Ռոտավիրուսային վարակը սովորաբար սկսվում է վիրուսի ազդեցությանը ենթարկվելուց՝ վարակվելուց երկու օրվա ընթացքում:
Վաղ ախտանշաններն են ջերմությունը և փսխումը, որին հաջորդում է երեքից յոթ օր տևող ջրային փորլուծությունը: Վարակը նաև կարող է առաջացնել որովայնային ցավ։
Ի տարբերություն նորածինների, որոնց մոտ հիվանդությունը համեմատաբար թեթև ընթացք ունի, հիվանդությունն առավել ծանր է ընթանում 3 ամսականից մեծ երեխաների մոտ։ Ռոտավիրուսն ամբողջ աշխարհում վաղ մանկական հասակի երեխաների ծանր փորլուծության ամենահաճախ հանդիպող պատճառն է:
Առողջ չափահասների մոտ ռոտավիրուսային վարակը կարող է առաջացնել միայն թեթև գանգատներ և ախտանիշներ կամ դրանք կարող են ընդհանրապես բացակայել: Այնուամենայնիվ, ռոտավիրուս կրող հիվանդները կարող են վարակիչ մնալ մոտ 2 շաբաթվա ընթացքում:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք երեխայի բժշկի հետ, եթե ձեր երեխան՝
- ունի փորլուծություն, որը շարունակվում է ավելի քան 24 ժամ
- հաճախակի փսխում է
- ունի սև կամ ձութանման կղանք կամ արյուն կամ թարախ պարունակող կղանք
- ունի 38,9 °C (102 F) կամ ավելի բարձր ջերմաստիճան
- թվում է հոգնած, դյուրագրգիռ կամ ցավեր ունեցող
- ունի ջրազրկման (դեհիդրատացիայի) գանգատներ կամ ախտանիշներ, այդ թվում՝ չոր բերան, լաց առանց արցունքների, մեզի քչացում կամ բացակայություն, անսովոր քնկոտություն կամ հարցերն ու շփումը թողնում է անարձագանք:
Եթե չափահաս եք, զանգեք ձեր բժշկին, եթե դուք՝
- փսխումների պատճառով չեք կարողանում ջուր ընդունել 24 ժամ և ավելի երկար
- ունեք փորլուծություն, որը շարունակվում է երկու օրից ավելի
- ձեր փսխման զանգվածներում կամ կղանքում նկատում եք արյուն
- ունեք 39,4 °C (103 F) կամ ավելի բարձր ջերմաստիճան
- ունեք ջրազրկման (դեհիդրատացիայի) գանգատներ կամ ախտանիշներ, այդ թվում՝ մշտական ուժեղ ծարավ, չոր բերան, մեզի քչացում կամ բացակայություն, ծանր թուլություն, կանգնելիս գլխապտույտ կամ թեթև ուշագնացության զգացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024