Ռոտավիրուսի տարածումը նվազեցնելու համար մանրակրկիտ և հաճախ լվացեք ձեր ձեռքերը, հատկապես զուգարանից օգտվելուց, ձեր երեխայի տակդիրը փոխելուց կամ երեխային զուգարանից օգտվելուն օգնելուց հետո:
Այնուամենայնիվ, նույնիսկ ձեռքերի հաճախակի և մանրակրկիտ լվանալը որևէ երաշխիք չի տալիս, որ չեք վարակվի կամ չեք տարածի վարակը: Իսկ մեծ կիրառություն ստացած ալկոհոլի վրա հիմնված ձեռքերի ախտահանիչները քիչ ազդեցություն ունեն ռոտավիրուսի վրա:
Ռոտավիրուսի տարածումը կանխարգելող այլ ուղիներից են՝
- ռոտավիրուսով հնարավոր աղտոտված առարկաները, պարագաները, ներքնաշորերն ու տակդիրները լավ լվացեք օճառով և շատ տաք ջրով, որից հետո դրանք լավ չորացրեք
- եթե ունեք փորլուծություն, խուսափեք լողավազան հաճախելուց գանգատները վերանալուց առնվազն 2 շաբաթվա ընթացքում
- ռոտավիրուսային վարակով երեխային մի՛ ուղարկեք մանկամսուր և պահեք տանը փորլուծությունը դադարելուց առնվազն 24 ժամվա ընթացքում:
Ռոտավիրուսի դեմ պատվաստում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ, WHO) բոլոր երկրներին խորհուրդ է տալիս, որ նորածիններին ռոտավիրուսային պատվաստանյութ տրվի: Ներկայում առկա է երկու տեսակի պատվաստանյութ:
- ՌոտաՏեք. այս պատվաստանյութը տրվում է բերանով, երեք դեղաչափերով, հաճախ՝ 2, 4 և 6 ամսականում: Պատվաստանյութը հաստատված չէ ավելի մեծ տարիքի երեխաների կամ չափահասների օգտագործման համար:
- Ռոտառիքս․ այս պատվաստանյութը բերանային օգտագործման (օրալ) հեղուկ է, որը երեխաներին տրվում է երկու դեղաչափով՝ 2 և 4 ամսականում:
Պատվաստանյութերը համարվում են անվտանգ և արդյունավետ, և հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք ամեն տարի կանխում են հազարավոր երեխաների մոտ ռոտավիրուսային վարակի զարգացումը: Այնուամենայնիվ, հազվադեպ, դրանք կարող են պատճառ դառնալ, որ աղիքի մի մասը ետ շրջվի իր մեջ (ինվագինացիա), ինչի հետևանքով հնարավոր է կյանքին վտանգ սպառնացող աղիքային խցանում (անանցանելիություն):
Երեխաները, ովքեր ունեցել են ինվագինացիա, ավելի հավանական է, որ կրկին ունենան ռոտավիրուսային պատվաստանյութ ստանալուց հետո 1-7 օրվա ընթացքում: ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) խորհուրդ է տալիս ռոտավիրուսային պատվաստանյութ չտալ այն երեխաներին, ովքեր ունեն աղիների ինվագինացիայի պատմություն:
Այն երեխաների համար, ովքեր չունեն ինվագինացիայի պատմություն, շատ փոքր ռիսկ կա, որ այն կարող է զարգանալ ռոտավիրուսային պատվաստանյութից հետո: Չնայած դրան, պատվաստանյութի օգուտները շատ ավելին են, քան ռիսկերը:
Եթե ձեր երեխան ռոտավիրուսային պատվաստանյութ ստանալուց հետո ունի ստամոքսի ցավ, փսխում, փորլուծություն, կղանքի մեջ արյուն կամ կղանքի փոփոխություն, անմիջապես դիմեք նրա բժշկին: Հիշեք նաև, որ ռոտավիրուսային պատվաստումը ստանալուց հետո առաջին 2 շաբաթվա ընթացքում երեխայի կղանքային արտաթորանքները կարող են պարունակել ռոտավիրուս (պատվաստանյութը պարունակում է կենդանի ռոտավիրուս): Ուստի, այս ընթացքում առավել խիստ պահպանեք ձեռքերի և ընդհանուր հիգիենայի կանոնները:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024