Ռոտավիրուսային վարակի հարուցիչը ռոտավիրուս անվանումով վիրուսն է:
Վարակված մարդու կղանքում ռոտավիրուս հայտնաբերվում է ախտանիշների ի հայտ գալուց երկու օր առաջ և դրանց բարելավումից մինչև 10 օր հետո: Այս ընթացքում վիրուսը հեշտությամբ տարածվում է ձեռք-բերան շփման միջոցով, նույնիսկ եթե վարակված անձը չունի ախտանիշներ:
Եթե ունեք ռոտավիրուս և չեք լվանում ձեր ձեռքերը զուգարանից օգտվելուց հետո կամ ձեր երեխան ունի ռոտավիրուս, և դուք չեք լվանում ձեր ձեռքերը երեխայի տակդիրը փոխելուց կամ ձեր երեխայի զուգարանից օգտվելուն օգնելուց հետո, վիրուսը կարող է տարածվել ցանկացած բանով, որին դիպչում եք, այդ թվում՝ սնունդ, խաղալիքներ, կենցաղի ու սպասքի պարագաներ: Եթե մեկ այլ անձ դիպչում է ձեր չլվացած ձեռքերին կամ աղտոտված առարկային, իսկ հետո դիպչում է իր բերանին, կարող է վարակվել: Վիրուսը կարող է վարակիչ մնալ այն մակերեսների վրա, որոնք շաբաթներ կամ ամիսներ շարունակ չեն ախտահանվել:
Հայտվելով վարակված մարդու մարսողական խողովակում, ռոտավիրուսը կարող է առաջացնել սուր վիրուսային գաստրոէնտերիտ:
Ռոտավիրուսով հնարավոր է վարակվել մեկից ավելի անգամ, նույնիսկ եթե պատվաստված եք: Այնուամենայնիվ, կրկնվող վարակները սովորաբար ավելի թեթև ընթացք ունեն:
Ռիսկի գործոններ
Ռոտավիրուսային վարակները տարածված են 3-ից 35 ամսական երեխաների շրջանում, հատկապես նրանց, ովքեր ժամանակ են անցկացնում երեխաների խնամքի հաստատություններում (մսուր մանկապարտեզ և այլն): Տարեցները և մանկահասակ երեխաներին խնամող չափահասները նույնպես վարակման ավելի մեծ ռիսկ ունեն:
ԱՄՆ-ում և եվրոպական տարածաշրջանում ռոտավիրուսով վարակվելու ռիսկն ամենաբարձրն է ձմռան և գարնան ամսիներին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024