Ամորձու ոլորումը շտկելու համար անհրաժեշտ է վիրահատություն:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է ձեռքով ետ պտտել ամորձին դեպի հակառակ կողմ (ձեռքային դետորսիա): Սակայն, դուք կարող եք դեռևս վիրահատության կարիք ունենալ՝ ոլորման կրկնությունը կանխելու համար:
Ամորձու ոլորման վիրահատությունը սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում: Վիրահատության ընթացքում ձեր բժիշկը փոքրիկ կտրվածք է կատարում ձեր ամորձապարկի (փոշտի) վրա, ետ է պտտում ձեր ամորձին սերմնալարի վրա և, անհրաժեշտության դեպքում, կար է դնում մեկ կամ երկու ամորձիների վրա՝ դրանց հետագա ոլորումը կանխելու համար:
Որքան շուտ ամորձու ոլորումը շտկվի, այնքան մեծ է այն փրկելու հնարավորությունը: Եթե ցավի սկզբից անցել է վեց ժամ, ամորձու հեռացման անհրաժեշտության հավանականությունը զգալիորեն մեծանում է: Եթե բուժումը հետաձգվում է ցավի սկզբից 12 ժամ և ավելի, ամորձու հեռացման անհրաժեշտության հավանականությունը դառնում է առնվազն 75 տոկոս:
Ամորձու ոլորումը նորածինների և մանկահասակ տղաների մոտ
Թեև հազվադեպ, սակայն ամորձու ոլորում կարող է առաջանալ նաև նորածինների և մանկահասակ տղաների մոտ: Երեխայի ամորձին կարող է լինել պինդ, այտուցված կամ ավելի մուգ գույնի: Գերձայնային հետազոտությունը կարող է չհայտնաբերել նորածնի ամորձու արյան հոսքի նվազեցում, ուստի ախտորոշումը հաստատելու համար կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն:
Նորածինների ամորձու ոլորման վիրահատական բուժումը հակասական է: Եթե տղան ծնվում է ամորձու ոլորման ախտանիշներով, շտապ վիրահատությունը կարող է շատ ուշ լինել՝ ի լրումն ընդհանուր անզգայացման հետ կապված ռիսկերի: Այնուամենայնիվ, անհետաձգելի վիրահատությունը երբեմն կարող է փրկել ամբողջ ամորձին կամ նրա մի մասը և կարող է կանխել մյուս ամորձու ոլորումը: Նորածինների մոտ ամորձիների ոլորման վիրահատական բուժումը կարող է կանխել արական հորմոնների արտադրության և պտղաբերության հետ կապված ապագա խնդիրները:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 04-04-2024