Դուք կարող եք ինքներդ հայտնաբերել ուռուցք, այտուց կամ ամորձու քաղցկեղի այլ ախտանիշներ:
Դրանք նաև կարող են հայտնաբերվել բժշկի կողմից ֆիզիկական քննության (բուժզննման) ժամանակ: Ձեզ նաև անհրաժեշտ կլինեն այլ հետազոտություններ՝ ստուգելու, թե արդյոք ամորձու քաղցկեղն է առաջացնում ձեզ մոտ առկա ախտանիշները:
Ամորձու քաղցկեղն ախտորոշելու համար օգտագործվող հետազոտությունները ներառում են հետևյալը:
- Գերձայնային հետազոտություն (ԳՁՀ). ամորձիների ԳՁՀ-ը պատկերներ ստեղծելու համար օգտագործում է ձայնային ալիքներ: ԳՁՀ-ի ժամանակ դուք պառկած եք մեջքի վրա՝ ոտքերը բացած վիճակում։ Բուժաշխատողը թափանցիկ գելով օծում է ձեր ամորձապարկը (փոշտ) և հատուկ ձեռքի սարքը (տվիչ) շարժում է ձեր փոշտի մակերեսով: ԳՁՀ-ը ձեր բժշկին հուշումներ է տալիս ամորձու շուրջ ցանկացած գոյացության առկայության և բնույթի մասին: Այն կարող է օգնել ձեր բժշկին, որ նախնական պատկերացում կազմի հայտնաբերված գոյացության և վերջինիս քաղցկեղային ծագման լինելու մասին: ԳՁՀ-ը նաև ցույց է տալիս, թե արդյոք գոյացությունը գտնվում է ամորձի ներսում, թե դրսում: Ամորձիների ներսում հայտնաբերվող գոյացություններն ավելի հավանական է, որ քաղցկեղ լինեն:
- Արյան թեստեր. արյան թեստը կարող է հայտնաբերել ամորձիների քաղցկեղային բջիջների կողմից արտադրվող սպիտակուցները: Այս տեսակի թեստը կոչվում է ուռուցքային մարկերի (օնկոմարկերի) թեստ: Ամորձիների քաղցկեղի ուռուցքային մարկերներից են մարդու բետա-խորիոնային գոնադոտրոպինը (beta-HCG), ալֆա-ֆետոպրոտեինը (AFP) և լակտատդեհիդրոգենազը (LDH): Արյան մեջ այս նյութերի առկայությունը դեռ չի նշանակում, որ դուք քաղցկեղ ունեք, սակայն սովորականից ավելի բարձր մակարդակ ունենալը հուշում է ձեր բժշկին հասկանալու, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմում:
- Ամորձու հեռացման վիրահատություն. եթե ձեր բժիշկը կարծում է, որ ձեր ամորձու վրա առկա ուռուցքը կարող է քաղցկեղ լինել, ձեզ կարող է առաջարկել ամորձու հեռացման վիրահատություն: Հեռացված ամորձին ուղարկվում է լաբորատորիա՝ փորձաքննության: Թեստերը կարող են ցույց տալ, թե արդյոք դա քաղցկեղ է:
Քաղցկեղի տեսակի որոշում
Քաղցկեղային բջիջների թեստերը ձեր բժշկական անձնակազմին տեղեկատվություն են տրամադրում ձեր ամորձու քաղցկեղի տեսակի մասին: Բուժող անձնակազմը հաշվի է առնում ձեր քաղցկեղի տեսակը, երբ որոշում է բուժման մոտեցումն ու մեթոդը:
Ամորձու քաղցկեղի ամենատարածված տեսակները ներառում են հետևյալը։
- Սեմինոմա. սեմինոմային քաղցկեղը հակված է առաջանալու ավելի մեծ տարիքում: Սեմինոմաները հաճախ աճում և տարածվում են ավելի դանդաղ, քան ոչ սեմինոմաները:
- Ոչ սեմինոմա. ոչ սեմինոմային քաղցկեղները հակված են առաջանալու ավելի վաղ կյանքում: Դրանք աճում և տարածվում են ավելի արագորեն, քան սեմինոմաները: Գոյություն ունեն ոչ սեմինոմաների մի քանի տեսակներ՝ խորիոկարցինոմա, սաղմնային քաղցկեղ, տերատոմա և դեղնուցապարկի ուռուցք:
Կան ամորձու քաղցկեղի այլ տեսակներ ևս, սակայն դրանք շատ հազվադեպ են:
Քաղցկեղի փուլի որոշում
Երբ ձեր բժիշկը հաստատում է ձեր ախտորոշումը, հաջորդ քայլով որոշում է, թե արդյոք քաղցկեղը տարածվել է ամորձու սահմաններից դուրս: Սա կոչվում է քաղցկեղի փուլի որոշում: Այն օգնում է ձեր բժշկական անձնակազմին գնահատելու ձեր կանխատեսումը (պրոգնոզ) և այն, թե որքան է հավանական, որ ձեր քաղցկեղը կբուժվի:
Ամորձիների քաղցկեղի փուլավորման հետազոտությունները ներառում են հետևյալը։
- Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում. ԿՏ սքանավորումները ձեր որովայնի, կրծքավանդակի և կոնքի ներքին կառուցվածքների և օրգանների համար ստեղծում են մի շարք ռենտգեն պատկերներ: Բժիշկը ստուգում է ԿՏ արդյունքները՝ քաղցկեղի տարածման նշաններ հայտնաբերելու համար:
- Արյան թեստեր. ուռուցքային մարկերների թեստերը հաճախ կրկնվում են ամորձու հեռացման վիրահատությունից հետո: Արդյունքները օգնում են ձեր բժշկին որոշելու, թե արդյոք ձեզ կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ բուժում՝ վիրահատությունից հետո մնացած քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Ուռուցքային մարկերների թեստերը կարող են օգտագործվել քաղցկեղի բուժման ընթացքում և դրանից հետո՝ ձեր վիճակը վերահսկելու համար:
Ամորձու քաղցկեղի փուլերը նշանակվում են 0-ից 3-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ, 0 և 1-ին փուլի քաղցկեղը սահմանափակված է միայն ամորձու և շրջակա տարածքի վրա: Այս վաղ փուլերում քաղցկեղը դեռ չի հասցրել տարածվել ավշային հանգույցների կամ օրգանիզմի այլ շրջանների վրա: Ամորձու 2-րդ փուլի քաղցկեղն արդեն տարածվել է ավշային հանգույցների վրա: Երբ ամորձու քաղցկեղը տարածվում է օրգանիզմի այլ շրջաններում, դա արդեն 3-րդ փուլն է: Այնուամենայնիվ, 3-րդ փուլի ոչ բոլոր քաղցկեղներն են օրգանիզմով մեկ տարածված: 3-րդ փուլը նաև կարող է նշանակել, որ քաղցկեղը հայտնվել է ավշային հանգույցներում, և ուռուցքային մարկերի արդյունքները շատ բարձր են:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024