Խոսքի-լեզվի ախտաբանի կողմից համապարփակ գնահատումից հետո կարելի է որոշում կայացնել բուժման լավագույն մոտեցման մասին։
Երեխաների և չափահասների կակազության բուժման համար կան մի քանի տարբեր մոտեցումներ: Անհատական խնդիրների և կարիքների տարբեր լինելու պատճառով այն մեթոդը կամ մեթոդների համակցությունը, որն օգտակար է մեկ անձի համար, կարող է այդքան արդյունավետ չլինել մյուսի համար:
Բուժումը կարող է լիովին չվերացնել կակազությունը, սակայն կարող է սովորեցնել հմտություններ, որոնք օգնում են, որ՝
- բարելավվի խոսքի սահունությունը
- զարգանան արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- դպրոցում, աշխատավայրում և սոցիալական գործունեության մեջ խթանվի անձի լիարժեք մասնակցությունը:
Ստորև ներկայացվում են բուժական մոտեցումների մի քանի օրինակներ (թվարկման հաջորդականությունն արդյունավետության հետ կապված չէ):
- Խոսքի թերապիա (լոգոպեդիա). խոսքի թերապիան կարող է սովորեցնել ձեզ դանդաղեցնել ձեր խոսքը և սովորել նկատել, թե երբ եք կակազում: Խոսքի թերապիա սկսելիս կարող եք շատ դանդաղ և գիտակցաբար խոսել, սակայն ժամանակի ընթացքում կարող եք հասնել ձեր խոսքի ավելի բնական՝ ենթագիտակցական ձևին:
- Էլեկտրոնային սարքեր. կան մի քանի էլեկտրոնային սարքեր, որոնք կարող են օգնել խոսքի սահունության բարելավմանը: Հետաձգված լսողական արձագանքը պահանջում է դանդաղեցնել ձեր խոսքը, հակառակ դեպքում սարքը կարձագանքի աղավաղված խոսքով: Մեկ այլ մեթոդ ընդօրինակում է ձեր խոսքն այնպես, որ թվում է, թե դուք խոսում եք մեկ ուրիշի հետ: Սարքի ընտրության վերաբերյալ խորհուրդ հարցրեք խոսքի ախտաբանից:
- Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա. հոգեթերապիայի (փսիխոթերապիայի) այս տեսակը կարող է օգնել ձեզ սովորել, թե ինչպես բացահայտել և փոխել այն մտածելակերպը, որը կարող է վատթարացնել ձեր կակազությունը: Այն նաև կարող է օգնել ձեզ լուծել կակազության հետ կապված սթրեսը, անհանգստությունը կամ ինքնագնահատականի հետ կապված խնդիրները:
- Ծնող-երեխա փոխազդեցություն. ծնողների ներգրավվածությունը տանը որոշակի մեթոդների կիրառման մեջ կակազության դեմ պայքարում երեխային օգնելու հիմնական մասն է: Հետևեք խոսքի ախտաբանի ցուցումներին՝ ձեր երեխայի համար լավագույն մոտեցումն ընտրելու համար:
Դեղամիջոցներ
Որոշ դեղամիջոցներ փորձարկվել են կակազության դեմ, սակայն դեռևս ապացուցված չէ, որ որևէ դեղամիջոց կարող է օգնել այս խնդրի լուծմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024