Ամորձու ոլորման գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- փոշտի (ամորձապարկի) ներսում հանկարծակի, սուր ցավ (փոշտը ձեր առնանդամի տակ գտնվող մաշկային ազատ պարկ է, որը պահում է ամորձիները) կամ շոշափելիս ցավոտություն
- փոշտի այտուցվածություն
- որովայնային ցավ, որը սովորաբար ընդգրկում է միայն մեկ՝ ոլորված ամորձու կողմը
- սրտխառնոց և փսխում
- փոշտի մեջ ամորձիներից մեկնումեկի անսովոր, օրինակ՝ նորմալից բարձր կամ տարօրինակ անկյան տակ թեքված դիրք
- հաճախակի միզարձակում
- քայլելու դժվարություն կամ քայլելիս ամորձու ցավի սաստկացում
- ջերմություն:
Մանկահասակ տղաները, ովքեր ունեն ամորձու ոլորում, սովորաբար արթնանում են կեսգիշերին կամ վաղ առավոտյան փոշտի սուր ցավի պատճառով:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության ամորձիների հանկարծակի կամ ուժեղ ցավի դեպքում: Եթե ունեք ամորձու ոլորում, շտապ բուժումը կարող է կանխել ձեր ամորձու լուրջ վնասումը կամ կորուստը:
Դուք նաև պետք է դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք ամորձիների հանկարծակի ցավեր, որոնք անհետանում են առանց բուժման: Սա կարող է առաջանալ, երբ ամորձին ոլորվում, իսկ հետո՝ ինքնուրույն ետ է ոլորվում (ընդմիջվող ոլորում և դետորսիա): Հաճախ անհրաժեշտ է վիրահատություն՝ խնդրի կրկնությունը կանխելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 04-04-2024