Եթե դուք կակազող երեխայի ծնող եք, այս հմտությունները կարող են օգտակար լինել:
- Ուշադիր լսեք ձեր երեխային. պահպանեք աչքերի բնական շփումը, երբ նա խոսում է:
- Համբերեք, որ ձեր երեխան ասի այն բառը, որը փորձում է ասել. թույլ տվեք, որ նա ավարտի նախադասությունը կամ միտքը:
- Ժամանակ հատկացրեք ձեր երեխայի հետ առանց ընդհատման խոսելու համար. ճաշի ժամերը կարող են զրույցի լավ հնարավորություն տալ։
- Խոսեք դանդաղ և անշտապ. եթե խոսում եք այս կերպ, ձեր երեխան հաճախ կկրկնօրինակի ձեր խոսքի ձևը, ինչը կարող է օգնել նրա կակազության նվազեցմանը:
- Խոսեք հերթով. խրախուսեք ձեր ընտանիքի բոլոր անդամներին, որ լինեն լավ ունկնդիր և հերթով խոսեն:
- Ձգտեք հանդարտության. ամեն ինչ արեք՝ տանը հանգիստ, խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար, որտեղ ձեր երեխան ազատ խոսելիս իրեն հարմարավետ կզգա:
- Մի՛ կենտրոնացեք ձեր երեխայի կակազության վրա. փորձեք ուշադրություն չդարձնել ձեր երեխայի կակազության վրա ամենօրյա շփումների ժամանակ։ Մի՛ ենթարկեք ձեր երեխային այնպիսի իրավիճակների, որոնք առաջացնում են հրատապության զգացում, ճնշում կամ շտապելու անհրաժեշտություն կամ պահանջում են, որ ձեր երեխան խոսի ուրիշների առջև:
- Գովասանքի, այլ ոչ թե քննադատության արժանացրեք ձեր երեխային․ ավելի լավ է գովել երեխային հստակ խոսելու համար, քան ուշադրություն դարձնել նրա կակազության վրա: Եթե ցանկանում եք ուղղել ձեր երեխայի խոսքը, արեք դա մեղմ, դրական տոնով:
- Ընդունեք ձեր երեխային այնպես, ինչպես կա․ բացասական մի՛ արձագանքեք կամ քննադատեք կամ պատժեք ձեր երեխային կակազության համար: Սա կարող է ավելացնել անապահովության և ինքնամեղադրման զգացումը՝ վատթարացնելով նրա ոչ սահուն խոսքը: Աջակցությունն ու խրախուսանքը կարող են մեծ փոփոխություն առաջացնել:
Այլ մարդկանց հետ հաղորդակցվելը
Կակազող երեխաների, ծնողների և չափահասների համար կարող է օգտակար լինել այլ մարդկանց հետ շփվելը, ովքեր կակազում են կամ ունեն կակազող երեխաներ: Փնտրեք փոխօգնության խմբեր առաջարկող կազմակերպություններ: Խրախուսման հետ մեկտեղ, աջակցող խմբի անդամները կարող են առաջարկել խորհուրդներ և հաղթահարման հմտություններ, որոնց մասին դուք կարող էիք տեղյակ չլինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024