Ռոտավիրուս

Ռոտավիրուսը վիրուսային հիվանդություն է, որն առաջացնում է փորլուծություն և գաստրոէնտերիտ:
Ռոտավիրուսային վարակը գլխավորապես հանդիպում է 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների շրջանում: Տարբեր երկրներում երեխաները ռոտավիրուսի դեմ ստանում են ստանդարտ պատվաստում: Հայաստանում մինչև 3 ամսական երեխաների՝ ռոտավիրուսի դեմ պատվաստումը ներառված է պլանային պատվաստումների շարքում։
Ի՞նչ է պատճառում ռոտավիրուսը
Ռոտավիրուսը կարող է առաջացնել սուր վիրուսային գաստրոէնտերիտ:
Վիրուսը սովորաբար տարածվում է վարակված մարդու հետ հետևյալ ճանապարհներով շփվելիս՝
- անձից-անձ շփում, հատկապես, երբ վարակված անձը չի լվացել իր ձեռքերը
- վարակված մարդու փսխման կամ փորլուծության զանգվածների հետ շփում
- վարակված առարկաների, պարագաներ, սննդի կամ ջրի հետ շփում:
Ռոտավիրուսը տարածվում է շատ հեշտությամբ, քանի որ վարակումը կարող է տեղի ունենալ մինչև հիվանդի ինձնազգացողության վատանալը կամ մյուս գանգատների դրսևորվելը (օրինակ, երեխաները վարակիչ կարող են դառնալ ախտանիշների ի հայտ գալուց դեռ 48 ժամ առաջ):
Ռոտավիրուսի ախտանիշները
Ռոտավիրուսային վարակը կարող է առաջացնել՝
- բարձր ջերմություն (տենդ)
- փսխումներ
- որովայնի շրջանի ցավեր
- ջրոտ փորլուծություն:
Գանգատները սովորաբար շարունակվում են մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:
Ի տարբերություն նորածինների, որոնց մոտ հիվանդությունը համեմատաբար թեթև ընթացք ունի, հիվանդությունն առավել ծանր է ընթանում 3 ամսականից մեծ երեխաների մոտ։ Ռոտավիրուսն ամբողջ աշխարհում վաղ մանկական հասակի երեխաների ծանր փորլուծության ամենահաճախ հանդիպող պատճառն է:
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ռոտավիրուսային վարակը կարող է ընթանալ առանց ախտանիշների, իսկ ռոտավիրուսով հիվանդները կարող են վարակիչ մնալ մոտ 2 շաբաթվա ընթացքում:
Ներկայում ռոտավիրուսի ախտորոշման համար առավել հաճախ կիրառում են լաբորատոր հետազոտությունները՝ իմունաֆերմենտային և լատեքս ագլյուտինացիայի թեստերը։
Ռոտավիրուսի բուժումը
Սովորաբար առանց որևէ բուժման հիվանդությունն անցնում է իր բոլոր փուլերը, սակայն դուք կարող եք՝
- պահպանել հանգստի և անկողնային ռեժիմ
- ընդունել առատ հեղումներ՝ ուղղված փորլուծությամբ պատճառված ջրազրկման կանխարգելմանը (օգտակար կարող են լինել նաև առանց դեղատոմստի վաճառվող ռեհիդրատացիոն ըմպելիքները)
- խուսափել լուծի դեմ դեղեր ընդունելուց, քանի դեռ այդ մասին խորհուրդ չի տվել ձեր բժիշկը:
Կրծքով կերակրվող նորածինները կարող են շարունակել սնվել մայրական կաթով, սակայն նրանք լրացուցիչ հեղուկներ ստանալու կարիք կունենան:
Եթե փսխող կամ լուծող երեխան մինչև 6 ամսական է կամ դրսևորում է վատ ինքնազգացողության նշաններ, ապա պետք է այցելել ձեր բժշկին: Եթե ձեր երեխան մինչև 2 ամսական է, բժիշկը կարող է առաջարկվել մի քանի օր հիվանդանոցային պայմաններում ջրազրկման դեմ բուժում:
Ռոտավիրուսի կանխարգելումը
Ռոտավիրուսի կանխարգելման լավագույն մեթոդը երեխաներին պատվաստելն է:
Ռոտավիրուսի դեմ պատվաստում
Պատվաստվելը ռոտավիրուսի դեմ լավագույն պաշտպանական միջոցն է: Այս աղյուսակը ներկայացնում է, թե ինչպես է պատվաստանյութը տրվում, ում պետք է տրվի և այլ հարակից հարցեր: Որոշ վարակներ կարող են կանխարգելվել տարբեր պատվաստումների միջոցով, ուստի նախապես զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե որ տարբերակն է ձեզ համար լավագույնը:
Ո՞ր տարիքում է խորհուրդ տրվում | 2 և 4 ամսականում կամ 2, 4 և 6 ամսականում, պատվաստանյութից կախված |
Քանի՞ դեղաչափ է անհրաժեշտ | 2 կամ 3, պատվաստանյութից կախված |
Ինչպե՞ս է տրվում | Օրալ (կուլ տալու միջոցով) |
Կողմնակի ազդեցություններ | Պատվաստանյութը խիստ անվտանգ է, և սովորաբար որևէ անցանկալի ազդեցություն չի դրսևորվում: Խիստ հազվադեպ պատվաստումը ստանալուց 1-7 օրվա ըթնացքում նորածնի մոտ կարող են առաջանալ աղիքային խնդիրներ (կոչվում է intussusception): |
Կան ռոտավիրուսի տարածումը կանխարգելող տարբեր ճանապարհներ:
- Հաճախակի լվացեք ձեր ձեռքերը, հատկապես սննդին ձեռք տալուց, զուգարանից օգտվելուց կամ երեխայի տակաշորերը փոխելուց հետո: Առանձնահատուկ ուշարդություն դարձրեք երեխայի ռոտավիրուսային պատվաստումը ստանալուց հետո առաջին 2 շաբաթվա ընթացքում, քանի որ վերջինիս կղանքային արտաթորանքները կարող են պարունակել ռոտավիրուս (պատվաստանյութը պարունակում է կենդանի ռոտավիրուս):
- Ռոտավիրուսով հնարավոր աղտոտված առարկաները, պարագաները, ներքնաշորերն ու տակդիրները լավ լվացեք օճառով և շատ տաք ջրով, որից հետո դրանք լավ չորացրեք:
- Եթե դուք ունեք փորլուծություն, ապա խուսափեք լողավազան հաճախելուց գանգատները վերանալուց առնվազն 2 շաբաթվա ընթացքում:
- Ռոտավիրուսով երեխային մի ուղարկեք մանկամսուր և պահեք տանը փորլուծությունը դադարելուց առնվազն 24 ժամվա ընթացքում:
Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2020