Ամորձու ոլորումը տեղի է ունենում, երբ սերմնալարից կախված ամորձին պտտվում է իր առանցքի շուրջը:
Ամորձին արյուն ստանում է սերմնալարով, ուստի, եթե ամորձին մի քանի անգամ պտտվում է, արյան հոսքը կարող է ամբողջությամբ արգելափակվել՝ ավելի արագ վնասելով այս օրգանը:
Պարզ չէ, թե ինչու է ամորձու ոլորումը տեղի ունենում: Ամորձու ոլորում ստացած արական սեռի ներկայացուցիչների մեծամասնությունն ունի ժառանգական առանձնահատկություն՝ բունոցային ելունի բնածին մալֆորմացիա («զանգակաձև դեֆորմացիա»), որը թույլ է տալիս, որ ամորձին ազատ պտտվի ամորձապարկի (փոշտի) ներսում: Սա հաճախ ազդում է երկու ամորձիների վրա: Այնուամենայնիվ, այս ժառանգական վիճակն ունեցող ոչ բոլորի մոտ է առաջանում ամորձու ոլորում:
Ամորձու ոլորումը հաճախ առաջանում է ակտիվ ֆիզիկական գործունեությունից (վարժանքներից և հատկապես հեծանիվ վարելուց) մի քանի ժամ անց, ամորձու աննշան վնասվածքից հետո կամ քնած ժամանակ: Սառը ջերմաստիճանը կամ սեռահասունացման ընթացքում ամորձիների արագ աճը նույնպես կարող են դեր խաղալ:
Ռիսկի գործոններ
- Տարիք. ամորձու ոլորումն առավել հաճախ հանդիպում է 12-ից 18 տարեկանում:
- Նախկինում ամորձու ոլորում. եթե ունեցել եք ամորձիների ցավ, որն անցել է առանց բուժման (ընդմիջվող ոլորում և դետորսիա), ամենայն հավանականությամբ, այն նորից կառաջանա: Որքան հաճախ են ցավի նոպաները, այնքան մեծ է ամորձիների վնասման վտանգը:
- Ամորձիների կամ սերմնալարի խնդիրներ․ նորմայի սահմաններում, բայց չափերով մեծ ամորձին, ինչպես նաև ամորձու ուռուցքը կամ սերմնալարն ընդգրկող որոշակի զանգվածի կամ ուռուցքի առկայությունը մեծացնում են ոլորման հավանականությունը
- Ամորձիների ոլորման ընտանեկան պատմություն (անամնեզ)․ այս վիճակը կարող է հանդիպել որոշակի ընտանիքներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 04-04-2024