Առողջական խնդիրներ
Տեստոստերոնի հետազոտություն

2 րոպե
Տեստոստերոնն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում, սակայն տղամարդկանց մոտ այս հորմոնի քանակներն անհամեմատ ավելի մեծ են, քան կանանց մոտ:
Արյան հետազոտությամբ տեստոստերոնի հետազոտությունը թույլ է տալիս ստուգել, թե ինչքան է այս կարևոր արական սեռական հորմոնի մակարդակը ձեր արյան մեջ:
Ի՞նչն են հետազոտում
Տեստոստերոնը արական սեռական հորմոն է, որն օգնում է սերմնահեղուկի առաջացմանը և ազդում է տղամարդկանց սեռական ցանկությունների և հակման ձևավորման վրա: Տեստոստերոնն օգնում է նաև տղամարդկանց դեմքի և մարմնի արական տիպի մազածածկույթի առաջացմանը և կարևոր դեր խաղում նրանց կմախքային մկանների զարգացման մեջ: Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մեծ մասն արտադրվում է ամորձիներում, սակայն կարող է առաջանալ նաև մակերիկամներում:
Կանանց ձվարաններում, մակերիկամներում և այլ հյուսվածքներում արտադրվում է տեստոստերոնի շատ ավելի փոքր քանակներ: Նրանց մոտ տեստոստերոնի մի մասը տրոհվում է՝ առաջացնելով էստրադիոլ անվանումով էստրոգեն:
Տեստոստերոնի որոշ քանակներ հայտնաբերվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց արյան մեջ: Արյան տեստոստերոնի հետազոտությամբ չափվում է նրանց արյան մեջ տեստոստերոնի մակարդակը:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը նշանակվում
Բժիշկը կարող է ձեզ առաջարկել տեստոստերոնի հետազոտություն, եթե՝
- դուք տղամարդ կամ կին եք և ունեք երեխա ունենալու հետ կապված խնդիրներ
- դուք տղամարդ եք և նշում եք սեռական ցանկության անկում
- դուք տղամարդ եք և նշում եք էրեկցիայի հասնելու հետ կապված խնդիրներ
- դուք կին եք և նշում եք արական բնույթի առանձնահատկություններ, օրինակ՝ ձայնի կոպտացում կամ մարմնի անսովոր մազակալում
- դուք դեռահաստ տղա եք և ձեր սեռահասունացումը սկսվել է շատ վաղ կամ շատ ուշ:
Որոշ հիվանդություններ նույնպես կարող են ազդել ձեր արյան տեստոստերոնի մակարդակի վրա, օրինակ՝ դիաբետ, խոզուկ, տղամարդկանց մոտ՝ ամորձիների կամ կանանց մոտ՝ ձվարանների նորագոյացություններ: Ալկոհոլ շատ օգտագործող մարդիկ նույնպես կարող են ունենալ տեստոստերոնի ցածր մակարդակ:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
Ձեզ կարող են խնդրել, որպեսզի արյան տեստոստերոնի թեստ հանձնեք առավոտյան, քաղցած վիճակում: Նման դեպքում դուք պետք է դադարեցնեք որևէ սնունդ ընդունելը՝ սկսած նախորդ կեսգիշերից, իսկ առավոտյան ժամերին կարող եք խմել քիչ քանակով ջուր: Եթե ընդունում եք որևէ դեղամիջոց, նախապես քննարկեք ձեր բժշկի հետ հետազոտության արդյունքի վրա ձեր դեղի հավանական ազդեցությունը:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Արյան տեստոստերոնի մակարդակի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, ներառյալ՝ տարիք, ընդհանուր առողջական վիճակ և օրգանիզմի նյութափոխանակության առանձնահատկություններ:
Դուք պետք է հետազոտության արդյունքը քննարկեք ձեր բժշկի հետ: Սա նշանակում է, որ հետազոտության պատասխանը պետք է ներկայացնեք ձեր բժշկին:
Լրացուցիչ տեղեկատվություն
Տեստոստերոնի հետազոտության մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք տեստոստերոնի թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: