Վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը որևէ գանգատ կամ ախտանիշ չի առաջացնում:
Սակայն հազվադեպ որոշ հանգույցներ կարող են հասնել այնքան մեծ չափերի, որ՝
- շոշափվեն
- դառնան տեսանելի, հաճախ որպես պարանոցի հիմքի այտուցվածություն
- ճնշեն շնչափողը կամ կերակրափողը՝ առաջացնելով դժվարաշնչություն կամ կլման դժվարացում:
Որոշ դեպքերում այս հանգույցներն արտադրում են լրացուցիչ թիրոքսին (Т4)՝ հորմոն, որն արտադրվում է վահանաձև գեղձում: Թիրոքսինի հավելյալ քանակությունը կարող է առաջացնել վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրության (թիրեոտոքսիկոզ կամ հիպերթիրեոզ) ախտանիշներ, օրինակ՝
- անբացատրելի քաշի կորուստ
- գերքրտնոտություն
- դող (տրեմոր)
- նյարդայնություն
- հաճախացած (տախիկարդիա) կամ անկանոն (առիթմիա) սրտազարկ:
Վահանաձև գեղձի հանգույցների միայն չնչին մասն է քաղցկեղային։ Այնուամենայնիվ, միայն ախտանիշների գնահատմամբ հնարավոր չէ պարզել, թե որ հանգույցն է քաղցկեղային: Վահանաձև գեղձի քաղցկեղային հանգույցների մեծ մասն աճում է դանդաղորեն և բժշկի կողմից հայտնաբերելիս լինում է փոքր չափերի: Շատ ավելի հազվադեպ հանգույցների ագրեսիվ քաղցկեղները դրանք դարձնում են մեծ, պինդ, անշարժ և արագ աճող:
Ե՞րբ դիմել բժշկին
Թեև վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը ոչ քաղցկեղային է և խնդիրներ չի առաջացնում, խնդրեք բժշկին, որ ստուգի պարանոցում առկա ցանկացած արտասովոր այտուցվածությունը, հատկապես, եթե ունեք շնչառության կամ կլման դժվարություն: Կարևոր է նաև, որ գնահատվի քաղցկեղի հնարավորությունը:
Դիմեք բժշկին, եթե զարգացել են թիրեոտոքսիկոզի (հիպերթիրեոզ) գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են՝
- հանկարծակի քաշի կորուստ, նույնիսկ եթե ախորժակը նորմալ կամ բարձրացած է
- սրտխփոց
- քնի դժվարացում
- մկանային թուլություն
- նյարդայնություն կամ գրգռվածություն:
Այցելեք բժշկին նաև այն դեպքերում, երբ ունեք վահանաձև գեղձի կողմից թիրեոիդ հորմոնների թերարտադրության (հիպոթիրեոզ) գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են՝
- մրսածության զգացողություն
- ավելի հեշտ հոգնածություն
- չոր մաշկ
- հիշողության խնդիրներ
- դեպրեսիա
- փորկապություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024