Գրադարան
Ամորձու քաղցկեղ

4 րոպե
Ամորձու քաղցկեղը 18-39 տարեկան երիտասարդ տղամարդկանց մոտ երկրորդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է:
Վաղ ախտորոշվելիս և համապատասխան բուժում ստանալիս, 10 դեպքից ավելի քան 9-ը կարող է հաջողությամբ բուժվել:
Ի՞նչ է ամորձու քաղցկեղը
Ամորձու քաղցկեղը ամորձիներից մեկնումեկում զարգացող չարորակ նորագոյացություն է: Ամորձիները արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումը սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ), ինչպես նաև արական սեռական հորմոն՝ տեստոստերոն, որով էլ պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։
Քաղցկեղը սովորաբար առաջանում է միայն մեկ ամորձում, սակայն կարող է զարգանալ երկուսում էլ:
Ամորձու քաղցկեղը կարող է տարածվել մինչև ստամոքսի ավշային գեղձեր կամ այլ օրգան-համակարգեր, հատկապես՝ թոքեր:
Ամորձու քաղցկեղի ռիսկի գործոնները
Դեռևս անհայտ է, թե ինչու է որոշ տղամարդկանց մոտ զարգանում ամորձու քաղցկեղ: Հաստատված է, որ քաղցկեղը չի կարող պատճառվել ամորձու վնասվածքից: Սակայն քաղցկեղի առաջացման ռիսկը աճում է, եթե՝
- դուք նախկինում ունեցել եք մյուս ամորձու քաղցկեղ
- դուք ունեք գաղտնամորձություն (կրիպտորխիզմ), երբ ձեր ծնվելուց հետո ամորձիները չեն իջնում ամորձապարկ (փոշտ)
- ձեր հոր կամ եղբոր մոտ ախտորոշվել է ամորձու քաղցկեղ, թեև ռիսկը խիստ ցածր է
- դուք ունեք պտղաբերության հետ կապված որևէ խնդիր, երբ ձեզ համար դժվարացած կամ անհնարին է դարձել հայր դառնալը
- դուք ունեք ՄԻԱՎ վարակ կամ ՁԻԱՀ
- դուք ծնվել է առնանդամի արատով, ինչպիսին է հիպոսպադիան, երբ բացակայում է միզուկի ստորին պատի մի մասը:
Ամորձու քաղցկեղի տեսակները
Կան ամորձու քաղցկեղի տարբեր տեսակներ, որոնց անվանումները համապատասխանում են քաղցկեղային բջջի տեսակին: Ամենահաճախ հանդիպող տեսակը սեմինոման է: Ամորձու քաղցկեղի մյուս տեսակները խմբավորված են ոչ սեմինոմաների մեջ: Դրանք են՝ խորիոկարցինոմա, սաղմնային (էմբրիոնալ) կարցինոմա, տերատոմա, ուռուցքներ դեղնուցապարկից և այլն:
Մեկ այլ նախաքաղցկեղային վիճակ, որը կոչվում է ներխողովակային սեռական բջիջների նեոպլազիա, կարող է 5 տարվա ընթացքում 1:2 հավանականությամբ վերածվել ամորձու քաղցկեղի: Այս վիճակը կարելի է հայտնաբերել միայն բիոպսիոն հետազոտությամբ:
Ամորձու քաղցկեղի ախտանիշները
Ամորձու քաղցկեղի ամանահաճախ հանդիպող նշանը ձեր ամորձիներից մեկնումեկիում շոշափելի անցավ գոյացության կամ այտուցվածության առկայությունն է:
Այլ ախտանիշներից են՝
- փոշտի (ամորձապարկի) ներսում ծանրության զգացում
- ամորձու ձևի կամ չափսի փոփոխություններ
- ձեր ամորձիների անհամաչափության զգացողություն
- ամորձիների, փոշտի, որովայնի կամ գոտկատեղի շրջանում ծակծկոցներ կամ ցավեր՝ պայմանավորված քաղցկեղի տարածմամբ այդ շրջանների ավշային հանգույցներ
- մեծացած և այտուցված պտուկներ, ինչպես նաև կրծքագեղձերի մեծացում (գինեկոմաստիա):
Եթե ամորձու քաղցկեղը տարածվել է թոքեր, կարող են ի հայտ գալ նաև լրացուցիչ ախտանիշներ՝
- դժվարացած շնչառություն, հազ կամ հազելիս արյուն՝ պայմանավորված թոքերի մետաստազներով
- գոյացություն պարանոցի վրա՝ պայմանավորված ավշային հանգույցների մետաստազներով:
Երբեմն, սակայն, ամորձու քաղցկեղը կարող է որևէ գանգատ կամ նշան չառաջացնել:

Ամորձու քաղցկեղի ախտորոշումը
Եթե դուք ձեր ամորձիներից մեկնումեկի կամ երկուսի վրա հայտնաբերում եք գոյացություն, այցելեք ձեր բժշկին, որ նա զննի ձեր ամորձիները:
