Գրադարան

Ամորձու ոլորում

Ամորձու ոլորում

Time Read 3 րոպե

Ամորձու ոլորումը մի վիճակ, երբ սերմնալարը, որից կախված է ամորձին, ոլորվում է իր առանցքի շուրջ:

Ի՞նչ է ամորձու ոլորումը

Սերմնալարով անցնում է ամորձին և փոշտը (ամորձապարկ) արյունամատակարարող գլխավոր զարկերակը՝ ամորձու զարկերակը, ահա թե ինչու ամորձու ոլորումը հանգեցնում է ամորձու արյունամատակարարման սուր խանգարման:

Ամորձու ոլորումն առաջացնում է փոշտի կամ որովայնի ստորին շրջանի հանկարծակի սկսվող սուր ցավ և այտուցվածություն: Նորածինների մոտ ցավը կարող է բացակայել, և դրա փոխարեն փոշտը կարող է գունատվել կամ ամորձին կարող է բացակայել իր սովորական տեղից։

Սա անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է, և եթե թողնվի ուշադրությունից և բուժումից դուրս, ապա կզարգանա այդ ամորձու անդառնալի վնասում կամ նեկրոզ (մեռուկացում):

Ամորձու ոլորումն առավել հաճախ հանդիպում է դեռահաս և նորածին տղաների շրջանում (դեպքերի մոտ 65 տոկոսը բաժին է ընկնում 12-18 տարեկան տղաներին), սակայն կարող է առաջանալ ցանկացած տարիքում:

Ե՞րբ պետք է ես այցելեմ անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

Եթե կարծում եք, որ ձեզ կամ ձեր ծանոթ տղաներից կամ չափահաս տղամարդկանցից մեկնումեկի մոտ զարգացել է ամորձու ոլորում, կարևոր է, որ առանց հետաձգելու շտապեք մոտակա անհետաձգելի բուժօգնության ծառայություն:

Որո՞նք են ամորձու ոլորման ախտանիշները

Ամորձու ոլորման գանգատներն ու ախտանիշներն են՝

  • փոշտի շրջանում հանկարծակի սկսվող սուր ցավ
  • փոշտի այտուցվածություն
  • սրտխառնոց և փսխում
  • որովայնային ցավեր, որը սովորաբար ընդգրկում է միայն մեկ՝ ոլորված ամորձու կողմը
  • փոշտում ամորձու անսովոր, օրինակ՝ նորմալից բարձր կամ տարօրինակ անկյան տակ թեքված դիրք
  • քայլելու դժվարություն
  • փոշտի ցավոտություն
  • փոշտի գունատություն:

Տղա երեխաները կարող են գիշերը կամ վաղ առավոտյան արթնանալ ամորձու կամ որովայնի ցավից:

Երբեմն ամորձու ոլորմամբ պատճառված ցավը կարող է ինքնուրույն, առանց բուժման մեղմանալ կամ անհետանալ: Սա կարող է բացատրվել այն հանգամանքով, որ ոլորված ամորձին կարող է ինքնուրույն ետ պտտվել ու վերադառնալ նորմալ դիրքին: Եթե նման բան է կատարվում, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել ձեր բժշկին: Բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն, որ կանխարգելվի ապագայում ամորձու ոլորման կրկնման դեպքերը:

Ի՞նչ պատճառներից կարող է ամորձին ոլորվել

Ոչ միշտ է հասկանալի, թե ինչու է ամորձու ոլորումը տեղի ունենում: Սակայն, կան որոշ գործոններ, որոնք կարող են մեծացնել ամորձու ոլորման ռիսկը։

Նորմայի սահմաններում, բայց չափերով մեծ ամորձին, ամորձու ուռուցքը և սերմնալարն ընդգրկող որոշակի գոյացության կամ ուռուցքի առկայությունը մեծացնում են ոլորման հավանականությունը:

Տարիքն իր հերթին հանդիսանում է ամորձու ոլորման համար կարևոր ռիսկի գործոն։ Ոլորումը հիմնականում առաջանում է կամ նորածինների մոտ, կամ էլ սեռահասունացումից անմիջապես առաջ կամ վերջինիս ընթացքում՝ ամորձու լրիվ իջեցման հետևանքով:

Բունոցային ելունի բնածին մալֆորմացիան, որը բնածին անատոմիական մալֆորմացիա է և հայտնի է որպես զանգակաձև դեֆորմացիա, հանդիսանում է բոլոր դեպքերի 90%-ի պատճառը, քանի որ առաջացնում է փոշտում ամորձիների ազատ շարժունակության, հետևաբար՝ ոլորման հավանականության բարձրացում:

Եթե սեռահասունացման շրջանում տղաների ամորձիներն աճում են խիստ արագ, սա նույնպես կարող է դիտվել որպես ռիսկի գործոն:

Ամորձու ոլորումն ավելի հաճախ տեղի է ունենում՝

  • ինտենսիվ ակտիվությունից, վարժանքներից և հատկապես հեծանիվ վարելուց հետո առաջին ժամերի ընթացքում
  • փոշտի շրջանի փոքր վնասվածքներից հետո
  • քնած ժամանակ
  • այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են ամորձու ոլորման կարճատև դրվագ, որն ինքնուրույն վերացել է:

Ինչպե՞ս է ամորձու ոլորումն ախտորոշվում

Ամորձու ոլորումն ախտորոշելու համար բժիշկը պետք է զննի և շոշափի ձեր փոշտի շրջանը: Սա կարող է լինել խիստ ցավոտ ու տհաճ, սակայն, բոլոր դեպքերում անհրաժեշտ միջոցառում է:

Բժիշկը կարող է նաև ստուգել ձեր կրեմաստերիկ ռեֆլեքսը: Այս ռեֆլեքսը, որը ազդրի ներսային մակերեսը շոյելիս նորմայում առաջացնում է ամորձու բարձրացում, ամորձու ոլորման ժամանակ կարող է բացակայել՝ հատկապես երեխաների մոտ:

Փոշտի դոպլեր գերձայնային հետազոտությունը կարող է 90 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել ոլորված ամորձում արյան մատակարարման բացակայությունը: Այն նաև օգնում է տարբերակել ոլորումը մակամորձու բորբոքումից (էպիդիդիմիտ):

Ինչպե՞ս է ամորձու ոլորումը բուժվում

Ամորձու ոլորումը պահանջում է շտապ վիրահատական բուժում: Որքան ձգձգվեց վիրահատությունը, այդքան ավելի է մեծանում ոլորված ամորձու մեռուկացման (ներկրոզի) հավանականությունը: Ուստի, վիրահատական միջամտությունը պետք է կազմակերպել անհապաղ՝ վերականգնելու ամորձու արյան մատակարարումը:

Եթե ձեռքով կամ վիրահատական եղանակով բուժումը իրականացվել է 6 ժամվա ընթացքում, ամորձին փրկելու հավանականությունը 90% է, 12 ժամ հետո՝ 50%, 24 ժամ անց՝ 10%, իսկ 24 ժամ հետո ամորձին փրկելու հավանականությունը կազմում է 0 %: Վերջին դեպքում, մոտ 40%-ի ժամանակ վիրաբույժը ստիպված է լինում հեռացնել ամորձին:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-04-2020 վերանայվել է՝ 08-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: