Կակազության գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- բառ, արտահայտություն կամ նախադասություն սկսելու դժվարություն
- բառի մեջ վանկերի կամ հնչյունների երկարացում
- հնչյունի, վանկի կամ բառի հարկադրական կրկնություն
- որոշակի վանկերի կամ բառերի համար կարճատև լռություն կամ բառի մեջ դադարներ («կոտրված բառ»)
- լրացուցիչ բառերի ավելացում, օրինակ՝ «ըմ», եթե ակնկալվում է հաջորդ բառին անցնելու դժվարություն
- դեմքի կամ մարմնի վերին հատվածի ավելորդ լարվածություն, ձգվածություն կամ շարժում՝ բառ արտաբերելու համար
- խոսելու հետ կապված անհանգստություն
- արդյունավետ հաղորդակցման սահմանափակված ունակություն:
Կակազելու հետ կապված խոսքի դժվարությունները կարող են ուղեկցվել հետևյալ նշաններով կամ երևույթներով՝
- աչքերի արագ թարթում
- շրթունքների կամ ծնոտի դող (տրեմոր)
- դիմային տիկեր
- գլխի ցնցումներ
- բռունցքների սեղմում:
Կակազելը կարող է ավելի սաստկանալ, երբ անձը հուզված, հոգնած կամ սթրեսի մեջ է կամ երբ անհարմար է զգում, շտապում է կամ զգում է ճնշվածություն: Իրավիճակները, ինչպիսիք են խմբի առջև խոսելը կամ հեռախոսով զրուցելը, կարող են առանձնակի դժվար լինել կակազող մարդկանց համար:
Այնուամենայնիվ, կակազող մարդկանց մեծամասնությունը կարող է խոսել առանց կակազելու, երբ խոսում է ինքն իր հետ հետ կամ երբ երգում կամ խոսում է մեկ ուրիշի հետ միաժամանակ:
Ե՞րբ դիմել բժշկին կամ խոսքի-լեզվի մասնագետին
2-ից 5 տարեկան երեխաների համար կակազելու ժամանակաշրջաններ ունենալը սովորական երևույթ է: Երեխաների մեծամասնության համար սա խոսել սովորելու մի մասն է, և կակազելն ինքնուրույն լավանում է: Այնուամենայնիվ, եթե կակազությունը շարունակվում է, կարող է պահանջվել բուժում՝ ուղղված խոսքի սահունության բարելավմանը:
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ՝ ուղեգիր ստանալու համար կամ ուղղակիորեն դիմեք լոգոպեդին, եթե ունեք կակազություն, որը՝
- տևում է ավելի քան վեց ամսին
- ուղեկցվում է խոսքի կամ լեզվի հետ կապված այլ խնդիրներով
- դառնում է ավելի հաճախակի կամ, չնայած երեխայի մեծանալուն, շարունակվում է
- ուղեկցվում է մկանների ձգման կամ խոսքի հետ կապված տեսանելի դժվարության հետ
- ազդում է դպրոցում, աշխատավայրում կամ սոցիալական հարաբերություններում արդյունավետ հաղորդակցման ունակության վրա
- առաջացնում է անհանգստություն կամ հուզական խնդիրներ, ինչպիսիք են վախը կամ այնպիսի իրավիճակներից խուսափելը, որտեղ պահանջվելու է խոսել
- սկսվում է չափահաս տարիքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024