Skip to main content

Բուժում - Ամորձու քաղցկեղ

Ամորձու քաղցկեղի բուժումը հաճախ ներառում է վիրահատություն և քիմիաթերապիա:

Այն, թե բուժման որ տարբերակներն են լավագույնը ձեզ համար, կախված է ձեր ամորձու քաղցկեղի տեսակից և զարգացման փուլից: Ձեր բժշկական անձնակազմը նաև հաշվի է առնում ձեր ընդհանուր առողջական վիճակը և ձեր նախասիրությունները:

Վիրահատություն

Ամորձու քաղցկեղի բուժման համար օգտագործվող վիրահատությունները ներառում են հետևյալը:

  • Ամորձու հեռացման վիրահատություն. այս միջամտությունը կոչվում է արմատական աճուկային օրխիէկտոմիա: Այն համարվում է ամորձիների քաղցկեղի մեծ մասի բուժման առաջին միջոցը: Ամորձին հեռացնելու համար վիրաբույժը կտրված է կատարում ձեր աճուկի վրա։ Ամբողջ ամորձին դուրս է քաշվում բացվածքի միջով: Ցանկության դեպքում հեռացված ամորձու տեղը կարելի է տեղադրել պրոթեզ՝ գելով լցված ամորձի: Սա կարող է լինել միակ անհրաժեշտ բուժումը, եթե քաղցկեղը չի տարածվել ամորձու սահմաններից դուրս:
  • Մոտակա ավշային հանգույցների հեռացման վիրահատություն. եթե մտավախություն կա, որ ձեր քաղցկեղը կարող է տարածված լինել ձեր ամորձիից դուրս, դուք կարող եք վիրահատվել՝ հեռացնելու որոշ ավշային հանգույցներ: Ավշային հանգույցները հեռացնելու համար վիրաբույժը կատարկում է կտրվածք ձեր որովայնի վրա։ Ավշային հանգույցները փորձարկվում են լաբորատորիայում՝ քաղցկեղ հայտնաբերելու համար: Ավշային հանգույցները հեռացնելու վիրահատությունը հաճախ օգտագործվում է ամորձու քաղցկեղի ոչ սեմինոմա տեսակի բուժման համար:

Ամորձիների քաղցկեղի վիրահատությունը պարունակում է արյունահոսության և վարակի ռիսկ: Եթե վիրահատում եք ավշային հանգույցները հեռացնելու համար, կա նաև վտանգ, որ նյարդերը կարող են վնասվել: Վիրաբույժները մեծ ուշադրություն են դարձնում այդ նյարդերը պաշտպանելու համար, սակայն երբեմն նյարդը կտրելուց հնարավոր չէ խուսափել: Սա կարող է հանգեցնել սերմնաժայթքման հետ կապված խնդիրների, բայց դա սովորաբար չի ազդում էրեկցիայի ձեր ունակության վրա: Հարցրեք ձեր բժշկին վիրահատությունից առաջ ձեր սպերմատոզոիդների պահեստավորման տարբերակների մասին:

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան օգտագործում է ուժեղ դեղամիջոցներ՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Այս դեղերն անցնում են ձեր ամբողջ օրգանիզմով և կարող են ոչնչացնել նաև այն քաղցկեղային բջիջները, որոնք կարող են տարածվել ամորձիից դուրս:

Քիմիոթերապիան հաճախ նշանակվում է վիրահատությունից հետո: Այն կարող է օգնել ոչնչացնելու ցանկացած քաղցկեղային բջիջ, որը դեռևս մնացել է օրգանիզմում վիրահատությունից հետո: Երբ ամորձիների քաղցկեղը շատ տարածված է, երբեմն քիմիոթերապիան կիրառվում է վիրահատությունից առաջ:

Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են օգտագործվող հատուկ դեղամիջոցներից: Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են հոգնածություն, լսողության կորուստ և վարակի բարձր ռիսկ:

Քիմիոթերապիան նաև կարող է պատճառ դառնալ, որ ձեր օրգանիզմը դադարեցնի սպերմատոզոիդների արտադրությունը: Հաճախ, դրանց արտադրությունը նորից սկսվում է, երբ դուք լավանում եք քաղցկեղի բուժումից հետո: Սակայն, երբեմն սպերմատոզոիդների արտադրության դադարեցումը մշտական է: Հարցրեք ձեր բժշկին քիմիոթերապիայից առաջ ձեր սպերմատոզոիդների պահեստավորման տարբերակների մասին:

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան կամ ռադիոթերապիան օգտագործում է հզոր էներգիայի ճառագայթներ՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Ճառագայթումը կարող է տրվել ռենտգենյան ճառագայթներով, պրոտոններով և այլ աղբյուրներով: Ճառագայթային թերապիայի ժամանակ դուք պառկած եք սեղանի վրա, և ձեր շուրջը պտտվում է մեծ մեքենա: Մեքենան ուղղում է էներգիայի ճառագայթները ձեր մարմնի ճշգրիտ կետերում:

Ճառագայթային թերապիան երբեմն օգտագործվում է ամորձու քաղցկեղի սեմինոմա տեսակի բուժման համար: Այն կարող է առաջարկվել ամորձու հեռացման վիրահատությունից հետո:

Ճառագայթային թերապիան սովորաբար չի նշանակվում ամորձիների քաղցկեղի ոչ սեմինոմա տեսակի բուժման համար:

Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել սրտխառնոց և հոգնածություն: Ճառագայթային թերապիան նաև կարող է ժամանակավորապես նվազեցնել սպերմատոզոիդների քանակը, որն իր հերթին կարող է ազդել ձեր պտղաբերության վրա: Հարցրեք ձեր բժշկին ճառագայթային թերապիայից առաջ ձեր սպերմատոզոիդների պահեստավորման տարբերակների մասին:

Իմունոթերապիա

Իմունոթերապիան բուժում է այնպիսի դեղամիջոցներով, որոնք օգնում են ձեր օրգանիզմի իմունային համակարգին, որ ոչնչացնի քաղցկեղային բջիջները: Ձեր իմունային համակարգը պայքարում է հիվանդությունների դեմ՝ հարձակվելով մանրէների և այլ բջիջների վրա, որոնք չպետք է լինեն ձեր րգանիզմում: Քաղցկեղի բջիջները գոյատևում են՝ թաքնվելով իմունային համակարգից: Իմունոթերապիան օգնում է իմունային համակարգի բջիջներին, որ գտնեն և ոչնչացնեն քաղցկեղային բջիջները:

Իմունոթերապիան երբեմն նշանակվում է ամորձու տարածված քաղցկեղի դեպքում: Բուժման այս տարբերակը կարող է առաջարկվել, եթե քաղցկեղը չի արձագանքում այլ բուժումներին:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024