Այտուցված ոտքերը, որոնց վրա երևում են ոլորուն կամ ցցված երակներ, հղիության ընթացում նորմալ, սակայն անհարմարություն պատճառող երևույթներ են:
Սովորաբար, վարիկոզ երակներն աստիճանաբար անհետանում են ձեր երեխայի մեկ տարեկան հասակում: Կան որոշ միջոցներ, որոնք կարող են թեթևացնել հղիության ընթացքում վարիկոզ երակների հետ կապված խնդիրները:
Ինչո՞ւ են վարիկոզ երակներն առաջանում
Ոտքերի առողջ երակներն ունեն միակողմանի փականներ, որոնք օգնում են, որ արյունը ետհոսի դեպի ձեր սիրտ: Երբ դուք քայլում եք, ձեր սրունքի մկանները արտամղում են արյունը դեպի վեր՝ սիրտ, իսկ երակային փականները թույլ չեն տալիս, որ արյունը ետ վերադառնա (կանխում են արյան հետադարձ հոսքը):
Վարիկոզ երակները զարգանում են, երբ արյան միակողմնանի հոսքն ապահովող փականները նորմալ չեն գործում: Արդյունքում, արյունը կուտակվում է երակներում, փքում դրանց պատը և առաջացնում երակների այտուց (երակային կանգ), ոլորումներ և ցցուն տեսք: Երբ մակերեսային երակները բավականին լայնանում են, դառնում են մաշկի տակից տեսանելի:
Իմացե՛ք ավելին վարկոզ երակների մասին:
Ինչո՞ւ են վարիկոզ երակները տարածված հղիների մոտ
Հղիությունը բարձրացնում է վարիկոզ երակների զարգացումը հետևյալ պատճառներով՝
- հղիության զարգացման ընթացքում ձեր օրգանիզմն արտադրում է սովորականից ավելի շատ արյուն, որ ապահովի ձեր պտղի՝ ապագա երեխայի արյունամատակարարումը և աճը
- իր մեջ աճող երեխա պահող արգանդը սեղում և մասամբ արգելափակում է ձեր ոտքերից դեպի սիրտ արյուն բերող երակները
- հղիության հորմոնները երակների պատը դարձնում են ավելի փափուկ, որը դժվարացնում է դրանց աշխատանքը և հեշտացնում լայնացումը կամ արտափքումը:
Թվարկված յուրաքանչյուր դեպքում արյունը կարող է կուտակվել ձեր ոտքերում՝ առաջացնելով երակային կանգ, ոտքերի այտուց և վարիկոզ երակներ:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ոտքերի այտուցի մասին:
Որտե՞ղ կարող եք գտնել վարիկոզ երակներ
Վարիկոզ երակները սովորաբար ի հայտ են գալիս ձեր ոտքերին: Սակայն, դուք կարող եք լայնացած երակներ գտնել նաև ձեր ամոթույքի (վուլվա) կամ ուղիղ աղիքի վրա: Վերջինիս վարիկոզ երակները հայտնի են նաև որպես թութք (հեմորոյ):
Արդյոք դրանք ցավո՞տ են և կարո՞ղ են առաջացնել առողջական այլ խնդիրներ
Վարկիոզ երակները կարող են առաջացնել ձեր ոտքերում տեղակայված բավականին տհաճ զգացողություններ և ցավ: Դուք կարող եք զգալ ոտքերում ծանրություն կամ անհանգստություն: Ձեր ոտքերը կարող են պուլսացվել, «այրվել», ձգվել կամ ջղաձգվել: Հազվադեպ, որոշ կանանց մոտ վարիկոզ երակները կարող են որևէ գանգատ չառաջացնել:
Դուք հավանաբար նաև կզգաք, որ վարիկոզ երակների հետ կապված ձեր գանգատները օրվա ընթացքում վատթարանում են, հատկապես, եթե ոտքերի վրա շատ եք մնում: Մյուս առավոտյան դուք սովորաբար զգում եք որոշակի թեթևացում, քանի որ պառկած վիճակում եք եղել և ձեր երակների վրա ճնշումը թուլացել է:
