արթրիտի հետ: Սակայն կան տարբեր այլ հիվանդություններ և վիճակներ, որոնք նույնպես կարող են բերել այս գործոնի հայտնաբերման, օրինակ՝
- քաղցկեղային հիվանդություններ (չարորակ նորագոյացություններ)
- քրոնիկ վարակներ
- թոքի բորբոքային հիվանդություններ, օրինակ՝ սարկոիդոզ
- խառը շարակցական հյուսվածքի հիվանդություն
- Շյոգրենի համախտանիշ
- համակարգային կարմիր գայլախտ (լուպուս)։
Որոշ առողջ մարդկանց, հատկապես՝ մեծ տարիքովների մոտ անհայտ պատճառներով նույնպես կարող է գրանցվել բարձր RF: Նույն կերպ, ռևմատոիդ արթրիտով որոշ մարդկանց մոտ ռևմատոիդ գործոնը կարող է լինել նորմայի սահմաններում:
Լրացուցիչ տեղեկատվություն
RF թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք RF թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024