Հայաստանում բնակվող բազմաթիվ մարդկանց համար ամառը նշանակում է տնից դուրս գործերի և, ընդհանուր առմամբ, դրսում անցկացվող ժամանակի մեծացում:
Ամռան ամսիներին բազմաթիվ մարդկանց մոտ առաջանում է մաշկի արևայրուք, իսկ նրանց փոքր մասի մոտ՝ նաև արևահարում և մաշկի այրվածք: Սակայն, արևայրուքից բացի, որոշ մարդկանց մոտ ամառվա ընթացքում կարող են առաջանալ նաև այլ տեսակի մաշկային ցաներ:
Այսպիսի ցաները կարող են ունենալ տարբեր պատճառներ՝ արևի ճառագայթներ, միջատներ, գերքրտնարտադրություն, գերտաքացում և կարող են դրսևորվել հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ալերգիա և (կամ) որևէ մաշկային հիվանդություն: Նորածիններն ու մանկահասակ երեխաներն առավել խոցելի են մաշկացաների նկատմամբ, քանի որ նրանց մաշկը հաճախ ավելի զգայուն է:
Կան ցաների տարբեր տեսակներ: Այս հոդվածում ձեզ կներկայացվեն այն ցաները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս ամառային ամիսներին:
Ջերմային ցան կամ քրտնախաշ
Ջերմային ցանը կամ քրտնախաշը ոչ վնասակար, սակայն խիստ քորով ուղեկցվող մաշկային ցան է: Այն դրսևորվում է մարմնի փակ շրջանների մաշկի վրա մանր կարմիր, ցրված կամ խմբավորված, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացմամբ: Ջերմային ցանը կամ քրտնախաշն առաջանում է հատկապես մարմնի այլ շրջաններում, որտեղ կարող է կուտակվել քրտինք՝ թևատակեր (անութային շրջան), թիկունք, կրծքագեղձերի տակ, կրծքավանդակ, աճուկային ծալքեր, շեք, արմնկային ու ծնկային ծալքեր և դաստակ:
Ջերմային ցանը պատճառվում է տաք և բարձր խոնավության պայմաններում քրտնագեղձերի բորբոքմամբ, որն առաջացնում է՝
- մանր կարմիր բշտեր
- գրգռող քոր և խաշվելու զգացում
- ախտահարված շրջանի մաշկի կարմրություն և այտուց:
Իմացե՛ք ավելին, թե ինչպես հաղթահարել շոգ եղանակի ռիսկերը:
Արևային ցան
Որոշ, հատկապես՝ հակաբիոտիկներ ստացող կամ թունաքիմիկատների, հոտանյութերի, ներկանյութերի կամ մանրէազերծող նյութերի ներգործությանը ենթարկվող մարդկանց մոտ մաշկային ցան կարող է առաջանալ արևի ճառագայթների ուղղակի ազդեցության պատճառով: Սա կոչվում է լուսադերմատիտ (ֆոտոդերմատիտ):
Այլ մարդկանց մոտ գարնան կամ վաղ ամռան ամսիներին արևի ճառագայթների ներգործությունը կարող է նպաստել պարանոցի առաջային շրջանի, կրծքավանդակի, ձեռքերի և ազդրերի վրա կարմիր ցանավորման առաջացմանը, որը կոչվում է լուսային բազմաձև ցան (պոլիմորֆ լուսային էրուպցիա, արևային էկզեմա, արևային ալերգիա): Վերջինս առանց բուժման մի քանի օրվա ընթացքում կարող է անհետանալ, սակայն կարող է նաև կրկնվել:
Արևի ճառագայթները կարող են նաև ժառանգական նախատրամադրվածությամբ որոշ մարդկանց մոտ նպաստել համակարգային կարմիր գայլախտ (լուպուս) կոչվող քրոնիկ հիվանդության դրսևորմանը:
Իմացե՛ք ավելին արևից պաշտպանվելու և անվտանգության մասին:
Մաշկային ալերգիաներ
Գարնանային և ամառային ամիսներին շրջակա միջավայրում ի հայտ են գալիս բազմաթիվ նյութեր՝ բորբոսասնկեր, ծաղկափոշիներ, բուսական և կենդանական ծագման այլ միացություններ, որոնք կարող են առաջացնել մաշկի ալերգիկ ռեակցիաներ, այդ թվում՝
- եղնջացան (ուրտիկարիա), որի առաջացմանը կարող են նպաստել տաք միջավայրը կամ քաղցր սնունդը
- էկզեմա (ատոպիկ դերմատիտ), որի ընթացքը կարող է վատթարանալ ամռանը, հատկապես գերքրտնոտության պայմաններում
- որոշ բույսեր և խոտեր կարող են առաջացնել մաշկի ցանավորում։
Մաշկային ցան խայթոցներից
Միջատների խայթոցները սովորաբար առաջացնում են խայթոցի տեղամասի ցավ և թույլ այտուցվածություն, սակայն որոշ, հատկապես՝ միջատի խայթոցի թույնի նկատմամբ ալերգիկ մարդկանց մոտ կարող է նաև զարգանալ սրընթաց մաշկային ռեակցիա: Որոշ դեպքերում նման ռեակցիան դրսևորվում է որպես խայթոցի շրջանում մաշկի տեղային այտուցի առաջացմամբ, որը մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում է:
Այլ մարդկանց մոտ խայթոցի կամ խայթոցի թույնի նկատմամբ ռեակցիան տարածվում է ողջ օրգանիզմով՝ առաջացնելով ամենուրեք ի հայտ եկող մաշկային քոր, ինչպես նաև դեմքի, շրթունքների, լեզվի, ըմպանի ու վերին շնչուղիների այտուցվածություն, սրտազարկի հաճախացում և արյան ճնշման անկում (հիպոտենզիա):
Ողջ օրգանիզմն ընդգրկող գերսուր ալերգիկ ռեակցիան կոչվում է անաֆիլաքսիա և համարվում է կյանքին սպառնացող և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ:
Քրոնիկ մաշկային հիվանդություններ
Քրոնիկ մաշկային հիվանդություններով բազմաթիվ մարդիկ կարող են նկատել, որ ամառվա ամիսներին իրենց գանգատներն ու ախտանիշները սրանում են: Եթե ձեր մաշկային հիվանդության ընթացքն արևի ճառագայթներից կամ շոգ պայմաններում վատթարանում է, անհրաժեշտ է այցելել բժշկին: Նման հիվանդություններից են՝
- քրոնիկ սնկիկային վարակներ, օրինակ՝ դերմատոֆիտիա (տինեա)
- ատոպիկ դերմատիտ (էկզեմա)
- սեբորեային դերմատիտ
- մաշկի քաղցկեղներ կամ նախաքաղցկեղներ (կոչվում են կերատոզներ):
Ինքնօգնություն և բուժումներ
Ամառվա եղանակի հետ կապված մաշկային ցաների մեծ մասը վտանգավոր չէ և մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում է: Նմանատիպ բազմաթիվ ցաները կարող են անվտանգ և արդյունավետ կերպով բուժվել տնային պայմաններում: Բժշկի խորհրդով փորձեք այս միջոցներից մեկնումեկը:
- Կրեք թեթև և ազատ ամառային հագուստ, որն ինքը չի առաջացնում մաշկի տաքացում կամ գերքրտնություն: Նախապատվությունը պետք է տալ բաց գույնի կամ սպիտակ բնական գործվածքներին (օրինակ՝ բամբակ):
- Աշխատեք գտնվել զով, օդորակիչով կամ այլ միջոցներով թարմացվող պայմաններում: Ըստ անհրաժեշտության օգտագործեք հովհարիչ կամ օդափոխիչ:
- Ընդունեք սառը ցնցուղ կամ լոգանք:
- Օգտագործեք բժշկի նշանակած քսուքները, կրեմները կամ հաբերը:
- Փորձեք չքորել ցանավորված շրջանը, քանի որ այն կարող է ավելի սրացնել քորի զգացումը և առաջացնել մաշկի լուրջ վարակային բարդություններ:
Կարևոր է նաև, որ եղանակային շոգ պայմաններում ընդունեք մեծ քանակով ջուր և նվազագույնի հասցնեք ձեր մարմնի վրա արևի ուղղակի ճառագայթների ներգործությունը:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե մաշկացանն ինքնուրույն չի լավանում, ընդհակառակը՝ վատթարանում է կամ ուղեկցվում է մաշկի վարակման նշաններով, այդ թվում՝
- ախտահարված շրջանի ցավ, այտուցվածություն, կարմրություն կամ տեղային տաքություն
- մաշկի ախտահարված շրջանի թարախակալում
- ախտահարված շրջանի հարակից տեղամասերում ավշային հանգույցների մեծացում
- ջերմություն, դող և սարսուռ:
Հազվադեպ, մաշկային ցանը կարող է լինել գլխուղեղի կամ ողնուղեղի ախտահարմամբ ընթացող ծանր վարակային հիվանդության նախանշաններից մեկը: Այցելեք ձեր բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե մաշկային ցանն ուղեկցվում է հետևյալ նշաններով՝
- ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամություն և տենդ
- փսխումներ և սրտխառնոց:
Անհետաձգելի վիճակներ
Անաֆիլաքսիա
Երբ մեղվի կամ կրետի (իշամեղու) խայթոցից մաշկը մի փոքր այտուցվում և ցանավորվում է, դա նորմալ տեղային երևույթ է: Սակայն ալերգիայով որոշ մարդկանց մոտ միջատների խայթոցը կարող է առաջացնել գերսուր ալերգիկ ռեակցիա, որը կոչվում է անաֆիլաքսիա: Անաֆիլաքսիան կյանքին սպառնացող և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է:
Եթե միջատի խայթոցը առաջացնում է գլխապտույտ, շնչարգելություն, ըմպանում կամ կոկորդում այտուցի և սեղմվածության զգացում կամ սրտազարկի հաճախացում, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Ջերմային հարված և օրգանիզմի գերտաքացում
Ջերմային ցանը կարող է լինել ջերմային հարվածի (ջերմային կաթված, արևահարություն) և օրգանիզմի գերտաքացման (ջերմային հյուծում) վաղ նախազգուշացնող նշաններից մեկը:
Եթե արևահարությունից հետո ի հայտ են գալիս մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, կարմրած, չոր և գերտաքացած մաշկ (քանի որ քրտնարտադրությունը դադարել է), սրտազարկի և շնչառության հաճախացում, խիստ ծարավի զգացում, գլխացավ, սրտխառնոց և փսխումներ, գլխապտույտ, շշմածության զգացում, կորդինացիայի վատացում և խոսքի աղավաղում, ագրեսիվ կամ անհանգիստ պահվածք, գիտակցության խանգարումներ, ցնցումներ կամ կոմա, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024