Եթե ձեր բժիշկը նույնպես շոշափում է գոյացություն, ձեզ կարող է ուղեգրել գերձայնային հետազոտության (սոնոգրաֆիա) և նշանակել մի քանի արյան թեստեր: Երբեմն առաջանում է նաև լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն, ինչպիսիք են փոշտի պարունակության մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կամ բիոպսիա, երբ ախտահարված ամորձուց հեռացվում է փոքր հյուսվածքային նմուշ, որն ուղարկվում է հյուսվածաբանական լաբորատորիա:
Ամորձու ինքնազննում
Ամորձու քաղցկեղը շատ հաճախ բուժելի է, եթե դուք այն հայտնաբերում եք զարգացման վաղ փուլերում: Բոլոր երիտասարդ տղամարդիկ պետք է պարբերաբար ստուգեն իրենց ամորձիները՝ հայտնաբերելու որևէ գոյացություն կամ շոշափելիս՝ ցավ կամ այտուցվածություն:
Ինքներդ զննեք ձեր ամորձիները տաք ցնցուղից կամ բաղնիքից հետո, երբ ձեր փոշտի մաշկը թուլացած է: Հերթով զննեք ձեր ամորձիները՝ մատներով նուրբ շոշափելով դրանք: Շոշափեք նաև ձեր ամորձու հետևում գտնվող խողովակը (կոչվում է մակամորձի) և համոզվեք, որ որևէ այտուցվածություն չկա:
Ամերիկյան քաղցկեղի միությունն առաջարկում է, որ որոշ տղամարդիկ պետք է զննեն իրենց ամորձիները ամսական մեկ անգամ, հատկապես, երբ ունեն քաղցկեղի ընտանեկան պատմություն, իսկ Ամերիկյան ուրոլոգների ասոցիացիան բոլոր տղամարդկանց առաջարկում է ամորձու ամսական մեկ անգամ ինքնազննում:
Առողջ ամորձին շոշափվում է որպես պինդ և ողորկ գոյացություն: Եթե ամորձիներից մեկը մյուսից քիչ ավելի մեծ է կամ ավելի կախ ընկած է, քան մյուսը, ապա անհանգստանալու որևէ կարիք չկա: Սակայն, եթե դուք զգում եք ամորձիների որևէ փոփոխություն, գոյացություն կամ այտուցվածություն, առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին:
Ամորձու քաղցկեղի բուժումը
Ամորձու քաղցկեղի բուժումը կախված է նրանից, թե ինչ տիպի քաղցկեղ է ձեզ մոտ և ինչ չափով է այն տարածված:
Եթե ձեզ մոտ հաստատվում է ամորձու քաղցկեղը, ձեր բժիշկը հավանաբար ձեզ կառաջարկի ախտահարված ամորձու վիրահատական հեռացում՝ օրխիդէկտոմիա: Դրանից հետո հեռացված ամորձու հյուսվածքի լաբորատոր ախտորոշմամբ կստուգվի քաղցկեղի տեսակը և զարգացման փուլը:
Վիրահատությունից հետո դուք կարող եք որևէ այլ բուժման կարիք չունենալ, սակայն որոշ դեպքերում ձեզ կարող են առաջարկել քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա, որոնց նպատակը քաղցկեղային բջիջների ոչնչացումն է՝ քանի դեռ դրանք չեն տարածվել ձեր մարմնի այլ շրջաններ: Այլ դեպքերում կարող է առաջանալ կրկնակի վիրահատության անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, բուժման արդյունքներն ավելի հաջող են, երբ հիվանդությունը մնում է տեղայնացված և չի տարածվում այլ օրգաններ:
Հետբուժական խորհուրդներ
Եթե ձեր երկու ամորձիները չեն հեռացրել, բուժումից հետո ամենայն հավանականությամբ դուք կկարողանաք հայրանալ, սակայն հիշեք, որ քիմիոթերապիան և ճառագայթային թերապիան կարող են թուլացնել ձեր պտղաբերությունը՝ ազդելով ինչպես ձեր սեռական գործունեության, այնպես էլ ձեր սպերմատոզոիդների վրա:
Եթե հեռացվել է միայն ձեր ախտահարված ամորձին, վիրահատությունից հետո մնացած միակ ամորձին կարող է ապահովել բավարար քանակով տեստոստերոնի արտադրություն, որը ձեր մկանները և ոսկրերը կպահի ամուր, ինչպես նաև որոշակիորեն կապահովի ձեր լիբիդոն (սեռական հակում) և կենսաուժը:
Ամորձու քաղցկեղի բուժումից հետո զրուցեք ձեզ անհանգստացնող թեմաների շուրջ ձեր կամ վիրահատող բժշկի հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-04-2020 վերանայվել է՝ 05-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: