Մի շարք ախտաբանական վիճակներ կարող են վահանաձև գեղձում առաջացնել հանգույցներ:
Վահանաձև գեղձի հանգույցների առաջացման ամենատարածված պատճառները ներկայացվում են ստորև։
- Վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքի գերաճ. սա երբեմն անվանում են վահանաձև գեղձի ադենոմա: Դեռևս պարզ չէ, թե ինչու է զարգանում այս վիճակը, սակայն այն քաղցկեղային չէ և չի համարվում լուրջ, քանի դեռ իր չափսի պատճառով չի առաջացրել խանգարող ախտանիշներ (օրինակ՝ կլման դժվարացում): Վահանաձև գեղձի որոշ ադենոմաներ կարող են հանգեցնել թիրեոտոքսիկոզի (հիպերթիրեոզ):
- Վահանաձև գեղձի կիստա (բուշտ). վահանաձև գեղձում հեղուկով լցված խոռոչները (կիստաներ) առավել հաճախ հանդիսանում են վահանաձև գեղձի ադենոմաների կազմափոխության (դեգեներացիայի) արդյունք: Հաճախ վահանաձև գեղձի (թիրեոիդ) կիստաներում պինդ բաղադրիչները խառնված են հեղուկի հետ: Կիստաները սովորաբար քաղցկեղային չեն, սակայն երբեմն պարունակում են քաղցկեղային պնդացած բաղադրիչներ:
- Վահանաձև գեղձի քրոնիկ բորբոքում (քրոնիկ թիրեոիդիտ). Հաշիմոտոյի հիվանդությունը վահանաձև գեղձի խանգարումներից է, որը կարող է առաջացնել գեղձի բորբոքում և հանգեցնել մեծացած հանգույցների: Հաճախ սա կապված է հիպոթիրեոզի հետ (վահանաձև գեղձի թերակտիվություն):
- Բազմահանգույց խպիպ (զոբ). խպիպ տերմինն օգտագործվում է վահանաձև գեղձի մեծացման դեպքերը նկարագրելու համար, որոնք կարող են պատճառվել յոդի դեֆիցիտից կամ գեղձային խանգարումից: Բազմահանգույց խպիպը պարունակում է բազմաթիվ առանձին հանգույցներ, որոնց առաջացման պատճառը հստակ հայտնի չէ:
- Վահանաձև գեղձի քաղցկեղ. հանգույցի քաղցկեղային լինելու հավանականությունը ցածր է: Այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինել և դիմել բժշկին, եթե առկա են մեծ և պինդ կամ ցավ և անհարմարավետություն պատճառող հանգույցներ: Որոշ գործոններ, ինչպիսիք են վահանաձև գեղձի կամ այլ ներզատական քաղցկեղի վերաբերյալ ընտանեկան պատմությունը և նախկինում ճառագայթայման ենթարկվելը (որպես բուժում կամ ատոմային արտահոսք), բարձրացնում են վահանաձև գեղձի քաղցկեղի ռիսկը:
- Յոդի դեֆիցիտ (անբավարարություն). սննդակարգում յոդի պակասը երբեմն կարող է դառնալ վահանաձև գեղձում հանգույցների առաջացման պատճառ: Յոդացված կերակրի աղի և հավելյալ յոդ պարունակող այլ սննդամթերքների օգտագործման շնորհիվ այս խնդիրը կարող է մեղմացվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024