Մարդու աճի հորմոնը (հGH) կամ պարզապես աճի հորմոնը արտադրվում է գլխուղեղում տեղակայված մակուղեղում։
Աճի հորմոնի այլ անվանումն է սոմատոտրոպ հորմոն (STH)։
Ի՞նչ է մարդու աճի հորմոնը
Աճի հորմոնը փոքր սպիտակուցային մոլեկուլ է, որն արտադրվում է գլխուղեղի ամենախոր մասում տեղակայված կարևոր ներզատական գեղձի՝ մակուղեղի (հիպոֆիզ) առաջնային բլթի կողմից։ Արտադրվելուց հետո այս հորմոնը մուտք է գործում արյան հուն, տեղափոխվում օրգանիզմի բոլոր հյուսվածքները և խթանում դրանց աճը։
Աճի հորմոնի անբավարարությունը երեխաների մոտ առաջացնում է աճի դանդաղեցում (հիպոֆիզային գաճաճություն), իսկ չափահասների մոտ՝ առողջական այլ խնդիրներ։
Երեխաների մոտ աճի հորմոնի գերարտադրությունն առաջացնում է գիգանտիզմ (հսկայություն, արտասովոր բարձր հասակ), իսկ չափահասների մոտ՝ ակրոմեգալիա (դեմքի ոսկրերի, դաստակների և ոտնաթաթերի արտասովոր գերաճ)։ Ոսկրային այսպիսի փոփոխություններից բացի աճի հորմոնի ավելցուկային քանակները նաև հանգեցնում են առողջական այլ խնդիրների։
Ներկայումս առկա է աճի հորմոնի սինթետիկ (արհեստական) տարբերակը։
Աճի հորմոնի բժշկական օգտագործումը
Աճի հորմոնը կարող է բժշկի կողմից նշանակվել դանդաղած աճով ու զարգացմամբ երեխաներին և այն չափահասներին, ում մոտ արյան թեստով հայտնաբերվում է հորմոնի նորմայից ցածր ցուցանիշներ։
Աճի հորմոնը սովորաբար նշանակվում է ներարկման ճանապարհով, եթե հակացուցումները բացակայում են (օրինակ՝ սկոլիոզ):
Աճի հորմոնի ոչ օրինական օգտագործումը
Աճի հորմոնը կամ այն պարունակող հավելումը կարող է առաջարկվել ոչ բժշկական ցուցումներով, օրինակ՝ մկանների աճի համար։ Սա խիստ վտանգավոր է, քանի որ կարող է առաջացնել ակրոմեգալիա, 2-րդ տիպի դիաբետ, բարձր արյան ճնշում, լյարդի ախտահարում, սրտային հիվանդություններ և վաղաժամ ծերացում։
Լրացուցիչ տեղեկատվություն
Աճի հորմոնի թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք մարդու աճի հորմոնի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան թեստերի մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024