Կա՞ որևէ բան, որ կարող է կանխարգելել դրանց առաջացումը
Քայլքը կամ լողն ընդհանուր առմամբ կարող են օգնել ձեր արյան շրջանառությանը և օգտակար են նաև ձեր հղիության ընթացքում: Հատուկ վարժանքները, օրինակ՝ սրունքները բարձրացնելը և տեղում քայլքը օգնում են ոտքի երակներով արյան ետմղանը:
Հղիության ընթացքում վարիկոզ երակների որևէ երաշխավորված կանխարգելում գոյություն չունի: Սակայն դուք կարող եք կրճատել դրա զարգացման հավանականությունը եթե՝
- մնաք ֆիզիկապես ակտիվ
- չմնաք երկար նստած վիճակում
- խուսափեք բարձրակրունկ կոշիկներից
- հանգստանալիս կամ նստած վիճակում ոտքերին բարձր դիրք տաք, երբ ձեր ոտնաթաթերը ձեր ազդրերից ավելի բարձր մակարդակի վրա են
- խուսափեք իրանը կամ կոնքը կիպ գրկող-սեղմող զգեստ հագնելուց:
Հնարավո՞ր է ազատվել վարիկոզ երակներից
Եթե ձեզ մոտ զարգացել են վարիկոզ երակներ, դրանք հավանաբար առանց բուժման կարող են անհետանալ, երբ ձեր երեխան բոլորի իր 3-4 ամսականը: Սակայն որոշ կանանց համար սա կարող է տևել մինչև մեկ տարի և ավելի երկար:
Այս ընթացքում դուք կարող եք փորձել կոմպրեսիոն զուգագուլպաներ, բժշկի նշանակմամբ ընդունել որոշ դեղամիջոցներ, ստանալ մերսումներ կամ ռեֆլեքսաբուժում: Այս մեթոդները կարող են օգնել կամ չօգնել, քանի որ դրանցից ոչ մեկը հստակ չի ապացուցել իր արդյունավետությունը:
Որոշ մարդիկ դիմում են ախտահարված երակի հեռացման վիրահատության: Եթե դուք ևս ցանկանում եք նման բուժում անցնել, համբերեք ծննդաբերությունից հետո առնվազն մեկ տարի, որ համոզվեք, որ վարիկոզ երակներն ինքնուրույն չեն լավանում:
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե անհանգստացած եք վարիկոզ երակների կապակցությամբ: Ձեր բժիշկը կարող է առաջարկել այլ օգտակար խորհուրդներ ևս:
Ո՞րն է ձգման նշանների և վարիկոզ երակների միջև տարբերությունը
Ձգման նշանները մաշկի մակերևույթին առկա վարդագույն կամ մանուշակագույն գծեր են: Դրանք սովորաբար ի հայտ են գալիս որովայնի շրջանում, երբ ձեր հղիությունը զարգանում է՝ առաջացնելով մաշկի առաձգականության թուլացում և ձգում: Վարիկոզ երակներն այլ վիճակ է, որի դեպքում ախտահարվում է ոչ թե մաշկը, այլ երակները:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում մաշկային փոփոխությունների մասին:
Այլ խորհուրդներ
Եթե ունեք վարիկոզ երակներ, կարող եք ձեր ոտքերի հետ կապված անհարմարավետությունը մեղմացնել հետևյալ մեթոդներով՝
- կանոնավոր կերպով զբոսնեք, քայլեք կամ այցելեք լողավազան
- հետևեք ձեր մարմնի քաշին
- երկար ժամանակ կանգնած կամ նստած մնալիս հաճախակի փոփոխեք ձեր դիրքը և ձեր մարմնի ծանրաբեռնվածությունը պարբերաբար տեղափոխեք մի ոտքից մյուսի վրա
- նստելիս աշխատեք ոտքերին բարձր դիրք տալ (ոտնաթաթերն՝ առնվազն ձեր կոնքի մակարդակին)
- օգտագործեք սեղմող զուգագուլպաներ, որոնք կարող են օգնել ոտքի արյան շրջանառությանը և գուցե նաև օժանդակեն մկաններին:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024