Պարզ չէ, թե ինչն է առաջացնում ամորձիների քաղցկեղի մեծ մասը:
Քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան փոփոխություններ է առաջացնում ամորձու բջիջների ԴՆԹ-ում: Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել: Փոփոխությունները հրահանգում են բջիջներին արագ աճել և բազմանալ: Քաղցկեղային բջիջները շարունակում են ապրել, երբ առողջ բջիջները մահանում են որպես իրենց բնական կյանքի ցիկլի մի մաս: Սա ամորձիում առաջացնում է բազմաթիվ հավելյալ բջիջներ, որոնք կարող են գոյացնել զանգված, որն էլ կոչվում է ուռուցք:
Ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է աճել ամորձու սահմաններից դուրս։ Որոշ բջիջներ կարող են պոկվել և տարածվել դեպի օրգանիզմի այլ շրջաններ: Ամորձու քաղցկեղն առավել հաճախ տարածվում է դեպի ավշային հանգույցներ, լյարդ և թոքեր: Երբ ամորձու քաղցկեղը տարածվում է, կոչվում է ամորձու մետաստատիկ քաղցկեղ:
Ամորձու գրեթե բոլոր քաղցկեղները սկսվում են սաղմնային բջիջներից: Ամորձու մեջ գտնվող այս բջիջներից են արտադրվում սպերմատոզոիդները: Դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացնում սաղմնային բջիջների ԴՆԹ-ի փոփոխություններ:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ամորձու քաղցկեղի ռիսկը, ներառում են հետևյալը:
- Չիջած ամորձի ունենալը, որը կոչվում է կրիպտորխիզմ. ամորձիները ձևավորվում են որովայնի խոռոչում, պտղի զարգացման ընթացքում: Դրանք սովորաբար իջնում են ամորձապարկի (փոշտի) մեջ՝ մինչև ծնվելը: Եթե ունեք ամորձի, որը երբեք չի իջել (գաղտնամորձություն կամ կրիպտորխիզմ), ձեզ մոտ ամորձու քաղցկեղի ռիսկն ավելի բարձր է: Ռիսկը մեծանում է, նույնիսկ եթե դուք վիրահատվել եք՝ ամորձիները դեպի ամորձապարկ տեղափոխելու համար:
- Ամորձու քաղցկեղի վերաբերյալ ընտանեկան պատմություն ունենալը (ընտանեկան անամնեզ). եթե ձեր ընտանիքում՝ հոր կամ եղբոր մոտ առկա է ամորձու քաղցկեղի դեպք, ձեզ մոտ նույն հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է:
- Երիտասարդ չափահաս տարիք. ամորձու քաղցկեղը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Այնուամենայնիվ, այն առավել տարածված է դեռահասների և 15-ից 45 տարեկան երիտասարդ չափահասներիի մոտ:
- Սպիտակամորթ լինելը. ամորձիների քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է սպիտակամորթ մարդկանց մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024