Հետազոտողները շարունակում են ուսումնասիրել զարգացման կակազության հիմքում ընկած պատճառները:
Կակազության մեջ կարող է դեր խաղալ տարբեր գործոնների համակցություն: Զարգացման կակազության հնարավոր պատճառները ներառում են հետևյալը:
- Խոսքային շարժիչ (մոտոր) հսկողության խանգարումներ․ որոշ տվյալներ վկայում են այն բանի օգտին, որ կակազության մեջ կարող են ներգրավված լինել խոսքի շարժիչ հսկողության խանգարումները, ինչպիսիք են համաժամանակեցումը (սինխրոնիզացիա), զգայական և շարժիչ կորդինացիան։
- Գենետիկա․ կակազությունը հակված է հանդիպել որոշակի ընտանիքներում: Հնարավոր է, որ այն կարող է առաջանալ ժառանգական (գենետիկ) խանգարումների պատճառով։
Այլ պատճառներից առաջացած կակազություն
Զարգացման կակազությունից բացի խոսքի սահունությունը նաև կարող է խանգարվել այլ պատճառներով: Ինսուլտը, գանգուղեղային տրավման կամ գլխուղեղի այլ խանգարումները կարող են առաջացնել դանդաղած, դադարներով կամ կրկնվող հնչյուններով խոսք (նյարդածին կամ նեյրոգեն կակազություն):
Խոսքի սահունությունը նաև կարող է խանգարվել հուզական անհանգստության համատեքստում: Բանախոսները, ովքեր չեն կակազում, կարող են զգալ խոսքի սահունության աղճատում, երբ նյարդայնանում են կամ զգում են ճնշվածություն: Նույն այս իրավիճակները կարող են նաև պատճառ դառնալ, որ կակազող մարդկանց խոսքն էլ ավելի քիչ սահուն լինի: Խոսքի դժվարությունները, որոնք ի հայտ են գալիս հուզական տրավմայից հետո (հոգեծին կամ փսիպոգեն կակազություն), հազվադեպ են և նույնը չեն, ինչ զարգացման կակազությունը:
Ռիսկի գործոններ
Արական սեռի ներկայացուցիչներն շատ ավելի հաճախ են կակազում, քան իգական սեռի ներկայացուցիչները: Կակազության ռիսկը կարող են մեծացնել հետևյալ գործոնները:
- Հետաձգված մանկական զարգացում․ երեխաներն, ովքեր ունեն զարգացման հետաձգումներ կամ խոսքի այլ խնդիրներ, ավելի հավանական է, որ կակազեն:
- Կակազող հարազատներ ունենալը․ կակազությունը հակված է հանդիպել ընտանիքներում:
- Սթրես․ ընտանեկան լարված մթնոլորտը, ծնողների բարձր ակնկալիքները կամ այլ տեսակի ճնշումները կարող են վատթարացնել առկա կակազությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024